Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

«ԲԱԶՈՒՄ ԴՍՏԵՐՔ ՍՏԱՑԱՆ ԶՄԵԾՈՒԹԻՒՆ,
ԲԱՅՑ ԴՈՒ ԱՌԱՒԵԼ ԵՂԵՐ»
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Բանին Հօր մարմնարան եւ առագաստ բնակութեան, Որ կաթամպ կուսական
կերակրեցեր զԷակն Բան. Բարեխօսեա Միածնին, Աստուածածին մայր Բանին»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Աստվածածնի վերափոխման տոնը նշում են քրիստոնեության ամենավաղ ժամանակներից: Այն հաստատվել է 582 թվականին՝ Մավրիկիոս կայսեր կողմից: Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները նշում են օգոստոսի 25-ին, իսկ Հայոց Եկեղեցին, Սուրբ Ներսես Շնորհալու կամ գուցե ավելի հին ժամանակներից եկող սովորության համաձայն, Վերափոխումը տոնախմբում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը, այսինքն՝ օգոստոսի 12-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի այն նշվեց օգոստոսի 16-ին:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Սուրբ Աստվածամայրը եզակի եւ բացառիկ դեմք է Քրիստոնեա կան Եկեղեցու սրբերի շարքում: Թեեւ կցկտուր են Տիրամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ Մատյանում, սակայն դրանք եւս բավարար են՝ պատկերացում կազմելու Հիսուսի մոր՝ Սուրբ Կույս Մարիամի մասին: Նրա կյանքի մանրամասները, ինչպես նաեւ վերափոխման պատմությունը, պահպանվել եւ մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի սկզբանե Ս. Կույսին ճանաչել է իբրեւ Աստվածամայր եւ հարգանք ու երկյուղածություն դրսեւորել նրա հանդեպ: Իսկ հայ կնոջ համար Ս. Աստվածածինը դարձել է նաեւ կանացի, սիրո ու մաքրության բյուրեղյա ըմբռնում, կնոջ կատարելության տիպար:

Ավանդությունն ասում է, որ երբ Տիրամայրն արդեն մահամերձ էր, եւ առաքյալները շրջապատել էին նրա զարդարված մահիճը, հանկարծ աննկարագրելի մի լույս է երեւում: Շլացուցիչ այդ լույսի ճառագայթների մեջ հայտնվում է հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոս, շրջապատված հրեշտակների բյուրավոր զորքերով ու սրբերով:

Տեսնելով Որդուն՝ Աստվածամայրը, Նրա ձեռքերի մեջ հանգիստ ավանդում է հոգին: Առաքյալները տեսնում են նրա պայծառ հոգին, որ նման էր լույսի եւ արեգակից առավել էր փայլում, ուներ մարդկային կերպարանք, բայց առանց սեռի: Պետրոսն ասում է. «Տե՛ր, մարդկանցից ո՞վ ունի այնպիսի լուսափայլ հոգի, ինչպիսին Քո ծնողինն է…»: Տերն այսպես է պատասխանում Պետրոսին. «Ով Պետրոս, բոլոր մարդկանց հոգիներն սկզբնապես այդպես սպիտակ ու լուսափայլ են լինում, հետո են, մեղքերի մեջ շաղախվելով, սեւանում ու տգեղանում» (Ս. Գրիգոր Տաթեւացի¤:

Առաքյալները, սաղմոսներով եւ օրհնություններով, Տիրամոր խնկելի մարմինը դնում են գերեզման ու պահպանում երեք օր, որտեղից ողջ ընթացքում լսվում են հրեշտակների երգեցողության ձայները: Չորրորդ օրը դրանք չեն լսվում, որովհետեւ այդ օրն առավոտյան, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, հրեշտակների բանակը, լուսեղեն ամպի տեսքով, իջնում է երկնքից եւ, առանց տապանը խախտելու, Աստվածամոր մարմինը բարձրացնում երկինք: Զաքարիա Ա Ձագեցին «Աստվածածնի ննջման քարոզ»-ում գրում է. «Իսկ սա առավել մեծ փառքի հասավ եւ սքանչելի պատվի արժանի եղավ, քան բոլորը, քանի որ սրա մեջ բնակվեց անճառելի Բանն Աստված եւ մարմին առավ սրա բնությունից ու խառնեց Իր անխառնելի Աստվածությանը: Երկու կատարյալ գոյություններից մի կատարյալ գոյություն. Աստված՝ Հորից, եւ մարդ՝ Կույսից»:

Այս դեպքերին չի մասնակցում Բարդուղիմեոս Առաքյալը, ով բացակայում էր Երուսաղեմից: Նա տեղ է հասնում միայն չորրորդ օրը եւ մյուս առաքյալներին խնդրում բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի կարողանա վեջին անգամ տեսնել նրան եւ մխիթարվել: Սակայն բացելով գերեզմանը՝ այն թափուր են գտնում: Այդժամ երկնքից մի ձայն է լսվում, որի պատվերով էլ առաքյալները Բարդուղիմեոսին են հանձնում Տիրամոր կենդանագիր պատկերը, որպեսզի նա մխիթարվի դրանով եւ իր հետ տանի այն երկիրը, ուր պետք է քարոզության մեկներ:

Ըստ Մովսես Խորենացու՝ Բարդուղիմեոս Առաքյալը Տիրամոր պատկերն իր հետ բերում է Հայաստան եւ տեղադրում Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում, ուր եկեղեցի է կառուցվում Աստվածածին անունով, որն էլ հետագայում դառնում է կուսանոց՝ կոչվելով Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայոց բոլոր եկեղեցիների խորաններում Աստվածածնի պատկերն է: Բարդուղիմեոս առաքյալի բերած պատկերի գտնվելու վայրի մասին այժմ տեղեկություններ չկան: Ավանդությունը պահպանել է միայն զրույցներ, ըստ որոնց սուրբ պատկերը հյուսել են պատի մեջ՝ պաշտպանելու համար զավթիչներից:

«ՓՈԽԱԴՐԵԱՑ ԶՔԵԶ ԼՈՒՍԱՓԱՅԼ ԱՄՊՈՎՔ Ի ԼՈՅՍՆ ԱՆՍՏՈՒԵՐ»
ՆԱԽԱՏՈՆԱԿ, Ս. ՅՈԹՎԻՐԱՑ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՊԱՏԿԵՐԸ

Տարիներ շարունակ Սուրբ Կույսի Վերափոխման տոնը Գյումրիում համարվել է նրա անունը կրող եկեղեցու ուխտի օր, քանի որ 1852 թվականից Ս. Աստվածածնում է գտնվում յոթնապատիկ խոցված Տիրամոր հրաշագործ պատկերը:

Օգոստոսի 15-ի հետկեսօրեին՝ ժամերգությունից հետո, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ: Տոնականորեն զգեստավորված եկեղեցական թափորը, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու սաղմոսասացությամբ, ի ցույց եւ ի երկրպագություն հավատացյալների, դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը: Թափորապետ Սրբազան Հայրը Վարդանանց հրապարակում, հավատացյալների ներկայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով, Ս. Ավետարանով եւ Ս. Յոթվիրաց պատկերով օրհնելով աշխարհի չորս կողմերը:

Գրիգոր Մարաշեցին սրբապատկերի համար ասում է. «Առաքեա զշնորհս ամէնակարօղ զօրութեանդ ի փայտեղէն անօթս այս, եւ արա զսա յառողջութիւն հիւանդաց, ի հալածումն դիւաց, ի բժշկութիւն ամենայն վտանգելոց Հոգւով եւ մարմնով»:

«ԱՅՍՕՐ ԶՎԱՐՃԱՑԱՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԵՐԿՐԻՑ ՄԻ ՀՐԵՇՏԱԿ»
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Օգոստոսի 16-ին Ս. Կույսի բարեխոսությանը վերստին դիմելու ակնկալությամբ էին Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում ի մի եկել բարեպաշտ հավատացյալները:

Մայր եկեղեցում Վերափոխման օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը՝ անդրադառնալով օրվա խորհրդին ու նշանակությանը, առանձնակի կարեւորելով հատկապես կնոջ դերը յուրաքանչյուր ընտանեկան հարկից ներս:

Ի լրումն օրվա խորհրդի տրվեց Սուրբ Հաղորդություն:

«ՀԱՄԵՂԱՃԱՇԱԿ ՊՏՂՈՅՆ ԲԱՆԱՒՈՐ ԲԱՐՈՒՆԱԿ,
ՀՕՐՄԷ ԿԹԵՑԱՒ ՄԵԶ ՈՂԿՈՅԶՆ ԱՆՍՊԱՌ...»
ԿԱՐԳ ԽԱՂՈՂՕՐՀՆՈՒԹՅԱՆ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Սուրբ Պատարագից հետո, հայոց եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնեք: Հնավանդ գեղեցիկ ու բարոյալից մի սովորություն ուներ հայ ժողովուրդը: Երբ հասունանում էր բերքը հայոց աշխարհում, երախայրիքը, իբրեւ առ Աստված ունեցած շնորհակալության ու երախտիքի դրսեւորում, ընծայում էին Նրան: Սուրբ եւ անմահ Պատարագից հետո հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը: Սուրբ Խաչով եւ Սուրբ Ավետարանով օրհնելով խաղողի ողկոււյզներով լի ամանները՝ Սրբազան Հայրն ասաց. «Օրհնիր, Տե՛ր, այն որթատունկերն ու այգիները, որոնցից հատվեցին օրհնության այս ողկույզները եւ ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն: Բազմաբեր դարձրու դրանք, պտղաբերությամբ առատ ու բարեբեր: Անփորձանք պահիր պատուհասներից, որոնք ի վերուստ իջնում են մեր մեղքերի պատճառով, կարկտից, հողմերից եւ վնասակար միջատներից…»: Վերջում հավատացյալ ժողովրդին բաժանվեց օրհնված պտուղը:

Հավելենք նաեւ, որ խաղողօրհնեքը նախաքրիստոնեական ծագում ունի: Այն Ս. Աստվածածնի տոնին կցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Հայ Առաքելական Եկեղեցին, խաղողի հետ, որ խորհրդանշում է բոլոր պտուղների երախայրիքը, օրհնում է նաեւ հայոց ողջ այգեստանները, քանզի Քրիստոս Իրեն համարել է ճշմարիտ որթատունկ, իսկ հետեւորդներին՝ այդ տունկի ճյուղերը:

Արդ՝ հայցենք Սուրբ Աստվածամոր բարեխոսությունն Ամենակալի առջեւ, որպեսզի Տերը մեզ իմաստություն եւ սիրելու շնորհ պարգեւի՝ անսայթաք քայլելու, բարիք գործելու եւ երբեք չմոռանալու աստվածադիր պատվիրանների մասին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

17 օգոստոսի: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները