«ԱՅՍ
ՎԻՃԱԿԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ,
ԵԹԵ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
յումրի
կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի
25-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպեց պատերազմին
մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների
ու կամավորականների հետ:
Հանդիպմանը
մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս
Աջապահյանը:
Շնորհակալություն հայտնելով հայրենիքը պաշտպանելու եւ անձնուրաց
ծառայության համար՝ նախագահ Սարգսյանն ասաց, որ պատերազմում մեր
զինվորը չի պարտվել, մեր ժողովուրդը չի պարտվել: «Գիտեմ՝ շատ դժվար
ճանապարհ եք անցել. մարդ կա՝ տասն օրվա ընթացքում անցնում է տասը
տարվա ճանապարհ: Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական արհավիրքի, դժվարության
ու դժբախտության միջով է անցել,- շեշտեց նախագահը:- Այո՛, այս պատերազմում
մենք պարտվել ենք, բայց երբեք ձեզանից որեւէ մեկը թող իրեն պարտված
չզգա: Այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ եւ վերջնական
պարտություններ: Քսանվեց տարի առաջ հաղթել էինք եւ ամեն օր արթնանում
էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած
մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց՝ ինչ-որ տեղ պարտվեցինք եւ
շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք
հաղթել եք:
1994-ին
հաղթեցինք, որովհետեւ շատ շուտ կամավորներից բանակ դարձանք, որովհետեւ
ոգին նույնն էր, բայց թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ
ու պատրաստությամբ, որովհետեւ այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ
եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան
գեներալներ, գնդապետներ, մայորներ եւ կամավորական հսկա ուժից սարքեցին
բանակ:
Անցած տարիների ընթացքում պետք է պատրաստվեինք պատերազմին: Չգիտես
ինչու, հավատացել էինք, որ այլեւս պատերազմ չի լինելու այն դեպքում,
երբ թշնամին ամեն օր մեր սահմանի մյուս կողմում պատրաստվում էր պատերազմի
եւ չէր թաքցնում դա:
Իմ խորհուրդը ձեզ հետեւյալն է՝ ձեր կյանքն առջեւում է, եւ գուցե
մի ուրիշ պատերազմ էլ է լինելու, ուր պետք է հաղթեք: Նորից եմ ասում՝
չկա վերջնական պարտություն, եւ դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին
նույն տեղում է, եւ ձեզ նման հարյուրավորներ, հազարավորները կան:
Ժողովուրդը չի պարտվել»:
Նախագահը
նշեց, որ պետության պարտավորությունն ու բոլորիս պարտքն է հոգ տանել
պատերազմում զոհված հերոսների ընտանիքների, ինչպես նաեւ վիրավորված,
հաշմանդամություն ստացած զինծառայողների ու կամավորների մասին: Արմեն
Սարգսյանն ընդգծեց, որ հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստակամ
է հնարավորինս աջակցել նրանց խնդիրների լուծմանը: «Ձեր կյանքը դեռ
առջեւում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք:
Ձեզանից յուրաքանչյուրն ընտանիք ունի, եւ այդ ընտանիքն ինչ-որ իմաստով
նաեւ բախտավոր է, որ վերադարձել եք տուն»,- նշեց նախագահը՝ միաժամանակ
վերստին իր խոնարհումը հայտնելով պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
«Ձեր ընտանիքներին ուշադրություն դարձրեք՝ տատիկ-պապիկներից մինչեւ
երեխաներ: Դա շատ կարեւոր է: Երկրորդ՝ գտեք ձեր կյանքը, ձեզանից
ամեն մեկն ինչ-որ մասնագիտություն ունի կամ դեռ սովորում է: Մենք
նախագահականում նախորդ ապրիլյան պատերազմից տղաներ ունենք, որ մեզ
մոտ աշխատում են: Դուք չեք պարտվել, եւ ձեր կյանքն ու հաղթանակներն
առջեւում են»,- հավելեց նախագահ Սարգսյանը:
Այնուհետեւ հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքներին առերեսվելու ենք
երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք
եւ խորը վերլուծության ենթարկենք, սթափ ու ճշգրիտ գնահատենք իրավիճակն
ու մեր հնարավորությունները, ընդունենք առկա իրողությունները եւ
մտածենք ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու արդյունավետ
ճանապարհների մասին:
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշեց, որ հիմա
ժամանակը չէ սեւերի եւ սպիտակների բաժանման, եթե պետք է գույն ընտրենք,
ապա այդ գույնը եռագույնը պետք է լինի»:
«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք. ես՝ ձեզ
հետ, դուք՝ ինձ հետ: Դժվար է, բայց առաջին անգամը չէ, որ դժվարություններ
ենք տեսնում,-ասաց նախագահը՝ հիշատակելով 1988-ի երկրաշարժը:- Այնպես
որ պինդ եղեք, բոլորիդ առողջություն եմ մաղթում»:
Զինծառայողների հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը, Միքայել Սրբազանի
եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելեց Սուրբ
Ամենափրկիչ եկեղեցի:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
>>>
|
|