Տոն առաջիկա
ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ
ինանց
շրջանի յոթերորդ կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ, եւ Հայ Առաքելական
Եկեղեցին այն նշում է Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի
օրը: Ինչպես առաջին Ծաղկազարդը Մեծ պահքի յոթերորդ կիրակի օրն է,
այնպես էլ երկրորդը` Հինանց յոթերորդ կիրակի օրը:
Տոնի
անվանումն առաջացել է Սուրբ Հարությանը նախորդող Ծաղկազարդի անվանումից:
Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ
մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի
ճյուղեր սփռում Նրա ոտքերի առջեւ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու
հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:
Ներսես Շնորհալու եղբայր Գրիգոր Բ Վկայասեր Կաթողիկոսի սահմանած
այս տոնը կապված է զուտ ազգային ավանդության հետ, համաձայն որի,
երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գտնվում էր Խոր վիրապում, մի հրեշտակ
ամեն օր այցելում էր նրան:
Համբարձման չորրորդ օրը նա բացակայում է: Հաջորդ օրը, երբ նորից
է հայտնվում երկնային հրեշտակն ու սկսում սպասարկել Աստծո նվիրյալին,
Գրիգոր Լուսավորիչը հարցնում է բացակայության պատճառը եւ տեղեկանում,
որ այդ օրը երկնային քահանայապետությունը տոնում էր Հիսուսի երկինք
համբառնալը եւ նույն օրը չորրորդ դասակարգության տոնն էր: Համբարձմանը
հաջորդող ինն օրերին Քրիստոս հրեշտակների ինը դասերում է լինում
եւ յուրաքանչյուր դասում մի օր հանգստանում: Այդ օրերին յուրաքանչյուր
դաս ցնծությամբ եւ ուրախությամբ ընդառաջ էր ելնում Տիրոջն ու Նրա
պատվին տոն կատարում, իսկ Տերը նրանց հայտնում էր Իր մարդեղության
խորհուրդը: Չորրորդ օրը չորրորդ դասում է հանգստանում: Ուստի ամեն
տարի, Քրիստոսի Համբարձումը տոնելու համար, հրեշտակների ինը դասերը
հաջորդաբար տոնախմբություն են կատարում: Ինքը, լինելով չորրորդ դասից,
չի ցանկացել չորրորդ օրն իր դասի ուրախությունից բացակայել:
Ինչպես Հարությունից հետո Քրիստոս մնաց օդում քառասուն օր, որպեսզի
մարդկանց մեջ հաստատի Իր Հարության հավատը, այդպես էլ Համբարձումից
հետո ինն օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց
փրկության խորհուրդը:
Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության՝
բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որն էլ հենց ծառայում էր Քրիստոսին
Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ
փրկարար տնօրինության մասին՝ մինչեւ Համբարձումը: Համբարձման ժամանակ,
երբ Տերն անցնում է հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում
են, թե ո՞վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին
դասի հրեշտակները բացատրում են ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունն
Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է (Սղմ. 23:8-9): Նույն այս հարց ու
պատասխանը նաեւ, Սուրբ Պատարագի արարողության ընթացքում կատարվող,
վերաբերումի մաս է կազմում:
Երկրորդ Ծաղկազարդին նույնությամբ կրկնվում են Ծաղկազարդի տոնի ընթերցվածներն
ու շարականները:
Այսպիսով, ըստ Եկեղեցու հայրերի, եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում
է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում
է Հիսուսի փառավոր մուտքն ի Վերին՝ Երկնային Երուսաղեմ, հրեշտակների
ուղեկցությամբ: Առաջինին Տերը փառաբանվում է որպես Դավթի Որդի, իսկ
երկրորդին` որպես Աստծո Որդի:
Երկրորդ Ծաղկազարդը տոնում է միայն Հայ Եկեղեցին: Այն քրիստոնյաներին
վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո երկնքում
Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում: Այս
առիթով Գրիգոր Վկայասեր Կաթողիկոսի գրած «Մեծահրաշ այս խորհուրդ»
շարականում հանգամանորեն պատմվում է ամբողջ ավանդությունը:
>>>
|
|