Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

«ԵՒ ԱՊԱ ԵՐԵՒԵՍՑԻ ՆՇԱՆ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ ՅԵՐԿԻՆՍ»
ՕԾՎԵՑ ՀՈՂՄԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

«Եվ ապա մարդու Որդու նշանը կերեւա երկնքում, եւ աշխարհի բոլոր ժողովուրդները
կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն»:
ՄԱՏԹ. ԻԴ 30

գոստոսի 22-ին մարդաշատ էր Աշոցքի տարածաշրջանի Հողմիկ համայնքի 19-րդ դարի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը: Ներկաների թվում էին Սարապատ համայնքի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, Հողմիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավոր Թադեոս Վարդանյանը, բարերատ Սամվել Պողոսյանը, ով արմատներով Հողմիկ գյուղից է, սակայն ներկայում բնակվում է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում, ինչպես նաեւ մեծաթիվ բարեպաշտ հողմիկցիներ: Բոլորն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու նորոգ օծվելիք խաչի տեղադրման հանդիսավոր արարողությանը:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Օծման արարողակարգը կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Այնուհետեւ Տ. Հարություն քահանա Պետրոսյանը, սարկավագների սաղմոսերգության ներքո, նախ ջրով, ապա եւ գինով լվաց տեղադրվելիք խաչը: Որից հետո Միքայել Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց խաչի ակը, թագը, բունը, աջ եւ ահյակ թեւերը` հայցելով Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի այն լցվի Տիրոջ զորությամբ եւ դառնա Տերունական փրկարար նշան ու վահան ամրության` ընդդիմամարտ չարի բոլոր որոգայթների:

Արարողության ավարտին ներկաներին իր հայրական խոսքը հղեց Առաջնորդ Սրբազանը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԸ

Սիրելինե՛ր, ինչքան էլ որ ձեզ ներկայացնեմ ուրախությանս չափը, միեւնույն է՝ չեք կարողանա պատկերացնել: Ամեն մի նոր օծված, ամեն մի նոր վերակառուցված եկեղեցով ես վերանորոգվում, վերածնվում եմ, իմ կյանքն իզուր չեմ համարում: Այլապես, պատկերացրեք, եթե ես առաջնորդ պետք է լինեի եւ այս տարիների ընթացքում ի վիճակի չլինեի ոչ մի եկեղեցի նորոգել, վերակառուցել, օծել, բացել՝ անշուշտ մարդկանց օժանդակությամբ, բայց ամենից առաջ՝ Աստուծո օգնությամբ, որքա՜ն անպտուղ կլիներ իմ ծառայությունը:

Ուրեմն՝ ամեն մի եկեղեցի, որ նորոգվում է, ամեն մի խաչ, որ օծվում է, ես նրանց հետ վերստին ծնվում եմ եւ դարձյալ կրկնում եմ ամենակարեւորը՝ իմ կյանքն անիմաստ չեմ համարում: Նաեւ գտնում եմ, որ մայրս ինձ իզուր չծնեց, ինչ-որ մի առաքելություն կար, եւ այդ առաքելությունը կատարում եմ այնքան ժամանակ, քանի դեռ Տերն ինձ հնարավորություն է տալիս, մինչեւ կանչի Իր մոտ: Եվ կանչելուց երանի նրան, ում Տերը կասի. «Բարի ծառա եւ հավատարիմ, համեցիր հանգստանալու»: Սակայն մարդիկ կլինեն, որոնց պիտի ասի. «Ձեզ չեմ ճանաչում»: Վայ նրաց, ում Աստված հանդիպելու պահին կասի. «Ձեզ չեմ ճանաչում»:

Ես ոչ միայն ուրախանում եմ, որ եկեղեցին կառուցվեց. վերջիվերջո այն կառուցվել է ձեր գյուղի ժողովրդի համար, դուք պետք է ամեն օր տեսնեք այս խաչը, այս եկեղեցին, իսկ ես՝ երբեմն-երբեմն: Իմ ուրախությունը ոչ միայն եկեղեցու կառուցումն է, այլ այն, որ մեր ժողովրդի միջից չեն դադարում լինել մարդիկ, զավակներ, ովքեր տալ գիտեն, որովհետեւ մի քիչ մոռացվել է այն իմաստությունը, թե հարուստը նա չէ, ով շատ ունի, այլ հարուստը նա է, ով շատ է տալիս, ով կարողանում է իրենից կտրել եւ ուրիշին տալ ու առավել եւս իրենից կտրել, Աստծուն վերադարձնել, որովհետեւ այն, ինչ ունենք, մեր սեփականը չի: Մենք ոչինչ չունենք սեփական՝ ո՛չ ես ունեմ, ո՛չ դուք: Հիմա թվում է, թէ այս գավազանն իմն է, այս ձեռաց խաչն էլ իմն է, բայց ոչ, այդպես չէ: Ինձնից առաջ այնքա՜ն սրբազաններ են բռնել եւ էլի կբռնեն ինձնից հետո: Նույնիսկ այս զգեստները, որ իմ սեփականությունն են համարվում, իմը չեն, իմ մարմինը, որ իմ սեփականն է համարվում, դարձյալ իմը չէ, հողինն է: Տեսեք՝ ինչքան մարդիկ են մեզ նման ապրել, եւ նրանք էլ երեւի մտածել են, թե սեփական ինչ-որ բան ունեն, բայց անցել, գնացել են: Ուրեմն՝ մարդու սեփականը միայն իր հոգին է, որ անմահ է եւ պիտի կանգնի Աստծո դատաստանի առջեւ: Եվ սեփական մեկ էլ անունն է, որ կա՛մ կթողնի օրհնությամբ, կա՛մ անեծքով: Ուրիշ ոչինչ սեփական չունենք: Ինքնախաբեություն է:

Սակայն մենք չենք ասում, թե մարդը պետք է ապրի՝ բացարձակապես այդ սեփականության գիտակցումն ունենալով, այլ պետք է հասկանա, որ այդ սեփականությունից միշտ կարող է բաժին հանել նախ Աստծուն, հետո իր նմաններին, կամ իր նմանների միջոցով նաեւ Աստծուն: Դրա համար երբ ես տեսնում եմ մարդկանց, որոնք տալ գիտեն, ուրախանում եմ այդ մարդկանց հարստությամբ, հարուստ լինելու հանգամանքով: Թե չէ այնքա՜ն մարդիկ կան, որ իբրեւ թե հարուստ են, բայց տալ չգիտեն: Նման մարդիկ ինձ համար աղքատ են, այնքան աղքատ, որ նաեւ իրենց զավակներին, փողից զատ, ուրիշ բան չեն թողնում, ոչինչ չեն կարողանում կտակել իրենց զավակներին, փողից բացի: Իսկ փողից վեր, փողից բարձր, շատ ուրիշ բաներ կան, որոնք պետք է մեր զավակներին կտակենք. օրինակ՝ հավատք, հույս, սեր, հայրենասիրություն, աստվածասիրություն, եկեղեցասիրություն, հոգեւոր արժեքներ, որպեսզի մարդը դրանցով կարողանա մարդ կոչվել եւ հայ կոչվել, հայ քրիստոնյա մարդ կոչվել:

Հիմա շատ չերկարացնեմ խոսքս, որովհետեւ այսօր եկեղեցու բացումը չէ դեռ, սա խաչի օծումն է, որից հետո պետք է լինի եկեղեցու օծումը: Կգանք, եկեղեցին կօծենք, դռնով կմտնենք, աղոթքով կհասնենք մինչեւ Սուրբ Խորան, հերթով՝ սյուները, մկրտության ավազանը, սեղանը կօծենք եւ այդ ժամանակ կլինի հիմնական արարողությունը: Սա միջանկյալ արարողություն է, որպեսզի խաչը դրվի: Հետեւաբար, ավելի երկար եւ ավելի ճոխ գուցե, եթե Աստված այդ շնորհը տա, կխոսենք:

Բայց հիմա՝ այս փուլում, ես իրոք իմ խորը գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Պողոսյանին իր այս գործի համար: Միշտ ինչ եմ ես նշում այս պարագաներին: Վերջիվերջո 21 տարի է, ինչ Աստված կոչել է ինձ այս տարածաշրջանի` Շիրակի թեմի Առաջնորդը լինել եւ 21 տարվա ընթացքում, կարո՞ղ եք պատկերացնել, թե ես քանի մեծահարուստների դիմած կլինեմ այս կամ այն հարցով, այս կամ այն եկեղեցու նորոգության համար եւ ոչ միշտ եմ ստացել դրական պատասխան: Այսինքն՝ ավելի շատ եղել է մերժողական, կամ խուսափողական պատասխան, թե` այսօր կանեմ, վաղը կանեմ, մյուս օրը կանեմ: Թորոսի եկեղեցու օրինակը ձեզ երեւի բավարար է. քանի տարի է սարքվում է, սարքվում եւ չի սարքվում: Բայց էլի աղոթենք, որ սարքվի: Աղոթենք, մաղթենք, որ այն մարդը, ով խոստացել էր Թորոսի եկեղեցին կառուցել, կարողանա մինչեւ վերջ հասցնել:

Իսկ այս պարագային ի՞նչն է կարեւորը: Այստեղ ես չեմ մոտեցել Սամվել Պողոսյանին, չեմ խնդրել, չեմ էլ ճանաչել իրեն: Ինքն է որոշել ինձ մոտենալ, ինքն է առաջարկել, եւ ես պատասխանել եմ՝ մեծագույն սիրով եւ մեծագույն ուրախությամբ: Չի սպասել մարդը, որ ես գնամ, իրեն գտնեմ, դուռը թակեմ, խնդրեմ, աղաչեմ, պաղատեմ, այլ ինքն է ունեցել այդ գիտակցությունը, հայ մարդու գիտակցությունը, հայ քրիստոնյա մարդու գիտակցությունը: Այսպես է ապրել հայը 2000 տարի, այսպես է ապրել հազարավոր տարիներ, անգամ պետականության բացակայության պայմաններում է այսպես ապրել ու գործել: Առաջնորդվել է ոչ թե միայն ինձ, միայն ինձ, կամ իբրեւ թե զավակներիս, զավակներիս ասելով, այլ նաեւ ազգին, Եկեղեցուն ու հայրենիքին նվիրաբերելով:

Սամվելն ինքն իր կողմից նախաձեռնություն դրսեւորեց ինձ մոտենալու, այլ ոչ թե սպասեց, որ «մի օր Սրբազանը կմոտենա ինձ խնդրանքով, ես էլ կա՛մ կանեմ, կա՛մ չեմ անի»: Մարդն իր նախաձեռնությամբ, իր ցանկությամբ դա արեց, եւ սա կրկնակի, եռակի, քառակի անգամ մեծացնում է նրա արածի կարեւորությունը: Եթե իմ խնդրանքով, իմ թախանձանքներով աներ, կկիսվեր գործը, իսկ այսպես ամբողջությամբ իրենն է, իր վաստակն է, իր ստանալիք օրհնությունն է, եւ ես այս նախնական փուլում շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում քեզ, Սամվել ջան, դեռ ավելի մեծ շնորհակալություն կհայտնենք եկեղեցու բացմանը: Այնպես որ, սիրելինե՛ր, այս նախնական ուրախությունը վայելեք, կարող եք մոտենալ, Սուրբ Խաչը համբուրել, որից հետո կարող են տեղադրել:

Թեմակալ Առաջնորդի խոսքից հետո ներկաները համբուրեցին նորաօծ խաչը, եւ այն անփորձանք տեղադրվեց եկեղեցու գմբեթին:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼՆԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները