Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ԾԱՌԱՅՔ ԱՆՊԻՏԱՆՔ ԵՄՔ, ԶՈՐ ԻՆՉ ՊԱՐՏ ԷՐ ԱՌՆԵԼ, ԱՐԱՐԱՔ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ
ԹԵՄԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ եւ հավատավոր հայորդի,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմն արդեն հարյուր տարեկան է... Ցավոք սա չի նշանակում, սակայն, թե Հայ Եկեղեցին Շիրակում հարյուր տարվա ներկայություն ունի, այլ պարզապես արձանագրում է, որ, ժամանակակից Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումներին համապատասխան, ստեղծվել է թեմ՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ալեքսանդրապոլ-Լենինական-Կումայրի-Գյումրի քաղաքը: Թեմն ստեղծվել է ծանր ժամանակահատվածում՝ 1920 թ. սեպտեմբերի 4-ին, երբ մի կողմից թուրքական զորքերը հերթական անգամ առաջ էին շարժվել եւ նուիյնիսկ գրավել Ալեքսանդրապոլը, իսկ մյուս կողմից էլ ահագնանում էր բոլշեւիկյան ներխուժման վտանգը: Եվ մնում է զարմանալ մեծանուն Գեւորգ Ե վշտալի Ամենայն Հայոց Կաթողիկոսի լավատեսության վրա...

Շիրակի թեմի առաջին հիսնամյակն ուղեկցվեց կորուստներով, զրկանքներով, հալածանքներով, եկեղեցականների գնդակահարությամբ եւ աքսորով, եկեղեցիների փակմամբ եւ ավերմամբ, եկեղեցական գործունեության խիստ սահմանափակումներով եւ պետական անվտանգության ծառայության անհարկի ու անիմաստ միջամտություններով: Հետեւաբար, զարգանալու փոխարեն, թեմը տեսավ իր կառույցների գրեթե բացարձակ ոչնչացումն ու կործանումը... Ուստի «դառնամ օղորմի տամ» չեկիստների կողմից գնդակահարված Արտակ եպս. Սմբատյանին, հալածանքներին չդիմացած եւ ընկրկած Աշոտ եպս. Շախյանին, հեռավոր Արխանգելսկի մարզ աքսորված եւ այնտեղ անշիրիմ ննջած Իսահակ եպս. Տեր-Միքայելյանին, իշխանությունների նկատմամբ հարկադիր զիջումների գնացած Արսեն արքեպս. Ղլտճյանին, բանտերի եւ աքսորների միջով անցած Սուրեն եպս. Թորոսյանին, նույն մամլակի միջով անցած Ռուբեն արքեպս. Դրամբյանին, Գարեգին Ծ. Վրդ. Տեր-Հակոբյանին, Գեւորգ Ծ. Վրդ. Վաթյանին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձված եւ, տիրող աննպաստ պայմամմերին հակառակ, եկեղեցական ասպարեզն ընտրած Կոմիտաս արքեպս. Տեր- Ստեփանյանին եւ Մաշտոց եպս. Թաջիրյանին, ովքեր Շիրակի թեմում «պլպլացող» հավատքի ճրագը վառ պահեցին այդ տարիներին՝ իրենց լծակից ու վշտակից քահանա հայրերի հետ միասին:

Աստծո անիմանալի նախախնամությամբ թեմի երկրորդ հիսնամյակը դարձավ նաեւ իմ կենսագրորւթյան անբաժան մասը, քանզի իմ գիտակցական կյանքի արշալույսը համընկավ երկրորդ հիսնամյակի սկզբի հետ: Տեսա նախորդ Առաջնորդների ջանքերն ու եռանդը, երբեմն հաջողված, սակայն, նաեւ թելադրված պայմաններով, հաճախ ձախողված փորձերը թեմի փակված եկեղեցիները բացելու, նոր հոգեւորականներ պատրաստելու եւ Եկեղեցու վարչական կառույցը կազմակերպելու ուղղությամբ: Ուստի աղոթքս է, որ Աստված իր լույս օթեւաններում ընդունի Նարեկ եպս. Շաքարյանի եւ Գրիգորիս արքեպս. Բունիաթյանի հոգիները, որոնց աշխատանքն ու օրինակն ունեցա իմ աչքի առջեւ՝ վերջին քսան տարում Շիրակի թեմի առաջնորդական գավազանը ձեռքումս ունենալով:

«Ծառայք անպիտանք եմք, զոր ինչ պարտ էր առնել, արարաք» սկզբունքով գործեցի եւ ես՝ իմ գործունեության գնահատականը թողնելով սերունդներին եւ գալիք առաջնորդներին...

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները