Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

«ԷՋՄԻԱԾԻՆ՝ ԶԱՐԴ ԵԿԵՂԵՑԵԱՑ, ՊԱՐԾԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ...»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Էջմիածին՝ ծնող հոգեւոր, մայր շնորհասուն, համալսարան իմաստութեան,
վարժարան գիտնոց եւ նիւթ քարոզողանց»:
ՍԻՄԵՈՆ Ա ԵՐԵՒԱՆՑԻ

«Աստվածակառույց եւ անյաղթելի մեծի Աթոռոյս անշարժութիւն եւ անսասանութիւն» հայրապետադիր կարգի համաձայն՝ ամեն տարի, տարբեր առիթներով, Հայոց Եկեղեցու սպասավորներն այս մաղթանքն առ Ամենասուրբ Երրորդություն են վերառաքում՝ «վասն Մայր Աթոռոյ Ամենայն Հայոց»: Ահավասիկ, հունիսի 14-ին եւս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման շնորհալից այս տոնին, Հայաստանյայց Եկեղեցին իր աղերսն է առաքում դեպի երկինք, որպեսզի Բարձրյալ Տերն Իր իսկ հաստատած Մայր Աթոռը՝ անպարտելի ու անխորտակելի Վեմը, միշտ անհողդողդ ու անարատ պահի-պահպանի, նաեւ զորացնի, օրըստօրե պայծառացնի եւ, ի փառս Իր սուրբ անվան, աշխարհի բոլոր ծագերում ցոլացնի աստվածակերտ Սուրբ Էջմիածնի լույսը՝ ի նորոգություն բոլոր Քրիստոնյա Եկեղեցիների:

Հիրավի երբ խորամուխ ես լինում Ս. Էջմիածնի պատմության մեջ, բախվում ես աստվածային ճշմարտության այն վեմին, որի վրա դեպի երկնքի լազուրն է խոյացել հայոց գեղանի մայրը, քանզի հավատավոր ամեն մի հայորդի չի կարող չխոստովանել, որ Ս. Էջմիածինն ամենակալ Աստծո նախախնամությունից երբեք ու երբեք չի զրկվել: Նույնիսկ եթե տարիներ ու դարեր էլ են եղել, երբ Մայր Աթոռը լքվել ու անշքացել է, այդ ժամանակ նույնպես Աստծո խնամատարությունից չի զրկվել: Սուրբ Էջմիածինը ոչ թե մարդ արարածի կամեցողության ծնունդ է, այլ անպարագրելի Աստծո անքննելի կամքի, որովհետեւ հարուցյալ Աստվածորդին, ի նշան հայոց ազգի հանդեպ Ամենասուրբ Երրորդության տածած մասնավոր սիրո, երկնքից կրկին երկիր է իջել եւ, Իր իսկ արարչագործ Ս. Աջով, լուսաձեւ հորինվածքով հրաշակերտել «զՄայր Աթոռն մեր զՍուրբ Էջմիածին» մեծ քահանայապետությունը ժողովուրդների մեջ, որն «օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության օծության» (Ագաթանգեղոս):

Անշուշտ, Էջմիածինը երկնքից առաքված խորհուրդ է հայ ժողովրդի համար: Քրիստոս Ինքն իջավ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, որպեսզի մեր ժողովրդին Իրենը դարձնի: Սակայն Էջմիածինը միայն երնկառաք տեսիլք չմնաց Գրիգոր Լուսավորչի հոգու մեջ: Այն մարմին առավ, դարձավ Տաճար, դարձավ հանդիպման վայր Աստծո եւ հայ ժողովրդի համար դարեր շարունակ: Եվ այդ դարերի ընթացքում, երգվող շարականների, վեր առաքվող խնկաբույրի միջոցով, հայ ժողովրդի աղոթքը բարձրացավ դեպի Աստված, եւ հայ ազգը միացավ իր Աստծուն:

Սրբություն Սրբոց է հայ ազգի համար Սուրբ Էջմիածինը: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հայ ժողովուրդը Էջմիածնի քարերն է պաշտում: Ավետիք Իսահակյանն ասում է. «Էջմիածնի տոնն այն նշանավոր օրն է, որ հիշեցնում է Հայ Եկեղեցու ամեն անդամի, թե նա հոգեւոր կյանքի մի կենտրոն ունի, թե այդ կենտրոնի կենդանությունը, նրա հետ կենդանի կապ պահելը նույնչափ անհրաժեշտ է, որչափ հայի ինքնուրույն, ազգային, եկեղեցական կյանքի պահպանությունը»: Հետեւաբար, յուրաքանչյուր հայի պարտականությունն է մշտապես աղոթել Էջմիածնի անսասանության համար:

Արդ, թող մեզանից յուրաքանչյուրն իր ներքին տաճարում լուսո մի խորան կերտի, որպեսզի Ս. Էջմիածնից ճառագող լույսի կենսապարգեւ շողն այնտեղ թափանցի եւ մեր հոգիներում ու սրտերում անսակարկ Էջմիածնասիրություն ու աղոթասիրություն բորբոքի, քանզի ինչպես մենք նրանց, այնպես էլ մեր Մայր Աթոռը, նրա շնորհազարդ գահակալն ու մայրավանքի բովանդակ զինվորյալ միաբանությունը կարիք ունեն մեր անկեղծ ու ջերմեռանդ աղոթքների:

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները