Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

իրելինե՛ր,

Անցավ 2020 թվականը, մեզ՝ ապրող սերնդի համար վստահաբար ամենածանր, ամենադժվարին, ամենադժբախտ եւ ամենասոսկալի տարին, որի հնարավորությանը մեր երեւակայությունն անկարող կլիներ հասնել երբեւիցե:

Ուրախ սրտով եւ լավագույն սպասումներով ողջունեցինք 2020-ը, որը, սակայն, ցավոք սրտի իր հետ բերեց աննախադեպ համավարակ՝ հազարավոր մեր հարազատների եւ բարեկամների կորստյան ցավով, ապա սոսկալի ու դաժան պատերազմ՝ դարձյալ հազարավոր մեր լավագույն երիտասարդների զոհաբերությամբ ու նահատակությամբ, հազարավորների ֆիզիկապես ու հոգեպես խեղումներով եւ մեր սիրելի ու համբուրելի հայրենիքի զգալի մասի հանձնումով անագորույն թշնամուն, որը դեռ հագեցած չէ մեր արյամբ:

Այո՛, մեր նորագույն պատմության ծանրագույն պահն ենք ապրում ազգովի: Թվում է, թե չկա եւ չի կարող լինել որեւէ հույս, որեւէ լույս… Սակայն կանգնած ենք 2021 թվականի սեմին եւ, սերունդների առջեւ ունեցած պատասխանատվության լիարժեք ու ամբողջական գիտակցությամբ, պիտի ցանկանանք ու պարտավոր ենք 2021-ով շրջել էջը խայտառակության, ստորացման ու նվաստացման եւ գնալ առաջ, առաջ եւ միայն առաջ՝ գեթ այս անգամ դաս քաղելով մեր, միայն մեր սխալներից, մեղքերից, թերացումներից, որի եւ միայն որի պատճառով հասանք նմանատիպ հանգրվանի:

Ուստի 2021 թվականը պետք է լինի նախ եւ առաջ սեփական մեղքի գիտակցության, զղջումի, ապաշխարության եւ, իբրեւ սրա անմիջական հետեւանք, հատուցման ու վերանորոգումի տարի, այլապես անիմաստ կդառնա մեր գոյությունն իբրեւ ազգ, եւ աննպատակ՝ մեր կայացումն իբրեւ պետություն:

Սիրե՛նք միմյանց, գեթ այսքան փորձություններից, զրկանքներից ու նեղություններից հետո սիրենք միմյանց, սիրենք մեր հայրենիքն ու մեր ժողովրդին առավել, քան ինքներս մեզ… եւ հաղթանակը մերը կլինի…

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները