Յուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿ ՀԱՅ ՈՐԵՎԻՑԵ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ
ԱՇԽԱՐՀԻ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԵՆԸ ՉԷ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԿՈՉԸ

իրելի՛ եղբայրներ եւ քույրեր, սիրելի՛ հայորդիներ, մենք արդեն որակել ենք այս պատերազմն իբրեւ հայրենական պատերազմ: Հետեւաբար՝ այս հայրենական պատերազմին ամեն մեկս մեր անելիքն ունենք՝ զենքով, խոսքով, գործով. ամեն մեկս մեր տեղում, մեր դիրքի վրա: Ուստի եւ այսօր յուրաքանչյուրս զինվոր ենք, որովհետեւ այս թշնամին խտրականություն չի դնում մեզանից որեւէ մեկի նկատմամբ: Թշնամու համար մեկ է՝ իր դիմաց նորածին է, թե ծերունի, հաշմանդամ է, թե առողջ մարդ, կին է, թե երեխա, հոգեւորական է, թե քաղաքացիական անձ, քնած է, թե արթուն. նա հարձակվում է ամեն մեկի վրա, ով համարձակվել է հայ ծնվել, հայ լինել եւ հայ մնալ: Իսկ մենք ոչ միայն համարձակվել ենք, այլեւ պիտի լինենք եւ մնանք հայ: Հետեւաբար՝ չի կարող որեւիցե մեկ հայ որեւիցե անկյունում աշխարհի մտածել, թե այս պատերազմն իրենը չէ: Յուրաքանչյուրս պետք է լինենք զինվոր մեր տեղում, եթե անհրաժեշտ է՝ նաեւ ռազմաճակատում:

Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է երեք կարեւոր բան:

Առաջին՝ հզոր բանակ. ունենք հզոր բանակ, եւ ավելի պիտի հզորանա բանակը, որովհետեւ յուրաքանչյուր ընկած հայորդու արյան գինը պետք է մեզ կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության, ոչ թե խուճապի, ոչ թե տրտմության, այլ վրեժի եւ ցասման:

Երկրորդ՝ մենք պետք է ունենանք ամուր թիկունք, այն մարդիկ, ովքեր անհրաժեշտ են թիկունքում եւ անհրաժեշտ գործ են կատարում, պետք է մնան եւ, ազգ-բանակ հասկացողությամբ, զինվորի նման կատարեն իրենց պարտականություններն այնտեղ, որտեղ կոչված են իրենց պարտականությունը կատարելու: Ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում պետք է լինի անվերապահ հնազանդություն, աներեր հնազանդություն՝ եկած հրահանգներին, եկած հրամաններին, եկած կարգադրություններին: Ամեն մեկս մեր տեղում պետք է անենք այն, ինչը պարտավոր ենք անել, որպեսզի կայանա այն մտածումը, որ ասում էինք ազգ-բանակ: Եվ երբ ասում եմ ամուր թիկունք, ամուր թիկունքը միայն մենք չենք Հայաստանի Հանրապետության մեջ: Մեր ամուր թիկունքն սկսվում է Լոս-Անջելոսից եւ ավարտվում Սիդնեյում: Մեր թիկունքը շատ ավելի մեծ է, շատ ավելի տարողունակ, շատ ավելի հզոր եւ պետք է լինի շատ ավելի ամուր:

Եվ երրորդ՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է բացարձակ համերաշխություն, բացարձակ միաբանություն: Բոլոր տեսակի այլազան մտածումները պետք է մի կողմ դնել: Պետք է մտածել մեկ նպատակի շուրջ, եւ այդ նպատակն է հաղթանակ:

Ուրեմն՝ ի զեն, փառքն Աստծուն, կեցցեն մեր ժողովուրդը, մեր բանակը, մեր զինվորները, մեր մայրերը, ովքեր առյուծ զավակներ են ծնում եւ խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին. ամեն:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները