ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

ոկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց զորակցության աղոթք՝ հանուն Արցախի եւ հայրենյաց պաշտպանների:

Մարդաշատ էր նաեւ առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցին:

Հանուն Արցախի եւ հայրենյաց պաշտպանների համազգային զորակցության աղոթքի վերջում Միքայել Սրբազանն իր պատգամը հղեց ներկաներին:

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելինե՛ր, որ սպասում եք ձեր հայրերին, որդիներին, ամուսիններին, եղբայրներին, եւ հաճախ սպասողական վիճակը շատ ավելի ծանր է քան ռազմաճակատում գտնվելը: Այն սերունդը, որ մասնակցել է 1992-94 թվականների հաղթական պատերազմին եւ այսօր, տարիքն առած, չի կարողանում նետվել պատերազմի դաշտ, շատ լավ կհասկանա ասածս: Երբ այսօր իրենց որդիներն են այնտեղ, իրենց համար շատ ավելի դժվար է, քան այն ժամանակ, երբ իրենք էին ռազմի դաշտում:

Սեփական կյանքը տալը երբեմն շատ ավելի հեշտ է, քան սիրելիի՝ ամուսնու, որդու, ծնողի: Բայց այն ազգը, որի տղամարդիկ պատերազմի դաշտ նետվել գիտեն, իսկ կանայք աղոթել, հաղթանակի ազգ է, եւ այդ ազգին պարտվել չկա: Այս անցնող շաբաթվա ընթացքում ես հիացել եմ ձեզանով, սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր, որ գալիս էիք խումբ-խումբ կամ առանձին, չոր աչքով կամ թաց եւ ձեր աղոթքն էիք բարձրացնում ձեր ամուսինների, ձեր զավակների ձեր զինվորների համար, թեպետ նրանք մեր բոլորինն են: Ցանկացած մեկը, որ զոհվում է ռազմի դաշտում, մերն է, մենք մղկտում ենք ամեն մի զոհված զինվորի համար: Հաճախ ցույց չենք տալիս, որովհետեւ իրավունք չունենք շատ՝ մեր զգացմունքներն արտահայտելու, բայց մղկտում ենք յուրաքանչյուր զինվորի համար:

Ցավոք պատերազմն առանց զոհերի չի լինում եւ կլինեն մեր մեջ ոմանք, ովքեր այդ կսկիծը կապրեն, բայց բոլորս պիտի մասնակից լինենք այդ կսկիծին: Սակայն, փառք Աստուծո, պատերազմին բոլորը չեն զոհվում, այլ շատերը վերադառնում են հաղթանակած՝ հերոսի պսակը ճակատներին, թեեւ նահատակները հերոսի լուսապսակն ստանում են երկնքում: Այդ բանի հավատացողն ենք, այլապես ինչո՞ւ ենք տալիս մեր կյանքը, եթե չենք հավատում Աստուծո հատուցմանը: Ավետարանը շատ հստակ կերպով ասում է այդ մասին, եւ այդ ասածն ապացուցեց Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոս:

Չկա ավելի մեծ սեր, երբ մեկը կարողանում է իր կյանքը տալ դիմացինի համար, ուրիշի համար, իր հարազատի, բարեկամի եւ հայրենիքի համար: Հետեւաբար՝ հերոսի հետեւից, այո՛, պետք է ցավել, բայց վայնասուն դնել պետք չի: Շատ հաճախ, անցած պատերազմներին էլ, ես, երբ որ փորձել եմ մխիթարել սգավոր մայրերին, քույրերին, հարցրել եմ, թե ի՞նչ կգերադասեիք, կգերադասեի՞ք արդյոք, որ նա փախչեր ռազմի դաշտից եւ փախուստով իր կյանքը խնայեր: Դուք կարո՞ղ էիք հպարտանալ այդ մարդով՝ ասելով, որ ինքը փախավ ռազմի դաշտից եւ ողջ մնաց: Ոչ ոք չէր գերադասի, որ իր հարազատը, ամուսինը, որդին, ծնողը ռազմի դաշտից վախկոտի պես փախչեր եւ իր կյանքը խնայեր:

Ուրեմն՝ հերոսի մահը գերագույն սրբություն է: Գերագույն սրբություն է մահը հայրենիքի համար, հավատքի համար: Այո՛, մեծագույն ողբերգություն է, երբ զոհվում են 18-20 տարեկան մեր երեխաները, թոռները, բայց այս է մեր կացությունը, այսպիսի շրջապատում ենք մենք ապրում եւ այսպիսի շրջապատում պետք է պահենք մեր երկիրը, հայրենիքը, հավատքը, լեզուն ու մշակույթը: Սա թող վերջին պատերազմը լինի:

Մեր սերունդը ժամանակին պետք է ավարտին հասցներ այս պատերազմը, չհասցրեց ցավոք եւ այսօր հատուցում ենք մեր որդիներով: Եթե 1994 թվականին մեր սերունդն ավարտին հասցներ այս պատերազմը, այսօր մեր զավակների արյունը կխնայվեր: Հետեւաբար՝ այսօր պատերազմը պետք է հաղթական ավարտին հասնի, որպեսզի այս փոքր երեխաները, որ վազվզում են փողոցներում ժպտացող աչուկներով, 18-20 տարեկանում դարձյալ պատերազմի առջեւ չկանգնեն: Սա պետք է լինի վերջին կռիվը: Մենք դատապարտված ենք սա դարձնել համար վերջին կռիվը եւ հասնել վերջնական հաղթանակի: Եթե մի ազգ, որքան էլ փոքրաթիվ, կարող է իր բոլոր տղամարդկանցով նետվել ռազմի դաշտ, իսկ բոլոր կանայք աղոթք բարձրացնեն առ Աստված, այդ ազգին հաղթել հնարավոր չէ:

Քրիստոս երբ խաչ էր բարձրանում, կանայք կային, որ լացում էին: Տերն ասաց. «Մի՛ լացեք ինձ համար»: Նա գնում էր կյանքը տալու բոլորի փոխարեն, ոչ միայն բոլորի համար, այլ նաեւ բոլորի փոխարեն: Մեր զինվորները, որ զոհվում են, զոհվում են բոլորիս փոխարեն, որովհետեւ թշնամու գնդակը բոլորիս է ուղղված, թշնամու գնդակը չի նայում՝ իր դիմաց կանգնած է կին, թե տղամարդ, զինվոր, թե աշխարհական խաղաղ բնակիչ, հոգեւորական, թե բանվոր: Նրա գնդակն ուղղված է բոլորիս դեմ: Զինվորը, որ զոհվում է, զոհվում է բոլորիս փոխարեն, ինչպես Քրիստոս խաչի վրա զոհվեց բոլորիս փոխարեն: Ուստի Քրիստոսի խոսքին պետք է ականջալուր լինենք, որ ասաց. «Մի՛ լացեք Ինձ համար, այլ հպարտացեք Ինձանով, ուրախացեք Ինձանով, ցնծածեք Ինձանով, որովհետեւ Ես նախընտրեցի մեռնել, քան փախչել աղվեսի նման, առյուծի պես մեռնել, քան աղվեսի նման փախչել»:

Ցավելու առիթ ունենք, ողբալու առիթ չունենք, ժողովուրդ: Մենք այսօր աղոթեցինք, որ Աստված մեզ հաղթանակ պարգեւի: Այո՛, առանց Աստուծո հաղթանակ չի կարող լինել, եւ Աստված մեզ հաղթանակ տալու է, որովհետեւ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք: Նաեւ աղոթեցինք, որ մեր զոհերը հնարավորինս քիչ լինեն, մեր մայրերը հնարավորին չափ քիչ արտասվեն եւ թող արտասվեն մյուս մայրերը: Մենք քրիստոնյա ենք, չէինք ցանկանա, որ մյուս մայրերն էլ լացեն, բայց նրանք են ընտրել իրենց ուղին: Նրանք չեն ուզում այս տարածաշրջանում տեսնել հայի ներկայությունը, հայի շունչը, հայի ոգին, հայի աղոթքը, հայերեն լեզուն: Իրենք են ընտրել մեզ ոչնչացնելու թվացյալ ճանապարհը եւ պետք է լացեն: Իսկ դուք մի՛ լացեք, դուք աղոթեք եւ նորանոր առյուծներ ծնեք:

Եվ իբրեւ վերջին հորդոր, սիրելի՛ կանայք, երբեք մի բավականացեք մեկ արու զավակով, առնվազն երկու արու զավակ յուրաքանչյուր ըտանիքում պետք է ծնվի: Չի կարող, հայն իրավունք չունի ունենալ մեկ արու զավակ: Պետք է ունենաք բազում արու զավակներ, որովհետեւ այդ է հրամայականը՝ մեր շրջապատի կողմից մեզ պարտադրված: Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք, ովքեր այսքան ժամանակ բավականացել են մեկ արու զավակով, այլեւս մի արեք դա: Ձեզ Աստված տվել է որդեծնության շնորհ, որպեսզի շատ զավակներ ծնեք, շատ զինվորներ ծնեք կամ զինվորների մայրեր ծնեք: Սա իբրեւ մնայուն հորդոր, որը կապ չունի պատերազմի հետ: Կանցնի պատերազմը, վաղը կլինի խաղաղություն, դարձյալ պիտի ունենաք զավակներ: Մի՛ ասեք՝ ինչպե՞ս մեծացնենք, ինչպե՞ս կերակրենք, ինչպե՞ս հագցնենք: Աստված կկերակրի եւ կհագցնի:

Ուրեմն՝ բոլորիս աղոթքը թող Աստված լսի ու կլսի իհարկե, բայց երբեք մեր աղոթքները թող չլինեն անձնակենտրոն: Երբեք մի աղոթեք միայն ձեզ համար, այլ աղոթեք բոլորի, բոլոր զինվորների, բոլոր հրամանատարների, ողջ ազգի համար: Թող մեր ազգից ընդհանրապես հեռացվի փորձության այս բաժակը, ոչ թե կոնկրետ այս կամ այն անձնավորությունից: Բոլորի համար աղոթեք եւ եթե ձեր հարազատներից որեւիցե մեկին դժբախտություն պատահի, մի խռովեք Աստծուց, շարունակեք աղոթել նաեւ նրա հոգու հանգստության, խաղաղության համար: Եթե աղոթում ենք միայն ստանալու համար, նշանակում է առեւտրի մեջ ենք՝ դու ինձ, ես քեզ: Չի կարելի Աստծո հետ լինել առեւտրի մեջ: Աստծուն պետք է աղոթել միշտ եւ անդադար, ինչպես Հոբն էր աղոթում նաեւ իր վշտի ու կարիքի մեջ: Երբ ամեն ինչ ուներ եւ հանկարծ զրկվեց դրանցից, նրա կողքի չակերտավոր իմաստունները հորդորում էին անիծել Աստծուն եւ փրկվել: Բայց նա չանիծեց Տիրոջը, այլ պատասխանեց՝ Տերը տվեց, Տերը տարավ, օրհնյալ լինի Տիրոջ անունը: Եվ Աստված հատուցեց նրան բազմապատիկ, հատուցեց նոր որդիներով, դստրերով, ողջ հարստությամբ եւ ունեցվածքով:

Օրհնյալ լինեք ամենքդ, օրհնյալ լինի հայ ժողովուրդը, օրհնյալ լինեն հայ մայրերը, համբուրում եմ յուրաքանչյուր հայ մոր ձեռքը, ով զինվոր է ծնել: Աստված օրհնի ձեզ:

Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք ի խաղաղութեամբ, եւ Տէր եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆԸ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները