Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ ԼԻ

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»:
ՄԱՏԹ. 18:20

խտագնացություններն ու միասնական աղոթքն անփոխարինելի են քրիստոնյայի կյանքում: Կարեւոր է, որ բոլորս, դուրս գալով մեր նեղ անձնական խնդիրներից, աղոթենք եւ ուխտի գնանք այս օրհասական վարակի օրերին ոչ միայն մեր հոգու փրկության, այլ նաեւ ուրիշների համար: Աղոթենք միասնաբար՝ վերագտնելու հասարակական անդորր ու առողջություն՝ նորոգվելու ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով:

Այս ցանկությունն ի մտի ունենալով՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմի մայիսի 21-ի՝ հավատով լի ու հույսով լեցուն ուխտագնացությունը դեպի հրաշագործ Ծաղկեվանք էր: Արա լեռան սրտում գտնվող վանքն ուխտատեղի է, ուր հավատավոր ուխտավորներն այցելում են նաեւ բուժիչ ջրի համար:

ԾԱՂԿԵՎԱՆՔԻ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՊՏՏՎՈՂ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում: Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է, թե առողջարար հատկություններ ունի: Առողջարար է հատկապես տեսողության խնդիրներ ունեցողների համար: Գիտնականներն ասում են, որ ջրում ցինկի առկայությունն օգնում է տեսողության, ինչպես նաեւ հոդերի եւ մկանների ջղաձգության ժամանակ: Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում:

Ըստ ավանդության՝ քրիստոնյա Վարվառե կույսը, փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է, Աշտարակի մոտ գտնվող, Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում եւ սպանում: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ եւ կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, եւ Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից:

Քարանձավը դարձել է ուխտատեղի, որի պատերից մշտապես ջուր է հոսում: Այն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Ըստ մեկ այլ լեգենդի՝ Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում: Հայ իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությունը եւ ցանկանում բռնի տիրանալ: Վախեցած Ծաղիկը փախչում է Արայի լեռ՝ թաքնվելու համար: Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որ գառներ էր արածեցնում եւ խնդրում ոչ ոքի չհայտնել իր տեղը:

Զայրացած իշխանն սկսում է փնտրել Ծաղկին՝ նրան պատժելու համար: Փնտրտուքի ճանապարհին նա հանդիպում է հովվին: Վերջինս վախենում է իշխանից եւ հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկը տեսնելով, որ իշխանն ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռի վրա եւ ցած նետվում: Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է: Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք: Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները: Մարդիկ գալիս են եւ տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց եւ կենդանիների աչքերը:

Տարիներ առաջ Ծաղկեվանք տանող ճանապարհը բավականին խորդուբորդ էր, այն վերանորոգել է մի կին: Ասում են, թե նա երկար տարիներ չէր մայրանում: Մի անգամ երազում խմում է վանքի ջրից: Հետեւելով երազին՝ նա ուխտի է գնում Ծաղկեվանք եւ խմում քարանձավի աղբյուրի ջրից: Շուտով կինը մայրանում է եւ որոշում վերանորոգել քանդված ճանապարհը:

Ծաղկեվանքն ունի նաեւ ուխտի օր` մայիսի 5-ը: Հատկապես այդ օրն այստեղ են գալիս հարյուրավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկներ տարբեր վայրերից: Մարդիկ նաեւ երազանք են պահում եւ որեւէ իր թողնում վանքում՝ հավատալով, որ այն անպայման կիրականանա:

«Եկել ենք վերստին նորոգելու մեր ուխտը Տիրոջ հետ, միանալու Նրան, զորանալու Նրա շնորհներով: Եթե մեր հոգիները բաց լինեն, խոսենք Աստծո հետ, վստահաբար պիտի զգանք նաեւ այդ աղոթքների զորությունն ու ուժը»,- ասաց սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները