Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

«ԶԻ ՈՐ ՈՉ ԲԱՌՆԱՅ ԶԽԱՉ ԻՒՐ ԵՎ ԳԱՅ
ԶԿՆԻ ԻՄ, ՈՉ ԿԱՐԷ ԻՄ ԱՇԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՆ Ի ՎԻՐԱՊԵՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Կես գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից, Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից»:
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

ան կանթեղներ, որոնց մեջ կրակը երբեք չի մարում, քանի դեռ կա դրանք իր հոգում կրող ժողովուրդ: Նախախնամությունը հայ ժողովրդին էր վերապահել այդ անմար ջահերից մեկն իր սրտում կրելու առաքելությունը: Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը մշտապես շողարձակվելու էր հայոց երկնակամարում՝ մեզ պատմության լաբիրինթներով ուղեկցելով դեպի աստվածային լույսը: Համաձայն Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության՝ Լուսավորչի վիրապն այնտեղ էր, ուր հազարամյակներ առաջ, Արարատից իջնելով, Նոյ Նահապետը զոհասեղան կանգնեցրեց հանուն Աստծո՝ փառաբանելով Տիրոջն իր եւ ընտանիքի փրկության համար: Ինչպես հիշատակում է Ագաթանգեղոսը՝ հակառակ Տրդատ արքայի ճնշմանը, Գրիգորը հրաժարվեց երկրպագել Անահիտ չաստվածուհուն՝ ասելով. «Աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որեւէ մեկին տալ» եւ չարչարվեց ու նետվեց, Արտաշատի մոտ գտնվող, մահապարտների վիրապը: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան՝ հրեշտակի այցելությունների միջոցով զգալ տալով Իր հուսատու ու փրկիչ ներկայությունը:

Տասներեք տարի անընդմեջ աղոթեց Սուրբը: Ի զարմանս ամենքի, տասներեք տարի անց, Գրիգորին հանեցին խոր գբից եւ բերեցին Վաղարշապատ, ուր նա բուժեց մոլագար Տրդատ արքային: Սուրբն անձանձիր քարոզեց եւ ուսուցանեց մարդկանց, իսկ պահքի վերջին օրը նրան հայտնվեց Հիսուս Փրկիչը՝ հրաշափառ տեսիլքով մատնանշելով Մայր Տաճարի հիմնադրման վայրը, որ հետագայում դարձավ հայոց հավատի սրբություն սրբոցը:

Հավելենք նաեւ, որ նրան են նվիրվել բազմաթիվ ներբողներ, երգեր, շարականներ, հյուսվել ավանդույթներ, ինչպես օրինակ, Լուսավորչի կանթեղի եւ Տրդատի հավլունի թրի մասին: Ըստ ավանդույթներից մեկի՝ Արագած լեռան կատարին առանց պարանի կախված է Լուսավորչի մշտավառ կանթեղը, որում այրվում են Սրբի մաքրամաքուր արցունքները: Կանթեղը երեւում է միայն հավատավոր հոգի ու մաքուր սիրտ ունեցողներին եւ հույս տալիս նրանց:

Մեկ այլ ավանդազրույց փաստում է, որ Սեպուհ լեռան վրա իր կյանքի վերջին օրերին առանձնացել էր նաեւ հայոց Տրդատ արքան: Նրա հավլունի թուրը հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորիչն օրհնում եւ վեր է նետում: Աստվածային զորությամբ թուրը խաչանման կախվում է Սեպուհ լեռան կատարին եւ, Լուսավորչի մշտավառ կանթեղի լույսով ողողված, լույս ճառագում այնտեղից: Կանթեղն ու թուրը Արագածից Սեպուհ լեռ կապվում են ոսկե կամարով՝ իրար միացնելով հայոց երկու հատվածները, ինչպես նաեւ արքայի ու հայրապետի գործակցությունը բոլոր ժամանակներում:

Արդ, մեզ մնում է հոգով ցնծալ եւ հանապազ աղոթել՝ մեր երախտագիտությունը հայտնելով Աստծուն, որ նման հայրապետ է մեզ պագեւել, ում ժողովուրդը Լուսավորիչ է անվանել, հոգիների Լուսավորիչ, որ դուրս բերեց իր ժողովրդին կռապաշտության խավարից ու փոխարենը լուսավորեց Հիսուսի անմար կրակով: Հետեւաբար՝ պարտ է, որ այսօր եւ մշտապես, մեր Սուրբ Հայրապետի բարեխոսությունը հայցելով, աղաչենք ամենաողորմ Աստծուն, որպեսզի Իր մարդասիրության առատաբուխ շնորհներն իջեցնի անարժաններիս վրա՝ լուսո որդիներ դարձնելով, որպեսզի մենք եւս, բոլոր սրբերի հետ, մշտապես օրհնաբանենք ու փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵՎ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

13 հունիսի: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն: Տոնի ուրախ առիթով հայոց եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Ս. Յոթվերք մայր եկեղեցում, փոքրաթիվ հավատացյալների ներկայությամբ, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորչում օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Այստեղ նույնպես ներկա էին փոքրաթիվ ուխտավոր հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻՇԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները