ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ՏՂԵ՛ՐՔ, ՁԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻ ՀՈՂՆ ԵՄ
ՀԱՄԲՈՒՐՈՒՄ, ԱՄՈՒՐ ՄՆԱՑԵ՛Ք»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԵՏ

Երկիր մոլորակը նախ ականատես եղավ, թե ինչպես Միջին Արեւելքում պայթեցվեց Տեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ափսոսանքով դիտեց, թե ինչպես Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, իսկ այժմ արդեն ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Արդյո՞ք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցինք Հայ առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

- Ես ավելի շուտ կասեի, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունների դեմ պայքար է մղում խավարի ուժ Թուրքիան: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխվել: Այս խավարամիտ ազգերին ո՛չ Եվրոպայի անդամ դառնալը, ո՛չ էլ Սովետական Միության աթեիզմը չփոխեց: «Թուրքը մնում է թուրք» հասկացողությունը հավիտենական ճշմարտության արժեւորում է ստացել: Աշխարհը պետք է հասկանա, որ թուրքն սպառնալիք է ոչ միայն քրիստոնեության, այլ առհասարակ ողջ քաղաքակրթության, մարդկային արժեքների համար: Կհասկանան` շատ լավ, չեն հասկանա, ինչպես ժողովուրդն է ասում, «ջհանդամին» հասկանան:

Հիմա մեզ է բաժին ընկել այս վիճակը, եւ մենք պարտավոր ենք եւս մեկ անգամ ապացուցել աշխարհին ու թուրքին, թե մենք ով ենք: Պետք է ապացուցենք մեկ անգամ եւս, որ հայն այս տարածաշրջանում եղել է եւ կմնա: Թուրքի համար սա գոյաբանական պատերազմ է. հայի գոյությունն է թուրքի գաղափարի դեմ: Թուրքը չի ուզում, չի կարողանում տանել հայի գոյությունը: Ամբողջ խնդիրը սա է: Թուրքը նպատակ է դրել ոչնչացնել հային աշխարհի երեսից, ոչնչացնել ոչ թե հայ ազգին, այլ առհասարակ հային առնչվող ցանկացած բան` մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային կոթողները:

- Սրբազան Հայր, այսինքն 1915 թվականի Ցեղասպանության կրկնության վտա՞նգ եք տեսնում:

- Իհարկե: Վտանգ չէ, ցանկություն ունեն: Այլ հարց է, որ նրանց դա չի հաջողվի: Հո անելով, ծրագրելով չի: Ինչու առաջին անգամը շատ կարողացան անե՛լ, որ երկրորդն անեն: Այո, գնացել, նստել են մեր հողերի վրա, բայց թուրքը շատ լավ գիտի, որ հայերը չեն համակերպվելու այդ վիճակի հետ: Թուրքը չի կարողանում մարսել արժանապատիվ հայ ազգի գոյությունը եւ այդ իսկ պատճառով էլ մեկ անգամ եւս փորձ է անում ոչնչացնել հային` որպես ազգություն, մշակույթ, ի վերջո` երկիր: Սա է ամբողջ հարցը: Հիմա եթե մենք ուզում ենք ոչնչանալ, կոչնչանանք, եթե չենք ուզում ոչնչանալ, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել: Իսկ եթե հարկ լինի, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք:

- Սրբազան, արդեն երկու շաբաթ եւ ավել մարտեր են ընթանում: Արդյունքում,
ցավոք, ունենք հարյուրավոր զոհեր...

- Առանց զոհերի, ցավոք, հնարավոր չէ: Կա՛մ պետք է մենք մեզ պաշտպանենք, կա՛մ հրաժարվենք պաշտպանվելուց եւ հանձնվենք: Կարծում եմ՝ այլընտրանք չկա: Սա պետք է հայ ազգի վերջին պատերազմը լինի: Մենք իրավունք չունենք այլեւս մեր սերունդներին հերթական պատերազմը կտակել: Սակայն եթե որեւիցե մեկը մտածում է, թե, ինչ-որ բան զիջելով, հնարավոր է խաղաղություն հաստատել, սխալվում է: Ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. «Եթե դու ուզում ես անարժանապատիվ խաղաղություն կնքել, ուրեմն կունենաս ե՛ւ անարժանապատիվ խաղաղություն, ե՛ւ պատերազմ»: Հետեւաբար՝ մենք այլընտրանք չունենք, ազգովի պետք է դուրս գանք եւ ազգովի էլ պետք է հաղթենք: Մահ կամ ազատություն կամ կյանք եւ ազատություն: Եթե հարկ է, ուրեմն պետք է մեռնենք, որպեսզի ապրենք, հայ ժողովուրդն ապրի, Հայաստանն ու Արցախն ապրեն: Յուրաքանչյուր զոհի համար մղկտում ենք, սրտներս մրմռում է, բայց ինչ արած:

- Սրբազան, ո՞րը պետք է լինի հոգեւորականների դերն այս ծանր իրավիճակում:

- Հոգեւորականներն ամեն մեկն իր տեղում մնում է: Անում է այն, ինչին կոչված է: Հիմա եթե պետք լինի գնալ ռազմաճակատ, բոլորս կգնանք, չկասկածեք:

- Ինքներդ պատրա՞ստ եք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգեւորականները:

- Ինչու ոչ, եթե պետք է, կգնամ: Կգնամ եւ եթե չկարողանամ ինչ-որ բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար: Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ, կգնամ՝ գոնե մի տասնութ տարեկանի համար զրահաբաճկոն լինելու:

- Վերջում ասացեք, խնդրեմ, Ձեր հայրական խոսքը մեր սահմանն անառիկ
պահող զինվորականներին` շարքայինից մինչեւ գեներալ:

- Ես իրենց ցավը տանեմ. տղե՛րք, ձեր ոտքերի տակի հողն եմ համբուրում, ամուր մնացեք, տղե՛րք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները