Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

«ԵՍԱՅԻՍ ԶՔԵԶ ԹԵԹԵՒ ԱՄՊ ԵՏԵՍ, ԵՒ ՀԱՅՐ
ՅԱՄՊՈՅՆ ԶՔՈ ԶՈՐԴԻՆ ԻՒՐ ԴԱՒԱՆԵԱՑ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Որ ահագին տեսլեամբ զարհուրեցուցեր զՔո աշակերտսն ի թմրութիւն հրաշալից
Ի սէր աստուածային փառաց քոց. զՔեզ փառավորեմք իմանալի լոյս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

յլակերպության տոնին, հարազատ ու հարազարդ հուշերով խնկավառ օրվա պատշաճությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր Փրկչի այն երկնատեսիլ, երկնափառ կերպարանափոխման հիշատակը, որ հայտնի է նաեւ Պայծառակերպություն անվամբ:

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Զարմանալի է Պայծառակերպության պատմությունը եւ իր որոշ, առանձնահատուկ տեղն ունի ավետարանական հայտնության մեջ:

Հիսուս, ըստ սովորության, Իր հետ վերցնելով երեք սիրելի աշակերտներին, բարձրանում է Հերմոն լեռը եւ նրանց առջեւ այլափոխվում: Իր մարդացյալ դեմքից վերցնում է քողը եւ, փառքի, լույսի պայծառափայլ ցոլացումներով, մի պահ նսեմացնում արեւի ճառագայթները կամ լուսավորում նույնիսկ լույսը՝ մեկ անգամ եւս շեշտելով հավիտենական ճշմարտությունը, այսինքն՝ «Ես եմ լույսը»: Մարդկային մարմնում սքողված, ծածկված Տերը բացահայտվում է գաղտնիքի նման:

Թեպետ մեր Փրկչի ողջ կյանքը հրաշքների մի բազմախորհուրդ շղթա է, սակայն այս փոքրիկ միջադեպն առանձնակի հրաշալի ու խորհրդավոր բնույթ ունի: Կարծեք այն տեղի է ունենում երկնքի ու երկրի միջեւ՝ սովորական մահկանացուների առջեւ բացելով դեպի անմահ երանություն, լուսեղեն կայան տանող ուղին, «ուր Ենովք ու Եղիա կան ծերացեալ աղաւնակերպ»: Այն բարձր լեռան վրայից, ուր Նա զրուցում է Մովսեսի եւ Եղիայի հետ, արդարեւ մի ընդարձակ տեսարան է բացվում դեպի Երուսաղեմ, դեպի Գողգոթա: Գալիլիայի մեծ քարոզիչն այդտեղ այլակերպվել, նահատակի լուսեղեն զգեստը հագել, քայլ առ քայլ իջնում էր չարչարանքի լեռան ստորոտը:

Հիսուսի դեմքն առավել լուսափայլ էր, քան Մովսեսինը: Նա նաեւ առավել հրաշափառորեն երկինք պիտի համբառնար, քան՝ Ենովքը: Աշխարհն այլեւս նրանց օրենքի կարիքը չէր զգալու, քանի որ Նոր Լույսը, Նոր Օրենսդիրն էր եկել: Լուսեղեն ամպը ծածկում է նրանց, եւ Հայր Աստծու ձայնն է լսվում երկնքից. «Դա՛ է որդի իմ սիրելի, Դմա՛ լուարուք» (Մատթ. ԺԷ 5): Առաքյալները վեր են նայում եւ տեսնում միայն իրենց Վարդապետին՝ խաղաղության ու սրբության բարձունքի վրա: Ահա աստվածահայտնության մեծագույն երաշխիքը պարագրող պատմությունը:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 19-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց հայոց բոլոր եկեղեցիներում:

Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, առավոտյան ժամը 7:00-ին, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի կարգ:

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Այլակերպության տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Օրվա ժողովրդական սովորությունն է միմյանց վրա ջուր ցողելը: Սա, անշուշտ, իր սկզբնական ծագմամբ աղերս չունի քրիստոնեության հետ, եւ դա զարմանալի չէ, քանզի ժողովրդական բոլոր սովորույթները չէ, որ պետք է կրոնական լինեն: Պարզապես քրիստոնեությունը ժողովրդի մեջ մեծապես տարածված եւ հեթանոսությունից մնացած այս արարողությունը պահպանել է՝ այն զրկելով հեթանոսական կրոնական իմաստից, որպեսզի մարդիկ, պահելով ժողովրդական գեղեցիկ սովորույթը, միեւնույն ժամանակ չշեղվեն ճշմարիտ աստվածապաշտությունից:

Հավանաբար, սկսած Ս. Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, Վարդավառի տոնը վերաիմաստավորվեց Քրիստոսի Պայծառակերպությամբ, զարդարվեց Նոյ նահապետի ջրհեղեղից փրկությունը նշելով, եւ քանի որ աղավնին բարի լուր բերեց, ուստի այդ օրը սովորություն կա նաեւ աղավնիներ թռցնել: Աղավնին միաժամանակ Ս. Հոգու խորհրդանիշն է, որ, Քրիստոսի այլակերպության ժամանակ, ամպի տեսքով իջավ, իսկ մկրտության ժամանակ՝ աղավնակերպ: Ջուրը կյանքի խորհրդանիշն է, որի մասին Հիսուս Ինքը վկայեց՝ ասելով, թե թույլ կտա խմել Իր հավիտենական կյանքի ջրից, որից մեկ անգամ խմողն այլեւս երբեք չի ծարավի:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հուլիսի 20-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները