ՆՌՆՕՐՀՆԵՔ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի
մասում
մանված կապույտ, ծիրանի եւ կարմիր թելերով եւ նրբահույս
նռան ծաղկաբողբոջներ կգործես»:
Ելք ԻԸ 33
 Արդեն
յոթերորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի
բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում
հաստատվել է եւս մեկ բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որ
կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը՝ գոհաբանական
մաղթանքից հետո:
Տակավին նախաքրիստոնեական ժամանակաշրջանում նուռը, իր խորհրդանշական
իմաստով, եղել է նաեւ հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ եւ պատկերվել
հայկական մշակույթում ու արվեստում: Բնական է, որ նուռը, որպես վերաիմաստավորված
խորհրդանիշ, ընդգրկվեր քրիստոնյա Հայաստանի խորհրդանշային համակարգի
մեջ:
Նուռն ունեցել է նաեւ առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա: Դա մեծապես
պայմանավորված է եղել վերջինիս գունային երանգներով (մուգ մոշագույնից
մինչեւ բաց կանաչավարդագույն), յուրօրինակ ծավալաձեւով, բազմահատիկների
«ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ: Ըստ հին հույների՝
նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության
հովանավոր Դիոնիսոսի արյան միջից եւ փյունիկցիների համար ունեցել
է կենաց ծառի խորհրդանիշ:
Քրիստոնյաների համար նուռը խորհրդանիշն է Քրիստոսի Եկեղեցու: Նռան
բազմաքանակ եւ իրենց գեղեցկությամբ մեկը մյուսից տարբեր հատիկները
նմանեցվում են, Քրիստոսի կենարար արյամբ փրկագնված եւ քրիստոնեական
սիրով իրար միացած, անհամար հավատացյալներին:
Հայոց
Եկեղեցու աստվածաբանական միտքը կատարել է նաեւ նռան մեկնաբանությունը,
որը տեղ է գտել նախ եւ առաջ Ս. Ավետարանի խորանների մեկնություններում,
որոնք հեղինակել են Ստեփանոս Սյունեցին, Ս. Ներսես Շնորհալին, Ս.
Գրիգոր Տաթեւացին, ինչպես նաեւ ԺԱ-ԺԵ դարերի անանուն հեղինակները:
Նռան հատիկները խորհրդանշում են անձի առաքինական գործերը. ինչպես
նռան հատիկներն են անտեսանելի՝ կեղեւի պատճառով, այնպես էլ առաքինությունները
պետք է ծածկված լինեն մարդկանցից եւ միայն Աստծուն լինեն տեսանելի.
«…Աստուծոյ ընտրեալները դոյզն-ինչ բարի գործեր երեւելիով են ցոյց
տալիս, իսկ ներսում՝ սրտի եւ մտքի մէջ, առաքինութեան եւ աստուածասիրութեան
անչափ ամբարումները լռութեամբ ծանուցում» (Նարեկացի), նաեւ՝ «Ինչպէս
նուռն է պահում պտուղը կեղեւի տակ, այնպէս էլ պէտք է ծածկել առաքինությունները,
որոնք Աստուած տեսնում է եւ յայտնապէս հատուցում» (Հիպողիտոս): Ուստի
եւ հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է եւ
հոգեշահ: Արդ, «ըմպենք նռնենիների հոգեւոր օշարակը, քանզի այն անուշահամ
է եւ բժշկարար, եւ միայն այդպես է աճում Աստուծո ներկայությունը
մեր մեջ» (Ս. Գրիգոր Նարեկացի):
31 դեկտեմբերի: Ճիշտ ժամը 00.00-ին Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան,
Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Մարալիկի Ս. Աստվածածին ու Ս.
Հակոբ եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ: Ս. Յոթվերք մայր
եկեղեցում այն կատարվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Բարեպաշտական
արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:
Ի դեպ՝ արարողակարգի համար նախատեսված նուռը Ս. Աստվածածին եկեղեցուն
էին ընծայել Հովհաննես եւ Արմեն Տոնոյանները:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
>>>
|
|