ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ ԵԼ ԲԱՐԲԱՌ ՆՈՑԱ, ԵՒ ՄԻՇՏ
Ի ԾԱԳՍ ԱՇԽԱՐՀԻ ԵՆ ԽՕՍՔ ՆՈՑԱ»
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ

«Եւ կերպարանք երեսաց նոցա՝ կերպարանք մարդոյ եւ կերպարանք առիւծու
յաջմէ չորեցունց, եւ կերպարանք եզին եւ կերպարանք արծուոյ ի ձախմէ չորեցունց»:
ԵԶԵԿԻԷԼ Ա 10

վետարան բառը հունարեն Էվանգելիոնի թարգմանությունն է, որ նշանակում է բարի լուր: Խաչելության ու Հարության միջոցով Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի եւ մեղքի դեմ, ինչպես նաեւ Աստծու թագավորության հաստատումը Հիսուս Քրիստոսի միջոցով այն բարի լուրն էր, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունը եւ Առաքյալների քարոզությունը անվանվեց Ավետարան:

Ավետարանիչները Հիսուսի մասին եկեղեցական ավանդության հավաքողներն ու արձանագրողներ են: Աստված, կամենալով Իր սուրբ կամքը հայտնել մարդկությանը, ընտրեց Առաքյալներին, ովքեր եւ դարձան Նրա հայտնության վկաները, Նրա խոսքերի քարոզիչները: «Այս սրբազան հեղինակներից շատերը չափավոր կարողությնների տեր մարդիկ էին. եթե միայն իրենց սահմանափակ կարողություններին ապավինած լինեին, ոչ հստակորեն վերահասու կարող էին լինել իրենց գրած պատմություններին, ավանդած վարդապետութուններին, հայտնած բարոյական տեսություններին, ոչ էլ մանավանդ այնքան հեղինակությամբ պիտի կարողանային փոխանցել դրանք ուրիշներին» (Մաղաքիա արք. Օրմանյան): Ավետարանիչներն են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը: Ըստ իրենց Ավետարանների բովանդակության ու ուղղվածության՝ նրանք եկեղեցական նկարչության մեջ երբեմն պատկերվում են իրենց խորհրդանիշերով՝ Եզեկիել մարգարեի տեսիլքում նկարագրված քառակերպ կենդանիների պատկերներով:

Մատթեոսի խորհրդանիշը մարդն է, որովհետեւ նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի ազգաբանությունը եւ ցույց տալիս մարդեղացած Տիրոջ ազգակցական կապն Աբրահամ Նահապետի ու Դավիթ թագավորի հետ: Մարկոսինը համարվում է առյուծը, որովհետեւ իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին, Ղուկասինը ցուլն է, որովհետեւ իր Ավետարանն սկսում է Զաքարիայի քահանայագործության պատմությամբ, իսկ Հովհաննեսինը՝ արծիվը, քանզի իր Ավետարանի սկզբում արծվի պես նա ասես բարձրանում է երկնային ոլորտներն ու ներկայացնում Հիսուսի Աստվածությունը:

ՄԱՏԹԵՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Մատթեոսը Գալիլիայի Կափառնա քաղաքում ապրող մի մաքսավոր էր՝ Ղեւի անունով, որին նաեւ Մատթեոս էին կոչում: Նրա Ավետարանը հանդիսանում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ: Հիսուսի 12 Առաքյալներից է եւ, նախքան Քրիստոսին հետեւելը, մաքսավոր էր: Տիրոջ համբարձվելուց հետո գնաց քարոզելու Պաղեստինում: Մատթեոս Ավետարանչի մահվան մասին ստույգ տեղեկություններ չկան: Ոմանք ասում են՝ նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթեւաստանում:

ՄԱՐԿՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Բառնաբասի եղբոր որդին էր, բնիկ երուսաղեմցի: Համաձայն մի հին ավանդության՝ Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը: Նա աշակերտել է Պետրոս եւ Պողոս Առաքյալներին, Պողոսի հետ քարոզել Անտիոքում, Կիպրոսում, Ալեքսանդրիայում: Պետրոս Առաքյալի հորդորով՝ հենց Ալեքսանդրիայում էլ գրել է իր Ավետարանը:

ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Ծագումով հույն էր՝ Սիրիայի Անտիոք քաղաքից, ժամանակի ուսյալ ու զարգացած այրերից մեկը: Մասնագիտությամբ բժիշկ էր, պատմաբան ու նկարիչ: Ըստ ավանդության՝ վրձնել է Տիրամոր պատկերը: Եղել է Պողոս Առաքյալի աշակերտը, ում նահատակությունից հետո քարոզել է Իտալիայում, Գաղղիայում, Դաղմատիայում, Մակեդոնիայում, ուր եւ նահատակվել է: Նրա գրչին է պատկանում նաեւ «Գործք առաքելոց»-ը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Հին եկեղեցական ավանդությունը Հովհաննեսի Ավետարանը կոչում է «ոգեկան», իսկ մյուս երեքը՝ մարմնական եւ սա այն պատճառով, որ չորրորդ Ավետարանն ավելի բարձր է ու ոգեկան, քանզի Հիսուսի կյանքից վերցված դեպքերի շարադրությունը չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտությունն ու հավատքի վկայությունը: Գիտենք, որ նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր, նաեւ բարեկամական կապ են ունեցել:

Ըստ ավանդության՝ չորրորդ Ավետարանը գրվել է Եփեսոսում, Ա դարի վերջին: Իրինեոսն ասում է. «Ապա Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, այն, որ Նրա կուրծքն ընկավ, գրեց Ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Եվս. Ե 8-4), իսկ Կղեմես Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս ավետարաններում, գրեց վերջում ոգեկան ավետարանը» (Եվս. Զ 14-7):

Եկեղեցական ավանդությունն ասում է, որ, մահից հետո, Հովհաննես Առաքյալը նաեւ մարմնով վերափոխվեց երկինք՝ սուրբ Աստվածածնի նման: Այս Ավետարանչի կյանքի եւ մահվան պատմությունը մեզ բոլորիս հորդորում է, որ մենք էլ, երկրի վրա աստվածահաճո վարք ունենալով, ի վերջո արժանի լինենք երկնային արքայության: Հավելենք նաեւ, որ Հովհաննու Հայտնության գիրքը հայերենի է թարգմանվել ԺԲ դարում, Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ Մատյանների հայերեն թարգմանության մեջ: Եկեղեցական արարողակարգի ընթացքում, սակայն, Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին ոգեկոչեց հոկտեմբերի 17-ին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները