Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  


 

       

«ՀԱՄԲԱՐՁԱՒ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՒ
ՏԷՐ ՄԵՐ ՁԱՅՆԻՒ ՓՈՂՈՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սա է, որ ի գերեզմանէն յարեաւ եւ աւերեաց ըզդժոխս եւ վերահամբարձեալ փառօք գայ առ Հայր Տէր...»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը, որ Քրիստոնեական ավանդական բոլոր Եկեղեցիները դիտարկում են որպես լրումն տերունական տոների եւ տնօրինական խորհուրդների՝ սկսած Սուրբ Ծննդից մինչեւ Սուրբ Հարություն: Անժամանակ Բանն Աստված ժամանակի մեջ, ճշմարիտ մարդեղությամբ, կործանեց սատանային, հրաշալի փառքով երկինք համբարձվեց եւ, առաքելական հիմքի վրա, հաստատեց Սուրբ Ընդհանրական Եկեղեցին: Քրիստոսի համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռը, Երուսաղեմի շրջակայքում եղած ամենաբարձր լեռներից է: Դա այն բարձունքն է, ուր Հիսուս աղոթում էր եւ ուր Նրան ձերբակալեցին:

Քրիստոսի համբարձմամբ դեպի երկինք ճանապարհը բացվեց մարդկանց համար, եւ տրվեց մեզ «յամարձակություն յուսալոյ նոյն» եւ «մտանել մարմնով ի յաւիտենական ժառանգութիւն» (Ս. Գրիգոր Տաթեւացի), քանի որ մինչ այդ մարդիկ կարող էին միայն դժողք իջնել, բայց ոչ՝ երկինք բարձրանալ, ինչպես նավը կարող է հոսանքով վար իջնել, բայց ոչ երբեք՝ վեր ելնել:

Նա համբարձվեց որպես կշտամբանք Իր անօգուտ վաստակի համար, ինչպես ասում է Եսային. «Զուր տեղը չարչարվեցի, իմ ուժն անմիտ բաների վրա ծախսեցի» (Եսայի ԽԹ 4): Համբարձվեց, որպեսզի մեզ համար տեղ պատրաստի, ինչպես որ խոստացավ. «Եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մոտ…» (Հովհ. ԺԴ 3), եւ վստահություն տա հուսալու, որ մարմնով մտնելու ենք հավիտենական ժառանգություն. «Եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ: Իսկ եթե գնամ, Նրան կառաքեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 7):

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» անունով: Վիճակ գցելու ավանդությունը զուգորդվում է Համբարձման տոնի հետ: Երբ Հուդան, դավաճանության պատճառով դուրս մնաց Առաքյալների շարքից, վերջիններս, իրենց թիվը կրկին տասներկու դարձնելու համար, վիճակ գցեցին երկու արժանավորների՝ Հովսեփ Բարսաբայի ու Մադաթիայի միջև եւ աղոթելով ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ՝ իր տեղը գնալու համար» (Գործք Ա 24):

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդական մշակույթում հայտնի է «Վիճակ», «Ջանգյուլում» եւ «Կաթնապուրի տոն» անվանումներով: Համաձայն հայոց ավանդական տոնացույցի՝ Համբարձումը գարնանային տոներից էր, որը եւս ներառվել էր քրիստոնեական տոնացույցում՝ ստանալով նաեւ կրոնական մեկնաբանություն:

Տոնի գլխավոր արարողությունը «վիճակ» հանելու սովորույթն էր: Սովորույթի համաձայն, աղջիկների խմբերը նախապես դաշտերից, հատուկ այդ տոնի համար, ծաղիկներ էին քաղում, փնջեր կապում, այնուհետեւ դրանցով շրջում տնե-տուն: Ըստ ժողովրդական հավատալիքների՝ Համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու խոտերն սկսում են միմյանց հետ խոսել եւ ասել, թե իրենք ինչ ցավի դեղ են կամ իրենց արմատների մոտ ինչ է պահված: Եվ ով այդ ժամանակ «շահմար» օձին խփի ու հավասար կիսի եւ ուտի պոչը, նա ծաղիկների լեզուն հասկանալու շնորհ կստանա: Այս համոզմամբ Համբարձման գիշերը մարդիկ երկրի վրա որոնում են ծաղիկների լույսը եւ փորձում ձեռք բերել դրանց լեզուն հասկանալու շնորհը:

Տոնի ծիսական կերակուրը կաթնապուրն էր, որ պտղաբերության խորհուրդ ուներ, քանզի պատրաստվում էր կյանքի շարունակելիության խորհրդանիշ հատիկով եւ աճ, բազմացում ապահովող կաթով: Սովորույթի համաձայն՝ Զատկից մինչեւ Համբարձում կաթնապուր չէին պատրաստում, որ կովերի կաթը չպակասի, իսկ Համբարձմանն առաջին եփվող կաթնապուրը ճաշակվում էր մեծ հանդիսավորությամբ, անցորդներին հրավիրում էին ճաշակելու եւ բաժին հանում դրացիներին:

Միաժամանակ ընդունված էր այդ օրերին առաջին անգամ ուրց հավաքել, ինչը եւս արգելված էր մինչեւ Համբարձման տոնը: Այդ օրը հավաքած ուրցը չորացնում էին եւ օգտագործում միայն հիվանդությունների ժամանակ որպես ապաքինող միջոց՝ հավատալով դրա ծիսականացված զորությանը:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Մայիսի 21-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում կրկին ղողանջեցին զանգերը՝ այս անգամ ոչ թե Սուրբ եւ անմահ Պատարագի կանչելով հավատավոր հայորդիներին, այլ միմիայն ի լուր ամենքի հնչեցնելով բարի ավետիսը, նաեւ հավաստելով, որ, չնայած ստեղծված իրավիճակին, Հայոց Եկեղեցին միշտ իր զավակների կողքին է եւ աղոթում է նրանց համար:

Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ «ԷՋ ՄԻԱԾԻՆ Ի ՀՕՐԷ ԵՒ ԼՈՅՍ ՓԱՌԱՑ ԸՆԴ ՆՄԱ»

Համբարձման տոնի հետ մեկտեղ Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրման հիշատակը, երբ, պատմության թելադրանքով 484 թվականից ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած, Հայրապետական Աթոռը, Վաղարշապատի Ազգային ժողովի որոշմամբ, վերահաստատվեց Լուսավորչահիմն Սուրբ Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, հընթացս սրբազան արարողակարգի, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց գոհաբանական մաղթանք:


ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները