Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

Տ0Ն ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻՆ
ԵՒ ԱԹԱՆԱԳԻՆԵԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ
1994 Թ. ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ Ս. ՇՈՂԱԿԱԹՈՒՄ

ոգեկան անհուն բերկրանքով, ձեզ հետ միասին, այս էլ երրորդ անգամ հավաքվում ենք Հռիփսիմյանց եւ Գայանյանց վկայաբաններից եւս մեկի հիշատակին կառուցված եկեղեցում, այսինքն՝ Հռիփսիմյանց կույսերից այն մեկի, որն ապրում էր հնձանում եւ ում նահատակվելուց հետո, Լուսավորչի ձեռքով, նշխարների վրա տաճար կառուցվեց տասնյոթերորդ դարավերջին։

Այսօր տոնն է Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի։ Շատ-շատերի մեջ, ե՛ւ ներկաների, ե՛ւ նրանց, ովքեր այստեղ չեն, իրավացիորեն հարցեր են առաջանում, քանի որ ծանոթ չեն մեր Եկեղեցու ավանդույթներին: Նրանք հարցականների առջեւ են կանգնում եւ կամենում են պարզել, թե ինչո՞ւ ենք Հռիփսիմյանց կույսերից հետո տոնախմբում Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինեի հիշատակը։ Հովհաննես Մկրտչի գործունեությունն սկսվել է Քրիստոսից առաջ, իսկ Աթանագինեինը՝ Քրիստոսից երեք դար հետո, սակայն ոգեկոչվում են միասին եւ կույսերից հետո...

Ինչո՞ւ է այս տոնը նշվում Սուրբ Շողակաթ տաճարում, որն առնչություն չունի Հովհաննեսի ու Աթանագինեի հետ, այլ կապվում է այն կույսի հետ, որ հիվանդ պառկած էր հնձանում: Ինչո՞ւ այն կույսը նահատակվեց, որի անունը Շողակաթ չէր եւ հիշվում է Սուրբ Շողակաթ անվամբ։ Ահա, թե ինչպիսի հարցերի առջեւ են կանգնում պարզ հավատացյալները՝ ի հիշատակ այս օրվա: Փորձեմ պատասխանել: Այսօր, կամա, թե ակամա, բացատրական բնույթ կկրի իմ խոսքը։

Հայ Եկեղեցու անդաստանից էր Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսը, ում կարգադրությամբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինեի հիշատակի ոգեկոչման օրը դրվեց Հռիփսիմյանց կույսերի տոնից հետո, իսկ Ս. Գրիգորի Խոր Վիրապից ելքը ՝ Ս. Էջմիածնի տոնից առաջ: Հովհաննես Մկրտիչը գործեց Քրիստոսից առաջ, իսկ Աթանագինեն՝ երեք դար հետո։ Եպիսկոպոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի կնոջ՝ Մարիամի, հորաքրոջ տղան էր։ Ս. Գրիգորը, Տրդատ արքայի ցանկությամբ, մեկնեց Կեսարիա, ձեռնադրվեց Մեծ Հայքի Կաթողիկոս եւ վերադարձին իր հետ Հայաստան բերեց Ս. Հովհաննես Մկրտչի եւ Ս. Աթանագինեի նշխարները։ Հովհաննես Մկրտիչը մեծագույնն է բոլոր Սրբերի մեջ՝ ինչպես Ինքը՝ Հիսուս վկայեց: Աթանագինեն հարգանքի էր արժանացել ու մեծարվել քրիստոնյա ժողովրդի կողմից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս երկու Սրբերի նշխարները բերեց Մեծ Հայք եւ ամփոփեց տարբեր վայրերում, իսկ դրանց վրա վկայարաններ հիմնեց։

Այս երկու Սրբերը հիշատակվում են միեւնույն տոնի մեջ պարփակված, քանզի այսօր հիշում ենք ոչ թե նրանց սուրբ լինելը բացահայտող որեւէ դրվագ, այլ ոգեկոչում ենք նրանց նշխարները Հայք բերելու հիշատակը։ Նախ եւ առաջ հիշատակելի իրադարձությունը քրիստոնեության ընդունումն է եւ այս սրբերի նշխարները Հայաստան բերելն ու ամփոփելը հայոց հողում։

Մյուս՝ ինչո՞ւ է հետո նշվում հարցի պատասխանը հետեւյալն է. որովհետեւ կույսերի նահատակությունն էր, որ առիթ հանդիսացավ, տասներեք տարի բանտարկությունից հետո, ստանալ Տրդատ արքայի համաձայնությունը, գնալ Կեսարիա, այնուհետեւ որպես կաթողիկոս վերադառնալ հայրենիք, ի կատար ածել ողջ հայության դարձը եւ կառուցել լուսո խորաններ նահատակ կույսերի սուրբ նշխարների վրա:

Ս. Հովհաննես Մկրտչի եւ Ս. Աթանագինեի նշխարների Հայաստան բերելը հաջորդում է Սուրբ կույսերի նահատակության պանծացման մեծ իրադարձությանը։ Եկեղեցին պահպանել է այս ժամանակագրությունը, թեպետ որոշ տեղաշարժ է կատարվել: Խոր Վիրապից Լուսավորչի ելքն այնքան մեծ շրջադարձ էր հայ ժողովրդի համար, որ ցանկացել է ավելի շեշտել դրա կարեւորությունը։

Հաջորդ հարցը վերաբերում է Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինեի հիշատակը հիվանդ կույսի նահատակության վայրում կառուցված տաճարում նշելուն: Երբ Սիմեոն Հայրապետը բաժանում էր տոներն ըստ օրերի, նկատում է, որ հիմնականում Սուրբ Հռիփսիմե եւ Սուրբ Գայանե եկեղեցիներում է կատարվում ծիսակատարություների մեծ մասը, հավատացյալները միայն նրանց են հիշում: Իսկ հիվանդ կույսին ոչ ոք չէր հիշում, նա մնացել էր արհամարհված եւ մի կողմ թողնված: Ուստի Սիմեոն Երեւանցին ուխտի օր է նշանակում հիվանդ կույսի մասունքների վրա կառուցված տաճարի համար, որպեսզի նա եւս չանտեսվի, քանի որ այս կույսն այնքան սուրբ էր, որքան սուրբ էին Գայանեն ու Հռիփսիմեն:

Առ Աստված մեր աղոթքով, ցնծալով եւ ուրախանալով, մենք նշեցինք նահատակ բոլոր կույսերի հիշատակը, նաեւ խոնարհվեցինք նրանց սուրբ մասունքների ու նշխարների առջեւ՝ հայցելով վերջիններիս բարեխոսությունը:

Հաճախ հնչում է այսպիսի հարց եւս. ինչո՞ւ է եկեղեցին Շողակաթ կոչվում, այլ ոչ թե Մարիանե, երբ նահատակ կույսը Սուրբ Մարիանեն էր։ Շատերը շփոթության մեջ են՝ կարծելով, թե կույսի անունը Շողակաթ էր։ Այդպես չէ: Շողակաթ է կոչվում այն տեսիլքի պատճառով, որ տեսավ Սուրբ Գրիգորը: Երբ տեսիլքով Տերը, ոսկե ոռնակը ձեռքին, նրան հայտնեց այն վայրը, ուր պետք է կառուցվեր Ս. Էջմիածնի մայր տաճարը, նաեւ շողեր սկսեցին կաթել այն վկայարանի վրա, ուր նահատակվել էր հիվանդ կույսը:

Աստված չէր անտեսել Մարիանեին: Հնձանի մեջ նահատակված հիվանդ կույսն ուներ երկնային շնորհներ, եւ Տերն Իր էջքի ժամանակ նաեւ դա բացահայտեց: Ուրեմն Շողակաթը ոչ թե կույսի, այլ տեսիլքի անունն է: Ըստ այդ տեսիլքի՝ կառուցվեց Սուրբ Էջմիածնի փառահեղ տաճարը։ Ամփոփում։ Ի՞նչ իմաստուն խորհուրդ է պատկերում Սիմեոն Երեւանցին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից, ապա եւ Համբարձումից հետո կարգելով այս հիմնական տոները։ Երանաշնորհ Հայրապետի մտքի սլացքն ուղղված էր այն հանգամանքի վրա, որ Հարությանն ու Համբարձմանը հաջորդող տոների թագն ու պսակը Սուրբ Էջքն է հանդիսանում՝ Ս. Լուսավորչի տեսիլքը, որի ժամանակ, շողերի կաթկթոցի միջոցով, կարեւորվում է նաեւ հանուն Հիսուսի նահատակված Սուրբ Կույսը, հայոց հողում նրա հեղած արյունը: Երանաշնորհ Հայրապետը Ս. Հովհաննես Մկրտչի եւ Ս. Աթանագինեի հիշատակի պանծացմամբ վառ է պահում նաեւ Ս. Մարիանեի հիշատակը:

Ուստի եկեք աղոթենք, որ մեր ուխտն ընդունելի լինի, խոնարհվենք նահատակ կույսերի եւ տարբեր վայրերում ամփոփված երկու Սրբերի նշխարների առջեւ եւ հայցենք նրանց բարեխոսությունը:

Աղոթք վերառաքենք առ Աստված, որպեսզի Նա արժանի դարձնի մեզ՝ շաբաթ եւ կիրակի օրերը Տիրոջ կենարար Խոսքով զարդարել մեր ժողովրդի կյանքը: Աստված ամենքիդ եւ մեզ հետ. ամեն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները