«ԽՈՍՏՈՎԱՆ
ԵՂԻՑՈՒՔ ԱՆՈՒԱՆ ՔՈՒՄ ՍՐԲՈՅ ԵՒ
ՊԱՐԾԵՍՑՈՒՔ ՅՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ
եկտեմբերի
7-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը
լիքն էր հավատավոր գյումրեցիներով, ովքեր ուխտավորաբար ներկա էին
մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր մատռան
հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ոչ միայն
ի Նա հաւատալ, այլեւ վասն նորա չարչարից» բնաբանով, ոգեշունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ առանձնակի անդրադարձ կատարելով նաեւ
օրվա սուրբգրային ընթերցվածին եւ մեկնելով տոնի խորհորդը:
Տեր Ստեփանոսն առանձնակի անդրադարձ կատարեց նաեւ Սրբի կերպարին,
քրիստոնեական հավատի ընդունմանը, օրինակելի վարքին: Սուրբ եւ ճշմարիտ
Մինասը՝ Քրիստոսի անարատ զորականը, ազգությամբ եգիպտացի էր եւ թագավորի
զորքում էր ծառայում: Դարձի գալուց հետո, երբ լսում է ամբարիշտների
հրամանը, դուրս է գալիս զինվորական ծառայությունից եւ բնակվում անապատում:
Հընթացս սրբազան արարողակարգի ներկա հավատացյալներն ստացան Սուրբ
Հաղորդություն:
Ի ԴԵՊ
Մատուռը կառուցվել է ծննդով գյումրեցի, այժմ Խաբարովսկ քաղաքում
բնակվող, գործարար Սամվել Սողոյանի բարերարությամբ: Այն գտնվում
է Գյումրու հյուսիսային կողմում, ձորի մեջ եւ վեր է խոյանում, բարեպաշտ
գյումրեցիների կողմից սիրված եւ ուխտատեղի դարձած, Սուրբ Մինաս մատուռի
տեղում: Այստեղ, ըստ ավանդության, ամփոփված են ճգնավոր Սրբի մասունքները:
Աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ կարմիր մաքուր տաշված
տուֆաքարով եւ մեկ կամարակապ մուտքով: Հյուսիսային կողմում ամփոփված
են Սրբի մասունքները՝ խաչքար տապանակով: Չորս սյուն ունեցող Սուրբ
Մինաս մատուռի գմբեթի թմբուկը գլանաձեւ է՝ ծածկված սրածայր վեղարով,
վրան խաչ: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով: Յուրաքանչյուր
խաչթեւի ճակատային մասում բացվում է մեկական կլորավուն լուսամուտ:
Հարավային պատի վրա կառուցման մասին արձանագրությունն է:
Աղոթատունն օծվել է ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանի:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|