Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

«ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ ԵՒ ԲՆԱԿԵԱՑ Ի ՄԵԶ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին Իւր Միածին ետ.
զի ամենայն որ հաւատայ ի Նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս»:
ՅՈՎ. Գ 16

ամայն քրիստոնյա աշխարհում հոգեւոր ուրախությունների սկիզբը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է, որ կարգեց Ս. Հակոբոս Առաքյալը: Մարդ արարածը երկրի վրա միշտ որոնել ու որոնում է ճշմարտությունը, բայց այն մարդկությանն է պարզվել աստվածային բարձունքներից՝ բեթղեհեմյան աստղալույսով առաջնորդվելով դեպի սուրբ այրի մեջ ծնված Հիսուս Մանուկը: Քրիստոսի հրաշափառ Ծննդյամբ աշխարհը ողողվեց Աստվածային Լույսով, մեկ անգամ եւս Աստված ժպտաց մարդկությանը մանկան անմեղ ժպիտով, վերահաստատեց մարդու մեջ Իր աստվածային պատկերը, որ եղծվել էր Ադամով: «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» է Փրկչի ծնունդը:

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ՔՈ, ՏԷՐ»

Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց եւ, որպես մանուկ ծնվելով քարայրում, աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգեւոր բարիքներով: Տիրոջ Ծննդյամբ եղավ նաեւ Նրա Հայտնությունը, եւ Աստված, Սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երեւաց: Այդ պատճառով էլ Պողոս Առաքյալն ասում է. «Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ. Բ 11): Քրիստոսի Մկրտությամբ Հայտնություն եղավ, քանզի հայտնի դարձավ կուսածին Մարդու՝ Հիսուսի Աստվածությունը, Ում մկրտեց Հովհաննեսը եւ Քրիստոս անվանեց: Այս մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին եւ Հովհաննես Մկրտիչը: Այդ նույն օրը հայտնվեց նաեւ Երրորդության խորհուրդը՝ Որդու մկրտությամբ, Հոր ձայնով եւ Սուրբ Հոգու աղավնակերպ էջքով, որ մինչ այդ պահը ծածկված էր մարդկանցից:

Ժամանակի հավիտենական պտույտն անիմաստ կլիներ, եթե մարդկային կյանքը չիմաստավորվեր մեծ ու սքանչելի խորհրդով: Արդարության Արեգակը՝ Հիսուս Քրիստոս, իբրեւ մարդու Որդի աշխարհ եկավ, որ մենք՝ մեղանչական արարածներս, ծնվենք որպես Աստծո որդիներ: Սուրբ Ծննդյան խորհուրդն աղոթքի նման է տարածվում աշխարհի վրա՝ սփռելով լույս, խաղաղություն, անդորր: Իսկ Ս. Ծննդյան արեւածագը հույսի ու նորոգման վաղորդայնն է, երբ մեր հոգնած եւ տկարացած հոգիներն ուժ ու եռանդ են ստանում աստվածային անշեջ լույսից՝ նոր տարի մուտք գործելով բեթղեհեմյան պայծառ աստղի առաջնորդությամբ: Հույս է ճառագում երկինքը, իսկ «հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռովմ. Ե 5): Հավատի լույսով եւ փրկության հույսով է բացվում երկինքը, եւ ծագում Արեգակը խաղաղության, եւ մենք՝ հավատացյալներս, ծնկած հովիվների կողքին, ասես լսում ենք հրեշտակների երգը. «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն եւ հաճություն մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Եվ հավատում ենք, որ մեր կյանքի «գիշերն անցավ, եւ ցերեկը մոտեցավ» (Հռովմ. ԺԳ 2), քանզի «…Աստծո արքայությունն ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով» (Հռովմ. ԺԴ 17):

«ԶԻ ԾՆԱՒ ՄԵԶ ԱՅՍՕՐ ՓՐԿԻՉ»
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 5-ին՝ երեկոյան ժամերգության ընթացքում, նախնյաց ավանդույթի համաձայն, խորհրդին հատուկ արարողակարգով վառվեցին հայոց եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող բեթղեհեմյան լուսաշող աստղը: «Որպես մեծ աստղդ, որ գիսաւոր կոչի, յորժամ երեւին որ իմն նշանակէ, առաւել եւս հրաշափառագոյն աստղ երեւեցաւ ի ծնանել Փրկչին, կամ հրեշտակ իսկ երեւեալ ի նմանութիւն աստեղ» (Ստեփանոս Սյունեցի): Մինչ Պատարագը կատարվեց երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետեւ չորս սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզով ներկա հավատացյալներին դիմեց պատարագիչ Հայր Սուրբը՝ ի մասնավորի նշելով, որ Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա Աստծո մոտ հասնել…: Ահավասիկ Քրիստոս եկավ աշխարհ Բեթղեհեմի սուրբ այրի մեջ, որպեսզի ազատի անիծված նախամարդուն եւ աշխարհը: Յուրաքանչյուր քրիստոնյա, ամեն բանից առաջ, պետք է երկրպագի նորածին Քրիստոսին, ինչպես հովիվներն ու մոգերը, ովքեր, թողնելով ամեն ինչ, գտան Քրիստոսի ծննդյան վայրը եւ իրենց հարգանքն ու երկրպագությունը մատուցեցին Նրան: Հայր Սուրբը նշեց նաեւ, որ Քրիստոսի ծննդյամբ ողջ մարդկության համար երկնքից խաղաղություն բերվեց: Վերջում Հայր Ավետիքը հորդորեց հավատացյալներին անձանձրույթ կերպով աղոթել եւ անդադար փառաբանել Աստծուն, ապաշխարել եւ մեղք չգործել, որպեսզի կարողանանք ժառանգել հավիտենական կյանքն ու երկնքի արքայությունը:

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ»

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին իր սուրբ խորաններից ավետեց մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը, զանգերի արծաթաձայն ղողանջներով հնչեցրեց մեծ ավետիսը մարդկության փրկության շնորհի եւ վերստին հրավիրեց «մսուրը» Բեթղեհեմի: Ս. Յոթվերքում մատուցվող Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ, ինչպես նաեւ Շիրակի մարզի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս Սուրբ Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

«ԱՅՍՕՐ ԳԱԼՈՎ ՀՈՐԴԱՆԱՆ ՍՐԲԵՑ ՋՐԵՐԸ…»

Սուրբ Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որը Քրիստոսի Մկրտության խորհուրդն ունի: Հավարտ Աստվածահայտնության սրբազան արարողակարգի, հանդիսապետությամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելայնի, հոգեւորականաց հանդիսավոր թափորը, ինչպես նաեւ հավատացյալների հոծ բազմությունը Ս. Աստվածածին եկեղեցուց ուղղվեցին դեպի Վարդանանց հրապարակ, ուր բարձրացված բեմահարթակի վրա, ի հիշատակ Քրիստոսի Հորդանանում մկրտության, կատարվեց Ջրօրհնյաց կարգ՝ խաչքավորությամբ Հովհաննես Տոնոյանի:

Հանդիսավոր արարողության ընթացքում ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, աղոթքներ՝ խնդրելով մարդասեր Տիրոջը, որ Նա Միածնի շնորհներով ջրին տա Հորդանանի օրհնությունը, Սուրբ Հոգին իջնի այդ ջրի վրա եւ այնտեղ մկրտվողները լինեն ճշմարտության ու լույսի որդիներ: «Ով զարմանալի» հոգեզմայլ շարականի երգեցողությամբ, բերվեց մյուռոնաթափ աղավնին: Հանդիսադիր Տեր Հայրը, «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողությամբ սրբալույս Մյուռոնը կաթեցրեց ջրով առլեցուն կաթսաների մեջ, ապա, արդեն ջրում գտնվող, խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանեց եւ տվեց օրվա խաչքավորին: Վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին եւս հնչեղ ղողանջեցին Գյումրու եկեղեցիների զանգերը՝ հավատացյալ գյումրեցիներին կանչելով հոգեհանգստյան Սուրբ Պատարագի: Առաջնորդանիստ մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները