Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

Տոնախոսական

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ

«Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց,
ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել մոր որովայնում»:
ՂՈՒԿ. Բ 21

իսուս Քրիստոսի անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին: Այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:

Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին, ծնվելուց ութ օր հետո, թլփատել տալ, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի եւ աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաեւ անվանակոչությունը: Հրեական օրենքի համաձայն (Ծննդոց ԺԷ 12, Ղեւտացիներ ԺԲ 3)՝ Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, Մանկանը տարան տաճար, թլփատել տվեցին եւ անունը դրեցին Հիսուս:

Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի «ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն Նոր Կտակարանում նաեւ մկրտության խորհուրդ ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի՝ ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքր հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին եւ անվանակոչենք անարատ անուններով:

Հիսուս Քրիստոս թլփատության կարիք չուներ: Նրա թլփատությունը ոչ թե անհրաժեշտության, այլ հաստատված օրենքը հարգելու և կատարելու համար էր: Նա թլփատվեց, որպեսզի հաստատի Աբրահամի հետ Աստծո ուխտի ճշմարտությունը, որովհետև չգարշեց Իր իսկ դրած օրենքից, քանի որ այն մարդկանց համար դրեց: Հիսուս դրանով իսկ ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ: Նա հինն ամբողջովին կատարեց եւ ապա նորի սկիզբը դրեց, այսինքն՝ մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի Սկիզբն ու Վախճանը (Հայտնություն Ա 17) ոչ միայն ըստ Աստվածության, այլեւ ըստ մարդկության:

Սակայն Տերը մկրտությամբ արգելելով մարմնավոր թլփատությունը՝ փոխարենը տվեց հոգեւոր թլփատություն, որը մեզ համար օրինադրվեց Ս. Պողոսի միջոցով (Հռոմեացիներ Բ 29): Քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում նորադարձ հրեա քրիստոնյաները շարունակում էին պահել այդ սովորությունը, բայց Ս. Պողոս Առաքյալն արգելեց:

Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունն ու անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենն արտացոլված էր, սակայն վերահաստատվեց Տիրոջ Անվանակոչությամբ: Ժամանակն է, որպեսզի մենք եւս, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին, սրբերի աստվածադիր անուններին, Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակներին անվանակոչենք հենց այդ խորհրդով:

Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջանում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մեր զավակներին կոչենք սրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի:

Յուրաքանչյուր մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ, վերջապես, իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին:

Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առիթով, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Սուրբ Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվաններ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները