Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

«ՄԵՍՐՈՊ, ՀԱՅ ԴԱՐԵՐՈՒՆ ԴԻՄԱՑ ԿԵՑՈՂ, ԴՈՒՆ
ԱԴԱՄԱՆԴՅԱ ԱՊԱՌԱԺ...»

«Բարբարիկ» լեզուների համար ստեղծված այբուբենների ետքրիստոնեական
ստեղծագործությունների շարքում ամենաուշագրավը, անշուշտ,
հայ գրերի գյուտն է»:
Հ. ՄԱԿՎԱՐՏ

ուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով թեեւ քրիստոնեությունը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան, սակայն լիովին չամբողջացավ լուսավորության գործը: Քրիստոնեության սերմերը դեռեւս չէին հասցրել ողջ երկրով մեկ խոր արմատներ գցել: Տակավին պակասում էր ազդու եւ մնայուն միջոցը, որը ժողովրդի ականջին շարունակ կհնչեցներ աստվածային կենարար խոսքը: Եվ ահա բացը լրացնելու համար մեծն Սահակն ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հոգի եւ կյանք տվեցին այդ գաղափարի իրագործմանը եւ, Վռամշապուհ արքայի հզոր աջակցությամբ, ստեղծեցին լույսը հայոց՝ հայոց գրերը, որոնց շնորհիվ հայը գտավ ինքն իրեն՝ իբրեւ ազատ քրիստոնյա եւ քաղաքակիրթ ազգ: Հայոց աշխարհը լուսավորվեց եւ Աստծո կենդանի խոսքը հնչեց հայերեն:

Ինչպես Մովսես մարգարեն Սինա լեռան վրա Բարձրյալից Օրենքի գիրքն ստացավ, որով իսրայելացիների համար բացվեց կյանքի մի նոր ուղի, նունպես էլ Սուրբ Մեսրոպը հայ ժողովրդին բերեց մի աստվածաստեղծ այբուբեն, որը դարերի ընթացքում դարձավ հայ մարդու հոգեկան կեցվածքի բյուրեղացման հզոր զենքը: Անշուշտ, Աստվածաշնչի թարգմանությունը մեծ դեր ունեցավ հայ ժողովրդի կյանքում: Ինչպես Եղիշեն է ասում՝ «Հայր մեր զսուրբ Աւետրանն գիտեմք, եւ մայր զառաքելական եկեղեցի կաթողիկէ, մի ոք չար անջրպետ ի մէջ անկեալ զմեզ քակեսցէ ի սմանէ»: Իրենց կատարելության առումով հայերեն տառերն այսօր էլ զարմանք են պատճառում շատերին: 36 անմահ զինվորներն արարելուց հետո, Ս. Սահակը եւ Ս. Մեսրոպն սկսեցին թարգմանել Աստվածաշունչ մատյանը: Ոսկեղենիկ գրաբարով Սուրբ Գրքի թարգմանությունն իր ուժականությամբ ու պարզությամբ հիացրել ու գերել է շատերին՝ արժանանալով «Թագուհի թարգմանութեանց» բարձր գնահատականին:

Մեսրոպատառ հայերենով ու նորագյուտ նշանագրերով մագաղաթի վրա շարվեց առաջին նախադասությունն Աստվածաշնչի Առակաց գրքից. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Դժվար է ասել, թե ինչու է Մաշտոցն ընտրել այս նախադասությունը: Գուցե աստվածաշնչյան այդ իմաստուն խոսքերի խրատը հետագայում հիմք էր հանդիսանալու մեր բազմադարյան բովանդակ մշակույթի կարգախոսի համա՞ր: Գուցե…: Այս աստվածաշունչ խոսքերն այսօր էլ հրավիրում են մեզ բացել մեր միտքն ու սիրտը՝ ապավինելով լուսավորությանը: Այս տեսանկյունից է գնահատել ու արժեւորել Ս. Մեսրոպին Ներսես Շնորհալի Հայրապետը՝ երկու տողի մեջ ամփոփելով մաշտոցյան հանճարի էությունը. «Խոսքի ակոսը պատռեց եւ իմաստությունը սերմանեց»:

Շատ դարեր են անցել այդ երանավետ օրերից, սակայն նրանց հիշատակը երբեք չի խամրել հայ հոգիների անդաստանում: Ս. Սահակ Հայրապետը, երանելի Մաշտոցը եւ մյուսները ողջ են եւ հավետ կենդանի բարեխոս պիտի մնան մեղավորներիս համար ամենակալ Աստծո մոտ: Ամեն տարի (այս տարի հուլիսի 2-ին) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով ու հանդիսավորությամբ է տոնում է Ս. Սահակի ու Ս. Մեսրոպի խնկելի հիշատակը, որ չխամրող, անշեջ հուր է, որովհետեւ նրանք ապրել են հավատքով, գործել անմահության ու անմահացնելու վսեմ գաղափարով:

Այո, ապրել են հավատքով: Անշուշտ, առանց առ Աստված աներեր հավատքի կյանքը նրանց համար դատարկություն էր, ունայնություն ու մահ: Ճիշտ է նկատել մեծ բանաստեղծ Պարույր Սեւակը. «Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը. իսկ ապրելը…արդեն անկարելի է»: Արդ, հավատարիմ մնանք նրանց սկսած գործին, անաղարտ պահենք մեր լեզուն ու բազմադարյան մշակույթը եւ, Ս. Սահակի ու Ս. Մեսրոպի վճռականությամբ, ոչ ասենք բոլոր այն չար ուժերին, որոնք որոմներ են՝ ցանված հայոց բերրի արտերում:

Երանելի այրերի բարեխոսությունը հայցենք մեղավորներիս համար Բարձրյալի մոտ, իսկ Սահակ-մեսրոպյան ոգին, որ փոխանցվեց դարերով, մեր կյանքի էությունը դարձնենք՝ մեր իսկ կյանքով վկայելով, որ արժանի ենք նրանց որդիները լինելու՝ սիրելով մեր պետությունն ու առաքելահիմն Սուրբ Եկեղեցին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները