Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

այոց պետականության կորստից եւ անվերջանալի պարտություններից հետո ժողովրդի դիմակայությունը, նաեւ գոյությունը միայն մշակույթի առկայությամբ ու մշակութային հաղթանակներով են պայմանավորված: Մշակույթ ասվածի մեջ, լայն ընդգրկումով, իրենց անփոխարինելի տեղն ունեն մայրենի լեզուն եւ պետական կրոնը:

Զարմանալի չէր, որ քրիստոնեությունը մենք ընդունեցինք հայոց պետականության թուլացման շրջանում, նույնպիսի պայմաններում ստեղծվեցին նաեւ մաշտոցյան ոսկեղենիկ գրերը: Հայ ժողովուրդն ունի հարուստ հոգեւոր ժառանգություն, որի ողջ պատմական անցյալը եղել է պայքար հանուն սեփական հոգեկերտվածքի, քրիստոնեական ապրելակերպի պահապան: Այն եղել է քրիստոնեության ջահակիրն աշխարհում, ուստի մենք պարտավոր ենք չընդունել գլոբալիզացիայի ներկա հոգեւոր ու բարոյական ոչ քրիստոնեական դրսեւորումները: Այսօր ազգովի փնտրում ենք ամեն բան, բացի Աստծուց: Սաղմոսերգուն ասում է. «Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի: Բոլորը խոտորվեցին միասին, անպիտան դարձան» (Սաղմ. ԺԳ 2, 3):

Եվ արդ, եթե մեր երկրում քրիստոնեական սերն իշխի, որը Քրիստոսի ամենամեծ պատվիրանն է, ապա այդ դեպքում մենք ոչ միայն անհատապես հաճո կլինենք Աստծուն, այլ նաեւ ընկերային, արդարության, տնտեսական եւ ներքաղաքական հարցերը լավագույն լուծում կստանան: Կամենո՞ւմ ենք մեր կյանքին վսեմ բովանդակություն տալ, պետք է ձգտենք վերածնվել կրոնապես, որպեսզի մեր գործն ու շարժումն էլ, որպես հոգու պտուղ, բարեփոխվեն դեպի ազնիվն ու բարին: Մեր իսկության գրավական հանդիսացող քրիստոնեական խորախորհուրդ հավատքի, մայրենի լեզվի եւ սրբազան ավանդույթների անխաթար պահպանումը կլինի հզոր կռվան, ուժ եւ երաշխիք մեր տեսակի ու հայոց պետականության պահպանման, որը ոչ մի դեպքում սակարկության ենթակա չէ:

Մենք դարեր շարունակ գոյատեւել ենք, ստեղծել ազգային, մշակութային ու համամարդկային արժեքներ, պահպանել մեր ինքնությունը շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության ու ազգանպաստ առաքելության: Ապավինելով մեր անթեղված ազգային գիտակցությանը, ժառանգական կերտվածքին՝ հավատում ենք, որ Բարձրյալը, ինչպես խնայեց մեր ժողովրդին նախորդ դարերի մահասփյուռ արշավանքներից, այժմ էլ կխնայի մեր օրերի երեւացող ու աներեւույթ այլասերումներից ու փորձություններից: Հետեւաբար՝ հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը հույժ կարեւոր նշանակություն ունեն մարդ արարածի բարոյական արժեհամակարգի ձեւավորման գործում:

Մարդու համար ցանկացած տարիքում գոյություն ունի երկու հնարավորություն, որ տանում է կա՛մ աստվածային իրական կյանք ու մտածողություն, կա՛մ առաջնորդում է դրանից դուրս: Միանշանակ, բանականությունը չկորցնելու, իր բարոյական նկարագիրը պահպանելու համար, աստվածապատկեր մարդ էակը պետք է առաջնորդվի սուրբգրային պատվիրաններով, որովհետեւ քրիստոնեական վարդապետությունը մարդուն մարդ դարձնող, մեղքի հետեւանքով մարդու խաթարված էությունը վերականգնող ուսմունք է: Պետք է նաեւ ասել, որ, առանց արժեհամակարգային դաստիարակության, մարդ ձեւավորելու մասին խոսք լինել չի կարող, քանզի մեր երկհազարամյա մշակույթը հավատքի բարոյականության արգասիքն է:

Հայտնի բան է՝ աստվածային ներդաշնակությունից զուրկ մարդն այնքան է ողորմելի, որ նույնիսկ չի զգում իր հոգեմտավոր թշվառությունը, չի զգում բարոյականի իր չափանիշը, էլ ուր մնաց անպարփակ բանականության ու բարոյականության, ասել է, թե՝ Աստծո գերակայությունը: Ոչ մի մարդ, որ բնագավառից էլ լինի, չի կարող ծառայել ազգին, չի կարող լինել բարոյական, եթե չգիտի հարգել սեփական հոգեւոր, մշակութային ու պետական խորհրդանշանները: Դարերով հայոց դպրոցն ու Հայ Եկեղեցին են եղել կարեւոր հենասյուները, որոնց վրա խարսխվել է հայի ինքնությունը:

Ուրեմն՝ ԿԳՄՍ պարոն նախարար, ինչո՞ւ եք «Հայ Եկեղեու պատմություն» առարկան զրոյացրել այլ առարկայում՝ սրանով ջուր լցնելով աղանդի ջրաղացին: Ինչո՞ւ եք քանդում մեր երեխաների վաղվա ապագան ու պետականությունը: Չէ՞ որ հայը մշակութային այլ ավանդություն չունի, որ կոչվի ազգային, որ տեղ գրավի համաշխարհային մտքի գանձարանում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները