Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

«ԶԱՐՀՈՒՐԵՑԱՆ ԶՕՐՔ ԵՐԿՆԱՅԻՆ, ՅՈՐԺԱՄ
ՏԵՍԻՆ ԶՏԷՐԴ Ի ԽԱՉԻՆ…»
ԵՐԵՎՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ

ոնը հիշատակությունն է Երուսաղեմի եկնքում խաչանման լույսի երեւման: Խորհրդանշաններ կան, որոնք դարերի ընթացքում եւս ներառում են ընդարձակ ու համապարփակ գաղափարներ: Այդպիսին է Ս. Խաչը: Այն ոչ միայն Հիսուսի խաչելության գործիքն է, այլ նաեւ խորհրդանիշը քրիստոնեության, Քրիստոսի քարոզած բոլոր վսեմ սկզբունքների եւ աստվածային ճշմարտությունների: Խաչը ոչ միայն մեր փրկության մեծագույն զենքն է, այլեւ սիմվոլը քառյակ առաքինությունների:

351 թվականի մայիսի 7-ն էր, երբ երկնքում ուժեղ լույս փայլեց, եւ մարդիկ ականատես եղան զարմանալի մի հրաշքի: Երկնքում երեւաց փրկչական Խաչի նշանը, որի լուսապայծառությունից մթագնեց արեգակը, եւ որը խորհրդանշում էր Քրիստոնեական Եկեղեցու հրաշափառ հաղթանակը խավարի դեմ: Այն շատ գեղեցիկ էր եւ շողարձակում էր ծիածանագույն շրջանակի մեջ, որ ճառագայթաձեւ փայլմամբ տարածվում էր Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը: Քրիստոնյաները շտապեցին դեպի Սիոնի Մայր եկեղեցի եւ այնտեղ երկար աղոթեցին ու իրենց գոհությունը հայտնեցին Աստծուն, որ արժանացան մեծագույն փառքի՝ Խաչյալ Հիսուսի նշանը տեսնելուն: Այդ հրաշքին ականատես եղան ոչ միայն քրիստոնյաները, այլեւ Երուսաղեմի՝ տարբեր կրոններ դավանող մյուս բնակիչները: Հրեաներից շատերը հավատացին աստվածային նշանին եւ, գալով քահանաների մոտ, խնդրեցին իրենց մկրտել, որպեսզի Քրիստոնեական Եկեղեցու անդամ դառնան:

Տարիներ անց Երուսաղեմի երկնքում դարձյալ շողարձակեց տերունական Խաչը եւ աստվածային հրաշքով դրոշմվեց անհավատների հագուստների վրա՝ ինչպես կրակից խանձված տեղեր: Մեծ մասը ցանկանում էր սրբել Խաչի նշանը հագուստի վրայից կամ լվանալ, բայց անօգուտ, որովհետեւ դա Աստծո հանդիմանության կնիքն էր: Շատերը դարձի եկան, հավատացին Հիսուսին, Սուրբ Կյուրեղի ձեռքով մկրտվեցին եւ դարձան քրիստոնյաներ: Կյուրեղ Հայրապետը նամակ գրեց Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, պատմեց Երուսաղեմում Ս. Խաչի երեւման մասին եւ խնդրեց, որ ամուր մնա քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ: Նամակը 5-րդ դարում թարգմանվեց հայերեն եւ մինչեւ օրս, Ս. Խաչի երեւման տոնին, կարդացվում է հայոց եկեղեցիներում: Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը:

Աստծո նախախնամությամբ մահվան այդ գործիքը լուսեղեն եւ ոգեղեն կերպարանք է առել՝ կարծես հասկացնելով, որ բոլոր նրանք, ովքեր կվերցնեն իրենց խաչը եւ կհետեւեն Քրիստոսին, ի վերջո պիտի ստանան նույն փառավորյալ ու լուսավորյալ վիճակը, քանզի խաչի ճանապարհը, որ դեպի երկինք առաջնորդող նեղ, բայց միեւնույն ժամանակ փրկության տանող ճանապարհն է, հաղթանակով է պսակվում: Իսկ այդ հաղթանակն այլ բան չէ, եթե ոչ Աստծո ներկայությունը ժառանգելը եւ Հիսուս Քրիստոսի հետ անմահության մեջ բնակվելը:

Արդ, այսօր, երբ Հայ Եկեղեցին տոնախմբում է երկնքում Խաչի երեւման տոնի հիշատակությունը, մի կոչ եւ հորդոր ունի բոլորիս՝ Քրիստոսի փրկարար Խաչին դավանողներիս ուղղված. այն է, թե՝ Խաչն է մեր միակ ապավենը, եւ Տերն Իր ամենահաղթ Ս. Խաչի նշանով է մեզ տալիս այն վստահությունը, որ ինչպես Ինքը հաղթեց մահվանն ու դժողքին, նույնպես եւ մենք, սրբազան Խաչի միջոցով, կարող ենք հաղթել սատանային եւ աշխարհասեր ցանկություններին:

Ուրեմն՝ երիցս օրհնյալ է Խաչի զորության խորհուրդը եւ արժանի փառաբանության ու օրհնաբանության, քանզի Խաչի զորությունն Ինքը Քրիստոս է, որ միացած ու բեւեռված է նրա վրա, Ում փառք եւ պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

Մայիսի 10-ին՝ տոնի ուրախ առիթով, առավոտյան ժամը 7:00-ին, Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները