Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ԱՐԱ ԶՆՄԱՆՈՒԹԻՒՆ ՏԵՍԵԱԼ ՆՇԱՆԻԴ ԵՒ ԸՆԴԴԷՄ
ԹՇՆԱՄԵԱՑՆ ԿԱԼ ԻԲՐԵՒ ԶԴՐՈՇ ԱՆՊԱՐՏԵԼԻ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Առաջի պատուական ամենայաղթ Խաչի Քո անկանիմք երկրպագելով եւ խնդրեմք
զթողութիւն յանցանաց մերոց, քանզի սովաւ բարձեր զդատապարտութիւն ազգի
մարդկան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

արին չորս անգամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Խաչի՝ աշխարհի փրկության մեծագույն խորհրդանիշի տոնը: Խաչվերացը 7-րդ դարից ի վեր, սեպտեմբերյան այս օրերին, մեծ շուքով նշում է քրիստոնեական ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց», նշանակում է Խաչը վեր բարձրացնել:

ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Շուրջ 1400 տարի առաջ՝ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմի ժամանակ, Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց, Հերակլ կայսեր գլխավորությամբ, բյուզանդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաեւ հայկական զորագունդ, հաղթանակեց եւ վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհին անցավ նաեւ Հայաստանով, քանի որ այն սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս եւ ապա՝ Երուսաղեմ: Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես եւ Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկչական խաչը, փորձում էին մոտենալ, բայց քանի որ բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն:

Մեծ է խաչի խորհուրդը: Այն ոչ միայն Հիսուս Քրիստոսի կամավոր չարչարանքների ու զոհաբերական մահվան, այլեւ խաչին հետեւող, Հարության հավիտենական կնիքով դրոշմված մեր փրկության խորհրդանիշն է: Խաչն ու խաչելությունը չեն ենթարկվում մարդկային որեւէ տրամաբանության: Այդ էր պատճառը, որ ժամանակին Քրիստոսի խաչելությունը չընկալվեց հրեաների մեծամասնության կողմից: Միանշանակ, հոգեւոր իրողությունները, որ վեր են մարդկային սպասումներից ու ակնկալիքներից, Աստված հասանելի է դարձնում միայն հավատով լուսավորված մտքին ու սրտին: Հավատքն է դառնում այն զենքը, «որ հաղթում է աշխարհին» (Ա Հովհ Ե 5): Մենք խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության մի վայր, Տիրոջ սրբարան ու Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան:

Մարգարեն ձայնում է. «Քո աչքերի առաջ քո կյանքը մազից կախված կլինի, գիշեր-ցերեկ կզարհուրես ու վստահ չես լինի քո կյանքի համար» (Բ Օրինաց ԻԸ 66): Այդ կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է՝ անմահության պտուղը, որ կախված է խաչափայտից՝ կենաց ու անմահության ծառից: Խաչը նշանն է Քրիստոսի եւ մեր փրկության զենքը թշնամու դեմ: Այս վստահությամբ ու ոգով է ապրել հայ ժողովուրդը՝ տերունական խաչը դարձրած վահան փորձությանց դեմ, օրհնություն եւ պահպանություն իր կյանքի, իր հույսերի ու ձգտումների:

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 13-ի կիրակի օրը՝ Խաչվերացի տոնին, մարդաշատ էր Ս. Նշան եկեղեցին: Արդեն քսան տարի է, ինչ Առաջնորդ Սրբազանի բարձր կարգադրությամբ, Խաչվերացի տոնը հայտարարված է Ս. Նշան եկեղեցու ուխտի օր:

Այստեղ, տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում, ուխտավորաբար Ս. Նշան եկեղեցում գտվող, հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ «ՍՈՎԱՒ ԶԿԵԱՆՍ ՄԵՐ ՊԱՀԵԱ…»

Համաձայն Հայ Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում է խաչի թափոր ու անդաստան: Այս հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորեցի Կաթողիկոսը:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցուց տոնականորեն զգեստավորված հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Սուրբ Նշանը՝ զարդարված ռեհանի թփերով ու ծաղիկներով եւ, հանդիսապետ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի առաջնորդությամբ, ուղեւորվեց Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան: Թափորապետ Տեր Հայրը, բարձրացնելով խաչը, օրհնեց աշխարհի «արեւելյան կողմն ու հայոց հայրապետությունը, արեւմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը, հարավային կողմն ու անդաստանները եւ տարվա պտղաբերությունը, հյուսիսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այնտեղ բնակվող ժողովուրդներին»:

Յուրաքանչյուր կողմում կանգ առնելով՝ օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո, դարձյալ թափորով մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչի քո Քրիստոս երկիրպագանեմք» շարականը: Հավարտ երեկոյան ժամերգության վարդաջրով ցողված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին, որպեսզի դրանց հետ մարդիկ, իբրեւ Տերունական սրբարար ու փրկագործ մասունք, իրենց օջախները տանեն Սուրբ Խաչի օրհնաբեր զորությունն ու պահապան ամրությունը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 14-ին՝ առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները