Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

«ԸՆԴ ԼՈՒՍԱՓԱՅԼ ԶՒԱՐԹՆՈՑՆ ԶՅԱՐՈՒՑԵԱԼՆ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ…»
ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան,
եւ հոգւոյ բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նոցա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ Ս. Միքայելին, Ս. Գաբրիելին եւ մյուս հրեշտակապետերին ու հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացից հետո, նոյեմբերի 5-11-ն ընկած շաբաթ օրը: Սուրը ձեռքին ու կռվի պատրաստ… Միքայել հրեշտակապետը մշտապես այդպես է պատկերվում: Նա Սուրբ Գրքից հայտնի է իբրեւ Իսրայելի ժողովրդի իշխան, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես Հին Ուխտում, Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Հրեշտակների պաշտոնը, ըստ քրիստոնեական ըմբռման, Աստծո փառաբանությունն է, ինչը հաստատված է Աստվածաշունչ Մատյանով: Տիեզերքը լի է գաղտնիքներով, եւ հոգեւոր աշխարհը «խորհրդաւոր ու զարմանալի յօրինվածք ունի»:

Ուստի մենք չենք կարող տեսնել նրանց, բայց, ինչպես կարդում ենք Սուրբ Գրքում, նրանք տարբեր կերպարանքներով երեւում են մարդկանց:

ԲԱՌԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հրեշտակ նշանակում է պատգամաբեր, դեսպան: Հրեշտակները Բարձրյալի պատգամավորներն են, որ ուղարկվում են՝ փրկությունը ժառանգած ադամորդիներին սպասավորելու նպատակով: Առաքելական թղթում ասվում է. «Չէ որ նրանք սպասավոր հոգիներ են եւ ուղարկվում են նրանց համար, ովքեր ժառանգելու են փրկությունը (Եբր. Ա 14):

Հետեւաբար՝ հրեշտակները եւս հոգիներ են: Ըստ Ս. Հովհան Որոտնեցու՝ «հրեշտակներն են պարզ էություն անձնիշխան կարողությամբ: Մշտաշարժ, անձնիշխան կամքով, անմարմին, Աստծո սպասավոր, բնական, մտավոր, փոփոխելի, անմահ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ՝ չարի»: Նրանք ստեղծվեցին արարչագործության Բ օրը, այսինքն՝ աստղերից առաջ: Հոգեղեն այդ անսեռ էակները չունեն ոչ ծնունդ, ոչ էլ մահ:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Եկեղեցու Սուրբ Հայրերը երկնային այս էակների երեք դաս են մատնանշում: Յուրաքանչյուր դաս ունի երեք աստիճան: Ա դաս՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, Բ դաս՝ տերություններ, զորություններ, իշխանություններ, Գ դաս՝ պետություններ, հրեշտակներ, հրեշտակապետեր: Նրանցից ոմանք Սուրբ Գրքում հիշվում են անուններով՝ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, Բարաքիել, Անայել, Ուրիել, Դակուել, Ադոնիել, Փանուել, իսկ նրանց թիվը հազարք հազարաց է եւ բյուրք բյորոց, այսինքն՝ անթիվ, անհամար:

Օրինակ՝ Գաբրիել նշանակում է Աստծո պատկեր, կամ այր Աստծո: Հիշենք, որ Գաբրիել հրեշտակապետն էր, որ, հայտնվելով Դանիելին, մեկնեց վերջինիս տեսիլքը (Դան. Ը 16, Թ 21): Միքայել անունն ստուգաբանվում է հզոր կամ ով է նման Աստծուն՝ ըստ իր մարտնչող էության եւ զույգ Կտակարաններում հանդես է գալիս որպես երկնային զորական, Աստծո Եկեղեցու վերակացու եւ պաշտպան (Հայտ. ԱԲ 7):

Ռաֆայելը վեր է հանում մարդկանց աղոթքները, «մտնում սուրբ եւ փառավոր Աստծո մոտ եւ մատուցում Նրան» (Տոբ. ԱԲ 15): Եկեղեցու Հայրերի հավաստմամբ՝ այս հրեշտակապետերը կանգնում են Աստծո առջեւ: Ըստ Տաթեւացու՝ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որը նրան տրվում է դեռեւս մոր որովայնում, երբ ստանում է բանական հոգին: Առաջին երեքն ամենամերձն են Աստծուն եւ անմիջապես լցվում են Նրանից ճառագող շնորհներով: Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում: Նրանք իրենց շնորհի լույսն ստանում են առաջին դասերի միջոցով ու այն հաղորդում ստորիններին, իսկ վերջին երեքն առավել մերձ են մարդկանց: Վերեւի դասերից ստանալով շնորհ եւ զորություն՝ փոխանցում են մեզ եւ սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով հավատացյալներին առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետերն ու հրեշտակները: Աստծո կամքին հակառակվելը հրեշտակների համար եւս կորստաբեր է. «Անիծյալներ, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար» (Մատթ. ԻԵ 41): Հիսուս մատնացույց անելով մանուկներին՝ ասում է. «Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք, ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. ժԸ 1):

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի խնդրանքով արդեն մի քանի տարի է, ինչ ռուսական Ս. Միքայել Հրեշտակապետի անունը կրող մատուռում մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ նաեւ Շիրակի թեմի հոգեւորականների ձեռամբ:

Նոյեմբերի 7-ին աղոթատունը լեցուն էր գյումրեցի հավատացյալներով, ովքեր եկել էին ներկա գտնվելու մատուցվող Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հընթացս Սուրբ Պատարագի ներկա հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները