ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

Տոն առաջիկա

ԲԱՐԻ ԵՆ ԱՂՈԹՔՆԵՐԸ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՀԻՍՆԱԿԱՑ ՊԱՀՔ

րբ Աստված մարդուն ստեղծեց, դեռեւս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ 16-17):

«Պահքը դրախտում օրինադրվեց, եւ այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ եւ անմահ կյանք:

Պահքի օրերին հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ սնվում միայն բուսական կերակուրներով: Սակայն պահքի խորհուրդը այսքանով չի սահմանափակվում: Պահոց օրերին Եկեղեցին պատգամում է սնվել Կենդանի Հացով՝ Աստծո խոսքով: Սուրբ Գիրքը վկայում է. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մտթ. Դ 4): Մարդը հոգի է եւ մարմին. ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, այնպես էլ պահքը՝ հոգուն: Պահքի եւ աղոթքի ուժի ու զորության մասին վկայում է Սուրբ Գիրքը: Հիսուս բժշկում էր դիվահարների եւ Իր աշակերտներին էլ տվել էր այդ իշխանությունը: Բայց մի անգամ նրանք չկարողացան բժշկել դիվահարին, եւ երբ հիվանդի տերն այդ մասին հայտնեց Հիսուսին, Տերը պատասխանեց. «Սա այնպիսի դիվահարություն է, որ կարող է բժշկվել միայն աղոթքով եւ պահքով» (Մտթ. ԺԷ 20):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարվա մոտ կեսը պահոց օրեր են՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի եւ Քառասնօրյա կամ Մեծ պահքի՝ նախատեսված ապաշխարության համար: Ըստ առաքելական կանոնի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ, բացառությամբ Ս. Զատկից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ՝ ի հիշատակ Նրա խաչելության: Շաբաթապահք է կոչվում, քանի որ տեւում է մեկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տոների, ինչպիսիք են Վարդավառը, Վերափոխումը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը եւ այլն:

Ինչպես այսօր Քառասնօրյա կամ Մեծ Պահքի շրջանն ընդգրկում է Ս. Հարության տոնին նախորդող քառասուն օրերը, այնպես էլ քրիստոնեության վաղ շրջանում Ս. Ծննդյան տոնի համար նույնպես սահմանված էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ եւ սկսվում էր Ս. Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Ս. Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ եւ երրորդ շաբաթապահքերը նախորդում են Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի եւ Ս. Ծննդյան տոներին: Դրանք տեւում են մեկ շաբաթ: Սուրբ Ծննդյան տոնի շաբաթապահքն սկսվում է դեկտեմբերի 30-ին:

Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:

Պահքն ինքնամաքրման, աղոթքի, զղջման, մեղքերի գիտակցման եւ խոկման ընթացք է եւ հոգեւոր դաստիարակության լավագույն միջոց: Ս. Հովհան Մանդակունին պահք է անվանում նաեւ բերանի լռությունը, աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց եւ սիրտը պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաեւ չընկերանալը պատվի եւ իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը եւ չջանալ սեփական անձը ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է նաեւ խոնարհությունը, հնազանդությունն ու սուրբ սրտով բոլորին սիրելը: Նաեւ պահք է աղքատներին ողորմություն անելը: Այս է սուրբ եւ աստվածահաճո պահքը:

Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Ս. Ծննդյանն ու Աստվածհայտնությանը: Հիսնակի պահոց շրջանն իր լրմանն է հասնում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի եւ հունվարի 6-ի Ջրօրհնյաց Ս. Պատարագներով՝ նվիրված Քրիստոսի մկրտությանն ու Աստվածհայտնությանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները