Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ՇՆՈՐՀՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՄ ԶԻՆՉ ԵՒ ԻՑԵՄ ԵՒ, ՇՆՈՐՀՔ ՆՈՐԱ,
ՈՐ ՅԻՍ՝ ԸՆԴՈՒՆԱՅՆ ԻՆՉ ՈՉ ԵՂԵՆ...»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
(թեմը ղեկավարում է 1999-ի դեկտեմբերի 1-ից)


նվել է 1963 թ. Գյումրիում, մի ընտանիքում, որի նախնիները մեծ հետք են թողել հայոց պատմության մեջ: Միջնակարգ դպրոցն ավարտել եւ ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ուսումն ավարտել եւ 1987 թ. աշխատել է Կաթողիկոսի քարտուղարությունում:

1988-ին ձեռնադրվել է աբեղա եւ, ի պատիվ Ադանայի ջարդի ժամանակ նահատակված Միքայել Ծ. Վրդ. Աջապահյանի, վերանվանվել Միքայել: 1988-1989 թթ., Էջմիածնի Մայր Տաճարի ավագ լուսարարի պաշտոնին զուգահեռ, դասավանդել է Գեւորգյան ճեմարանում: 1989-ին հովվական ծառայության է կոչվել նախ Եղեգնաձորի Ս. Խաչ, ապա Գանձասարի վանքերում: Այդ ընթացքում ստացել է վարդապետական աստիճան: 1990-1991 թթ. աշխատել է Մայր Աթոռի նորաստեղծ ՔԴՔԿ-ում:

1990-1992 թթ. Գեւորգյան ճեմարանի փոխտեսուչն էր, միաժամանակ դասախոսություններ էր կարդում մի շարք առարկաներից: Ապա Մայր Տաճարի փոխլուսարարապետն էր եւ շարունակում էր դասախոսական աշխատանքը: Կարեւոր ներդրում է ունեցել կիրակնօրյա դպրոցների բացման եւ Եկեղեցու պատմության ուսուցիչների պատրաստման գործում: 1994-ին արժանացել է ծայրագույն վարդապետական աստիճանի: Եղել է կաթողիկոսական տեղապահ Տ. Թորգոմ արքեպս. Մանուկյանի, ապա Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի անձնական քարտուղարն ու գավազանակիրը: 1995-1997 թթ. աստվածաբանական կրթությունը շարունակել է Հռոմում՝ Պապական Արեւելյան ինստիտուտում եւ ստացել Արեւելյան եկեղեցական գիտությունների մագիստրոսի աստիճան:

Վերադառնալով հայրենիք՝ շարունակել է դասախոսական աշխատանքը, ղեկավարել ՀԱԵ միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատ եւ կարգ» հանձնաժողովի անդամ: 1999-2000-ին համատեղության կարգով եղել է Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի տնօրենը: Տարբեր տարիների ակտիվորեն մասնակցել է «Կիրակնամուտի խոսք», «Խորան լուսո», «Կանթեղ», «Սիրեցեք զմիմեանս» եւ այլ հեռուստատեսային հաղորդաշարերի, վարել հեղինակային «Ձայն բարբառո» շարքը: 1999-ի դեկտեմբերի 1-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 2001 թ. սեպտեմբերի 30-ին, Հայոց Հայրապետի կողմից ձեռնադրվելով եպիսկոպոս, դարձել Շիրակի թեմի Առաջնորդ: Արքության պատվի է արժանացել 2019-ին:

Տ. ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
(Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ 1878-1881 թթ.)


նվել է 1847 թ. Թիֆլիսում, սովորել տեղի դասական գիմնազիայում: 1872-ին ձեռնադրվել է վարդապետ, 1874-ին նշանակվել Գեւորգյան ճեմարանի ուսուցիչ: 1875-ին եղել է Արցախի թեմի առաջնորդ եւ դպրոցների տեսուչ: 1877-ին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ վանքի վանահայրությունը:

1878-ին նշանակվել է առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում: 1881-ին նշանակվել է Երեւանի փոխթեմակալ, 1882-ին ձեռնադրվել եպիսկոպոս: Ապա ղեկավարել է Աստրախանի, հետո Վրաստանի թեմը: 1907-ից կաթողիկոսական տեղապահն էր, իսկ 1911-ին ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1914-ի դեկտեմբերի 28-ին, նրա կոնդակով եւ անմիջական նախագահությամբ, ստեղծվեց եղբայրական օգնության կոմիտե:

1920 թ. օգոստոսի 31-ին Գեւորգ Ե Սուրենյանցն Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացրեց Երեւանից եւ ստեղծեց Շիրակի թեմ: Վախճանվեց 1930-ի մայիսի 8-ին, Էջմիածնում: Ամփոփված է Մայր տաճարի բակում:

Տ. ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ
(թեմում հայրապետական պատվիրակ 1934 թ.)


նվել է 1868 թ. Նոր Նախիջեւանում, սովորել նախ տեղի ծխական դպրոցում, ապա հոգեւոր սեմինարիայում: Բարձր առաջադիմությամբ ավարտել է Գեւորգյան ճեմարանը, ձեռնադրվել սարկավագ: 1889-1894 թթ. Լայպցիգի համալսարանում ուսանել է աստվածաբանություն եւ զուգահեռ սովորել նույն քաղաքի կոնսերվատորիայում:

Վերադառնալով հայրենիք՝ մեկ տարի Գեւորգյան ճեմարանում դասավանդել է երաժշտություն: 1913-ին ձեռնադրվել է վարդապետ եւ նշանակվել Նոր Նախիջեւանի առաջնորդական փոխանորդ: 1916 թ. արժանացել է ծ. վրդ. աստիճանի, ապա նշանակվել Սինոդի անդամ: 1917 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, դարձել Մայր Տաճարի լուսարարապետ: 1925 թ. ստացել է արքություն, իսկ 1927 թ. դարձել Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: Շիրակի թեմի հայրապետական պատվիրակն էր 1934 թ:

1938-ին Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո՝ մինչեւ 1941-ը, ղեկավարել է Հայ Եկեղեցու գործերը, 1941-ի ապրիլին Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել կաթողիկոսական տեղապահ: 1944-ին սկսել է հրատարակել «Էջմիածին» ամսագիրը: 1945 թ. հունիսին Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Վախճանվել է 1954-ին:

Տ. ԱՐՏԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏՅԱՆՑ
(թեմը ղեկավարել է 1920-1921 եւ 1928-1930 թթ.)


նվել է 1876-ի մարտի 19-ին, Հայաստանի Տավուշ գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան հոգեւոր դպրոցը: 1895-ին ընդունվել է Մայր Աթոռի միաբանների շարքը, իսկ 1896 թ. հունիսի 14-ին ձեռնադրվել սարկավագ:

1897 թ. ավարտել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը եւ հաջորդ ուստարում դասավանդել նույն կրթարանում: 1899-1902 թթ. հետեւել է Դորպատի համալսարանի դասընթացներին՝ որպես ազատ ունկնդիր: 1902 թ. Ղազար սարկավագը ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Արտակ: 1903 թ. ստացել է վարդապետական աստիճան եւ գավազան կրելու իրավունք: 1904 թվականից աշխատակցել է «Արարատ» ամսագրին: 1914 թ. հունվարի 30-ին նշանակվել է Ալեքսանդրապոլի վիճակի փոխանորդ: 1920 թ. օգոստոսի 31-ին Գեւորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացրել է Երեւանի թեմից եւ ստեղծել Շիրակի թեմ, որն Արտակ վրդ. Սմբատյանցը ղեկավարել է մինչեւ 1921 թ. սեպտեմբերի 9-ը: 1922-1927 թթ. Սյունյաց թեմը ղեկավարող Արտակ Սրբազանին Շիրակի թեմական պատգամավորական ժողովը միաձայն նորից ընտրել է թեմակալ առաջնորդ:

1929 թ. դեկտեմբերին թեմակալ առաջնորդի պաշտոնով հրավիրվել է Թիֆլիս: 1932-1935 թթ. պաշտոնավարել է Մայր Աթոռում, իսկ 1935 թ. սկզբներին նշանակվել Երեւանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ: 1937 թ. ապրիլի 13-ին Երեւանի առաջնորդարանում, ՆԳԺԿ պետանվտանգության վարչության աշխատակիցների կողմից, ձերբակալվել է: 1937 թ. օգոստոսի 31-ին ՆԳԺԿ տխրահռչակ եռյակի նիստում անհիմն մեղադրանքով որոշվել է նրան գնդակահարել, որն ի կատար է ածվել 1937 թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը 2-ին:

Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի անունն է կրում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը:

Տ. ԱՇՈՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՇԱԽՅԱՆ
(առաջնորդել է թեմը 1922-1924 թթ.)


նվել է 1898 թ.: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան հոգեւոր դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 1886 թ. նոյեմբերի 29-ին ձեռնադրվել է սարկավագ, 1890 թ. հոկտեմբերի 14-ին՝ աբեղա: Աշխատել է տարբեր թեմերում:

1893 թ. ստացել է վարդապետական աստիճան: Մայր Աթոռում վարել է զանազան պաշտոններ: Օծվել է եպիսկոպոս եւ 1922-ին դարձել Շիրակի թեմի առաջնորդ: Հարել է «Ազատ եկեղեցական» շարժմանը: Գեւորգ Ե Կաթողիկոսի կողմից կարգալույծ է արվել1924 թ.: Մահացել է 1926-ին:

 

Տ. ԻՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ- ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
(թեմն առաջնորդել է 1924-1928 թթ.)


նվել է 1868 թ. Արցախի Բանանց գյուղում, սովորել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան: Ձերբակալվել է 1936 թվականին: 1937 թ. հուլիսի 21-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ «եռյակի» որոշմամբ դատապարտվել է հինգ տարվա աքսորի:

Մահացել է 1938 թվականի մարտի 1-ին, աքսորավայրում:

 

 


Տ. ԱՐՍԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՂԼՏՃՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1941-1943 թթ.)


լեքսանդրապոլցի է, ծնվել է 1868-ին: Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա ավարտել Ներսիսյան դպրոցը (1894 թ.): 1907-1913-ին արտասահմանում ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն:

Շիրակի թեմի առաջնորդի պարտականություններն ստանձնել է 1941-1943 թթ.: Թեմը ղեկավարելուց զատ, վարել է նաեւ եկեղեցական այլ պաշտոններ: Հոգեւոր գործունեությանը զուգահեռ, Ղլտճյանն զբաղվել է նաեւ իրավագիտությամբ:

Հայտնի է որպես հայ հին իրավունքին (եկեղեցական ժողովներ ու կանոնական որոշումներ, ամուսնա-ընտանեկան իրավունք եւ այլն) նվիրված աշխատություններով: Հատկապես արժեքավոր են բաժինքի (օժիտ), տնփեսայության, գնմամբ ամուսնության, նշանադրության իրավահարաբերությունների մասին նրա գործերը: Մշակել է նաեւ հայ նահապետական ընտանիքի ճյուղագրությունը, փորձել տալ մեր ժողովրդի ընտանեկան իրավունքի համակարգը: Արիական եւ սեմական իրավունքների միջեւ եղած տարբերությունը Ղլտճյանը բացատրել է ռասսայական տարբերություններով: Մահացել է 1943 թ., Էջմիածնում:

Տ. ՌՈՒԲԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՐԱՄԲՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1945 թ.)


մենայն Հայոց Հայրապետության ազգընտիր տեղակալ Տ. Գեւորգ արքեպս. Չորեքչյանը 1945 թ. հունվարին Շիրակի թեմի առաջնորդ է նշանակում Տ. Ռուբեն վրդ. Դրամբյանին:

Ծնվել է Էրզրումի Հին Բայազետ գյուղում, սկզբնական կրթությունն ստացել «Միացյալ ընկերության» տեղի վարժարանում, ապա սովորել Գեւորգյան ճեմարանում: Երկար ժամանակ ծխական դպրոցներում զբաղվել է ուսուցչությամբ:

Եղել է քրդական այբուբենի ստեղծման հանձնաժողովի անդամ, ղեկավարել քուրդ ուսուցիչների առաջին դասընթացները, պատրաստել քրդական առաջին դասագրքերը, քրդերենի թարգմանել մի շարք գրքեր: Նա այդ լեզվով առաջին պիեսի հեղինակն է եւ առաջին թատերական խմբի ստեղծողը: 1944-ին ընդունել է հոգեւոր կոչում, հաջորդ տարի ձեռնադրվել եպիսկոպոս, աշխատել «Էջմիածին» ամսագրում:

Մեկ տարի ղեկավարելով Շիրակի թեմը՝ կարողացել է դրսեւորել իր կազմակերպչական ունակությունները, եւ 1946-ին Վեհափառ Հայրապետը նրան արդեն վստահել է Թեհրանի թեմի առաջնորդությունը: Վախճանվել է 1952-ին:

Տ. ԳԱՐԵԳԻՆ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1947-48 եւ 1950-1952 թթ.)


արեգին Ծ. վրդ. Տեր-Հակոբյանը (1881-1962) ծնվել է 1881 թ. հունիսի 21-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղում, քահանայի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի, ապա Երեւանի ծխական դպրոցներում: 1892 թ. ընդունվել է Թբիլիսիի Ներսիսյան դպրանոցը եւ 1898-ին ավարտել լրիվ դասընթացը: 1898-1900 թթ. պաշտոնավարել Է Մայր Աթոռում որպես Սինոդի գրագիր: Ապա տեղափոխվելով իր ծննդավայրը՝ 1902-1906 թթ. աշխատել է որպես ուսուցիչ:

1906 թ., ձեռամբ Տ. Հուսիկ արքեպս. Մովսիսյանի, ձեոնադրվել է քահանա եւ պաշտոնավարել զանազան շրջաններում: 1947-ին, որպես այրի քահանա, ընդունվել Է Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: 1947 թ. հուլիս ամսին արդեն Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին վարդապետ Հակոբյանը նշանակվել է Շիրակի թեմի ժամանակավոր փոխթեմակալ:

1949 թ. ապրիլի 2-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տոնի օրը, Լենինական քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Կարապետ եպս. Թումանյանը, մասնակցությամբ Տ. Սահակ Ծ. Վրդ. Տեր-Հովհաննիսյանի եւ Տ. Նիկողայոս ավագ քհն. Բավեյանի, ծայրագունության աստիճան է շնորհել Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին վրդ. Հակոբյանին: 1950-1952 թթ. կրկին ստանձնել է Շիրակի թեմը: 1953-1955 թթ. պաշտոնավարել է Բաքվում՝ որպես առաջնորդ: 1955-ին նշանակվել է Նոր-Նախիջեւանի եւ Հյուսիսային Կովկասի թեմերի առաջնորդ եւ պաշտոնավարել մինչեւ 1961 թվականը:

Մահացել է 1962 թ. մարտի 2-ին, սրտի երկարատեւ հիվանդությունից: Հուղարկավորությունը կատարվել է մարտի 31-ին:

Տ. ՍՈՒՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԹՈՐՈՍՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1948-1950 թթ.)


նվել է 1884 թ. Ալաշկերտում (Թոփրագ Կալե), գյուղական ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա ընդունվել Գեւորգյան ճեմարան, որն ավարտել է 1907-ին: 1907-1913 թթ. զբաղվել է ուսուցչությամբ:

1913-ին դարձել է կուսակրոն քահանա: 1913-1923 թթ. նշանակվել է Ամարասի վանքի վանահայր եւ մինչեւ 1943-ը միաժամանակ զբաղվել ուսուցչությամբ: 1943-1945 թթ. Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդն էր: 1945-ին ձեռնադրվել է եպիսկոպոս եւ նշանակվել Ռումինիայի թեմի առաջնորդ: 1947-1954 թթ. առաջնորդական պաշտոններ է վարել է Հյուսիսային Կովկասի, Բաքվի եւ Շիրակի թեմերում:

1955-ի մարտին Գերագույն հոգեւոր խորհուրդը, ընդառաջելով Շիրակի թեմի առաջնորդ Տ. Սուրեն եպս. Թորոսյանի խնդրանքին, ազատել է նրան առաջնորդական պաշտոնից: 1955-1962-ին, հիվանդության պատճառով, Սուրեն Սրբազանը մնացել է Մայր Աթոռում: Մահացել է 1962-ին: Հուլիսի 3-ին, Բաքվի հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է վերջին օծման արարողությունը: Աճյունն ամփոփվել է Բաքվի հայոց գերեզմանատանը:

Տ. ԳԵՎՈՐԳ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ ՎԱԹՅԱՆ
(Շիրակի թեմի Առաջնորդական փոխանորդ 1955 թ.)


եւորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի կարգադրությամբ, 1953 թ. հուլիսի 4-ին՝ շաբաթ օրը, կիրակնամտի ժամերգությունից հետո, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Վահան արքեպս. Կոստանյանն աբեղայության կոչում է շնորհում տիրացու Գեւորգ Վաթյանին: Նորընծան ավարտել Էր Գեւորգյան ճեմարանը, ապա Թբիլիսիի պետական համալսարանը եւ երկար տարիներ դասավանդել Վրաստանի հայկական դպրոցներում: 1953-ի հուլիսի 5-ին, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Տ. Վահան արքեպս. Կոստանյանը նորընծա Գեւորգ աբեղա Վաթյանին շնորհում է վարդապետական չորս մասնավոր աստիճան: 1953 թ. հուլիսի 12-ին՝ Հիսուսի պայծառակերպության տոնին, Մայր Տաճարում, հանդիսավոր Ս. Պատարագ է մատուցում նորընծա Տ. Գեւորգ վրդ. Վաթյանը: 1954 թ. ապրիլից «Էջմիածին» ամսագրում արդեն ստորագրում է Գեւորգ Ծ. Վրդ. Վաթյան: 1955 թ. մարտին ԳՀԽ, ընդառաջելով Շիրակի թեմի առաջնորդ Տ. Սուրեն եպս. Թորոսյանի խնդրանքին, ազատում է նրան առաջնորդական պաշտոնից եւ առաջնորդական փոխանորդ նշանակում Գեւորգ Ծ. վրդ. Վաթյանին: Գեւորգ Ծ. վարդապետը Շիրակի թեմը ղեկավարում է մինչեւ 1955-ի դեկտեմբեր ամիսը: Կարգալույծ է արվում ձեռամբ Վազգեն Ա Հայոց Հայրապետի:

Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ- ՍՏԵՓԱՆՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1956-1957 թթ.)


նվել է 1925 թ. Դամասկոսում (Սիրիա), ապա ծնողների հետ վերահաստատվել Ալեքսանդրետի Սովուգ-Սու գյուղում: Վաղ հասակից Ստեփանը (ավազանի անունն է) կորցրել է ծնողներին: 1938-89 թթ. ապաստան է գտել Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրետի ազգային Նուպարյան եւ Բեյրութի Աբգարյան վարժարաններում (1934-1940 թթ.): 1941 թ. ընդունվել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի ժառանգավորաց վարժարան եւ 1945-ին ձեոնադրվել սարկավագ:

1947 թ. օգոստոսին ներգաղթել է Հայաստան: 1948-ին, Գեւորգ Զ Կաթողիկոսի կարգադրությամբ, ընդունվել է որպես Մայր Աթոռի միաբան: 1951-ին աբեղա է ձեռնադրվել՝ վերանվանվելով Կոմիտաս: 1956 թ. հունվարից նշանակվել է Շիրակի թեմի աոաջնորդ: 1957 թ. եպիսկոպոս է ձեռնադրվել:

Կոմիտաս արքեպս. Տեր-Ստեփանյանն ի Տեր է հանգչել 1980 թ. դեկտեմբերի 8-ին, ծանր հիվանդությունից հետո, 55 տարեկան հասակում:

Տ. ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
(թեմը ղեկավարել 1957-1959 թթ.)


նվել է 1928 թ., Աշտարակի շրջանի Ուջան գյուղում: Միջնկարգ կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ընդունվել է ԵՊՀ:

Ավարտելով համալսարանի 2-րդ կուրսը՝ ընդունվել է նորաբաց Գեւորգյան ճեմարան: 1951-ին ձեռնադրվել է սարկավագ եւ կյանքը կապել Հայ Եկեղեցու հետ: Ավարտելով ճեմարանը՝ մեկնել է Մոսկվա՝ ռուսաց հոգեւոր ճեմարանում խորությամբ ուսումնասիրելու աստվածաբանական առարկաներն ու տիրապետելու ռուսաց լեզվին: 1954 թվականին՝ Ս. Խաչվերացի տոնին, Մայր Տաճարում, երեք ընկերների հետ, Հենրիկը ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Հետագայում նրան վստահվել է Շիրակի թեմի ղեկավարումը: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում դասավանդել է գրաբար:

Տ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1959-1960 թթ.)


նվել է 1929 թ. Էջմիածնում, ավարտել տեղի թիվ 1 միջն. դպրոցը, ապա վերաբացված հոգեւոր ճեմարանը՝ դառնալով նրա առաջին շրջանավարտներից մեկը: 1951-1952 թթ. սովորել է Զագորսկի (ՌԴ) հոգեւոր ակադեմիայում:

Վերադառնալով՝ դարձել է Մայր Տաճարի լուսարարապետի օգնական: 1954 թ. ձեռնադրվել է քահանա, ապա վարդապետ: Այդ ընթացքում ընդունվել եւ ավարտել է նաեւ Երեւանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, աշխատել Մատենադարանում: 1978 թ. նշանակվել է Ս. Գեղարդավանքի վանահայր: Միաժամանակ Մայր Աթոռ Ս. էջմիածնի ճեմարանում դասավանդել է «Հայ Եկեղեցու պատմություն»: 2000 թ. նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ:

 

Տ. ՄԱՇՏՈՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԹԱՋԻՐՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1960-1971 թթ.)


նվել է 1895 թ., Կեսարիա (Թուրքիա) նահանգի Կարմիր գյուղում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա 1912-1915 թթ. Կեսարիայի Ս. Կարապետ վանքին կից հոգեւոր դպրոցներում: Մի կերպ փրկվելով ցեղասպանությունից՝ բնակություն է հաստատել Փարիզում: Այստեղ հետեւել է իրավաբանական եւ պատմագիտական դասրնթացների:

1947-ին ներգաղթել է Հայաստան, բնակություն հաստատել Երեւանում եւ մինչեւ 1955 թ. իր մասնագիտությամբ աշխատել Երեւանի տարբեր հիմնարկներում: 1955 թ. եկել է Մայր Աթոռ եւ ձեռնադրվել աբեղա: 1956-1960 թթ. եղել է Մայր Աթոռի միաբանական սեղանատան վարիչը: 1959 թ. հոկտեմբերին պաշտպանել է ավարտաճառը եւ ստացել վարդապետական աստիճան:

1960 թ. ընտրվել է Շիրակի թեմի առաջնորդ: 1962-ի հոկտեմբերի 14-ին եպիսկոպոս է ձեռնադրվել: 1971 թ. նոյեմբերին Տ. Մաշտոց Սրբազանը հիվանդության պատճառով հրաժարվել է թեմական պաշտոնից եւ վերադարձել Մայր Աթոռ: Վախճանվել է 1973-ի ապրիլի 9-ի երեկոյան, երկարատեւ հիվանդությունից հետո, 78 տարեկան հասակում:

Տ. ՆԱՐԵԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՇԱՔԱՐՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1971-1990 թթ.)


րբ Դամասկոսից Արշավիրենց եղեռնապուրծ ընտանիքը 1946 թ. հայրենադարձվեց, նա 14 տարեկան էր: Դպրոցն ավարտելուց եւ երեք տարի բանակում ծառայելուց հետո, 1958-ին Արշավիր Շաքարյանը Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարան գնաց: Երկու տարի անց ձեռնադրվեց սարկավագ: 1961-ին ավարտեց ճեմարանը եւ մեկնեց Մոսկվա` Զագորսկի ռուսական մայրավանքում ուսանելու: 1962-ին վերադարձավ հայրենիք եւ, ձեռամբ Հայկազուն արքեպս. Աբրահամյանի, օգոստոսի 25-ին ձեռնադրվեց կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Նարեկ աբեղա: 1963-ին ստացավ վարդապետական մասնավոր աստիճան եւ լանջախաչ: 1966-ից մինչեւ 1972-ը, Ս. Գեղարդ վանքի վանահայրը լինելով, համատեղությամբ ղեկավարեց Ս. Էջմիածնի թանգարանն ու գրադարանը:

Նարեկ եպս. Շաքարյանը 1971 թ. դեկտեմբերի 1-ին նշանակվեց Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ: Ապա ձեռնադրվեց եպիսկոպոս եւ նշանակվեց Առաջնորդ Շիրակի թեմի: 1988-ի երկրաշարժի պահին Սրբազանը Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցում էր: Նարեկ եպս. Շաքարյանը, կյանքի 85-րդ տարում, հանգչեց ի Տեր 2017 թ. օգոստոսի 20-ին, Գյումրիում:

Տ. ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
(թեմը ղեկավարել է 1990-1997 թթ.)


նվել է 1946 թ. Էջմիածնում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի թիվ 1 դպրոցում: 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Ավարտելուց հետո սովորել է Զագորսկի (ՌԴ) հոգեւոր ճեմարանում, 1967-68 թթ. աշխատել «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում:

1969 թ. ծառայության է նշանակվել Օրջոնիկիձեի (Վլադիկավկազ, ՌԴ) հայոց եկեղեցում: 1969 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, դարձել Ռոստովի (ՌԴ) հայոց հոգեւոր հովիվը: 1971-0973 թթ. եւ 1975-1979 թթ. պաշտոնավարել է Ֆրանսիայի (Լիոն եւ Փարիզ) հայկական եկեղեցիներում: 1973-1975 թթ. ծառայել է բանակում: 1979-80 թթ. ուստարում վարել է հոգեւոր ճեմարանի տեսչությունը: 1981-ին նշանակվել է Բուենոս Այրեսի Հայրապետական պատվիրակի օգնական, 1982-ի նոյեմբերին ընտրվել Արգենտինայի թեմի առաջնորդ, իսկ 1983-ին ձեռնադրվել եպիսկոպոս:

1990-1997 թթ.՝ անկախության առաջին տարիների, ծանրությունը Շիրակի թեմում ընկավ Գրիգորիս Սրբազանի ուսերին: Գրիգորիս Սրբազանի օրոք բացվեց Շիրակի թեմի դպրատունը: 2001 թ. Գրիգորիս Սրբազանն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդն էր: Մահացել է 2015 թ. մարտի 7-ին:

Տ. ՓԱՌԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ
(թեմը ղեկավարել է 1997-1999թթ.)


նվել է Բեյրութում (Լիբանան), 1939-ին: Ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի, ապա Բեյթ Մերիի Անկախ դպրեվանքերում եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության ընծայարանում: 1960 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1963-ին մեկնել է ԱՄՆ, սովորել մի շարք համալսարաններում: 1964-ից սկսած, ուսմանը զուգահեռ, հովվական պաշտոններ է վարել Նյու Յորքի, Վաշինգտոնի, Դետրոյտի եւ Չիկագոյի հայոց եկեղեցիներում: 1967-ին ստացել է վարդապետական, իսկ 1975-ին` ծայրագույն վարդապետական աստիճաններ:

1996-ից ծառայության է անցել Հայաստանում: 1997-ին նշանակվել է նախ որպես փոխանորդ, ապա տեղապահ Շիրակի թեմի: 2000-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, նշանակվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների տնօրեն, ապա ղեկավարել կադրերի բաժինը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները