Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

ախ ասեմ՝ Եսենինն իր պատկերացրածին համաձայն էր ակնկալում՝ մեկուսի հաղորդակցվել այս աղավաղված, ծուռ աշխարհի շտկումն իրականցնող Բարձրյալի հետ: Եվ հետո աստվածապաշտ հանճարը վերոհիշյալ միտքը բանաստեղծորեն վերարտադրում էր բացարձակապես յուրովի, խորհում այն մասին, որ, իր բառերով, «Քրիստոս նույնպես չի բացատրել կյանքի նպատակը»: Իրատեսորեն նայելով կյանքին եւ մարդուն՝ ասում էր. «Ես կրոնական մարդ եւ միստիկ չեմ: «Մահվան կնիքը ճակատին դրոշմված» բանաստեղծ հանճարի նման՝ երբեմն արտառոց հույզերին տեղիք տվող երիտասարդ հայ բանաստեղծին չպիտի պիտակավորել՝ որպես քրիստոնեական հավատի նկատմամբ անհատապաշտական վերաբերմունք դրսեւորողի: Անհատի աստվածն ամենքինս է, ամենքիս աստվածը՝ անհատինը:

* * *

Եկանք գլխավորին՝ այս անդրադարձը անկաշկանդ կերպով գրելուս առիթին: Առիթ, որին չանդրադառնալ, կնշանակեր իզուր տեղը ջուր ծեծել: Առիթ ասվածը չի բավարարի՝ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու խորանում տեսածս անմոռաց պատկերն ուրվագծելու համար: Ամենից առաջ հոգու խորանի՝ հոգեաշխարհի կենդանի արտացոլք էր այդ պատկերը: Հայացքը Հիսուս Քրիստոսի մեծամասշտաբ հարթաքանդակին՝ ինքնամոռաց, ծնկաչոք երկրպագողը Առաքելն էր… Աշխարհից, ինքն իրենից վերացած` ինչ-որ աղոթք էր մրմնջում: Ինչպե՞ս ասեմ, ի՞նչ բառերով… Շրջապատից անջատված երիտասարդ բանաստեղծի մրմնջոցը սովորական աղոթք չէր: Այն աստվածանվիրման լուսավառ, խաղաղամած խորհրդանշան էր` ո՛չ վրձնված կտավ, ո՛չ ձեռակերտ արձան, ո՛չ էլ անձեռակերտ գրական հուշարձան… ջերմեռանդ հույզեր ճառագող եւ թեթեւորեն վեր սահող կենդանի մարդու պատկեր: Պատրանք չէր տեսածս, այլ` իրողություն, որի ականատեսը լինելով` խիստ հուզվեցի: Քիչ անց Առաքելը, նիրհից արթնացողի պես, երկնքից երկիր իջավ, դուրս եկավ խորանից եւ, իրեն հավաքելով, վերցրեց պայուսակը, դուրս քաշեց ինչ-որ գիրք ու այն ներկայացրեց ընկերներին:

Ես, հետաքրքրությունից դրդված, հայացքս սեւեռել էի գրքի կազմին դրոշմված հայտնի նկարին, որ, 88-ի ահեղ երկրաշարժի առաջ բերած, մի արտառոց ավերակի պատկեր էր: Մի պահ աչքերիս առջեւ երեւակվեցին կորուսյալներիս հոգեցունց ուրվապատկերները: Ներըմբռնողական ինչ-որ զգացողություն ինձ հուշում էր, որ Առաքելը որսացել էր իր ձեռքի գրքին բեւեռված հայացքս: Չէի սխալվում: Նա դարձավ ինձ եւ հարցումս կանխեց. «Այստեղ մենք հաճախ ենք հանդիպում, ափսոս, որ մոտ ծանոթներ չենք: Ձեր գրականագետ լինելը գիտեմ, իմացել եմ, որ նաեւ բանաստեղծ եք: Ես էլ եմ ստեղծագործում: Դասականներից մեկի ասածի նման՝ բռնել եմ մի մեծ ստեղծագործության պոզերից, այն չափածո միստերիաների նմանողությամբ եմ շարադրում: Ցավոք երկար ժամանակով Հայաստանից բացակայելու եմ, թե չէ կուզենայի Ձեզ հետ գրքիս մասին կարծիքներ փոխանակել:

Այնուհետեւ շարունակեց անդրադառնալ ընկերների հետաքրքրությունը նույնպես շարժած գրքին: «Երեկ Երեւանում էի: ՀԳՄ հրատարակչության տպարանում բանաստեղծություններիս ժողովածուն է հրատարակվում: Այս գիրքը, որի կազմարարական աշխատանքը դեռ չի ավարտվել, ազդօրինակներից մեկն է, ինձ տվեց տպագրող վարպետը: Գիշերս կարդացի եւ… չզարմանաք` այն նորօրյա միստերիա գրելու վճռականությունս ամրապնդեց: Պետքական, ցավատանջ ապրումներից ծնված եւ ի խորոց սրտի առ երկինք հղված անկեղծ խոսք է, երկխոսություն Աստծո հետ»:

Եվ անսպասելիորեն գիրքը մեկնեց ինձ`ասելով. «ճիշտ կլինի,որ այն գտնի իրենով հետաքրքրվողին, առավել եւս երկրաշարժն ապրած գրականագետին»: Այնուհետեւ նույնիսկ շնորակալություն հայտնելու ժամանակ չտալով` երկու համագյուղացի ընկերներին շտապեցնելով` դուրս եկավ զանգակատան կողքի դռնից:

Երբ մտորումներիս հետ մենակ մնացի, մտա մոտակա զբոսայգի եւ, նստելով մի ստվերածածկ նստարանի, բացեցի Առաքելի` ինձ նվիրած գիրքը: Հանկարծակիի եկա` ձեռքիս իմ «Հետ դարձե՛ք, մարդկանց որդիներ կամ հոգեւոր երկրաշարժ» գրքի կիսակար ազդօրինակն էր: Իրոք անակնկալ էր, քանի որ գրողների միությունից ինձ ծանուցել էին, որ այն լույս էր ընծայվելու տարեվերջին՝ նախադեկտեմբերյան օրերին:

* * *

Առաքելից բաժանվելուցս տարիներ են անցել: Շատ, շատ եմ ափսոփում, որ այդ աստվածատուր շնորհների տեր մարդուն, դեռ չմտերմացած, կորցրի: Նրա մասին որեւէ հավաստի տեղեկություն չունեմ: Սփյուռքահայ մի զբոսաշրջիկ ինձ պատմեց Վենետիկում, Մխիթարյանների միաբանության հանրահայտ գրադարանում իրեն հանդիպած մի մագիստրոսի մասին, որը լատինատառ բնագրերով միջնադարյան միստերիական դրամատուրգիան էր ուսումնասիրում: Անունը, ցավոք, չէր հիշում: Հավանական է` այդ հետազոտող մագիստրոսը Առաքելն է եղել:

Շարունակելի

ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները