Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ՅԱՐԵԱՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՐ Ի ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԱՐՈԶԵՑԱՐ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սէրդ սիրով խոնարհեցար, ի փրկութիւն մեր մարմնացար, Նովին մարմնովդ խաչեցար, ի գերեզման մահու եղար, Այսօր յարեար աստուածաբար:
ՇԱՐԱԿՆՈՑ

պրիլի տասներկուսին նշվեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Ցնծություն էր ապրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քանզի Տիրոջ Հարությամբ մահվան դեմ տարած հաղթանակը եղավ մարդկության պատմության մեծագույն նվաճումը: Քրիստոս, Իր տնօրինական առաքելության ընթացքում, ուսուցանեց հարության ճշմարտությունը, այլ խոսքով՝ սիրո, զոհողության, նեղության, տառապանքով ու հալածանքով առլեցուն կյանք քարոզեց, որի փառապսակը հանդիսացավ հրաշափառ Հարությունը: Հրեշտակի ավետած «այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 5) տողը դարձավ քրիստոնեության հիմքն ու հույսը, նպատակակետը: Տիրոջ ճշմարիտ հետեւորդը նույն պարգեւն է ստանալու Հարուցյալ Փրկչից:

Հարության մեծախորհուրդ ավետիսը մեկ անգամ եւս վերապրելու ակնկալությամբ առավոտ կանուխ՝ ժամը 7:00-ին, Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Քրիստոսի հրաշափառ Հարության ավետմամբ է փոխանցվում նաեւ բոլոր մահացածների հարության հույսը, քանզի, օրվա խորհուրդն ու իմաստը բացահայտող, շարականի բառերով ասած. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»:

Այլ կերպ հնչեց այս տարի Սուրբ Հարության ավետիսը հայոց եկեղեցիների կամարների ներքո՝ առանց հավատացյալների: Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի, հոգով ու քրիստոնեական սիրով միաբան, իր տանը ծնրադիր մասնակից եղավ Սուրբ Պատարագին, աղոթք առաքեց առ Բարձրյալը՝ համաճարակի շուտափույթ վերացման եւ երկիր մոլորակի առողջացման համար: Ապա նաեւ ցնծագին ունկնդրեց Սուրբ Հարության ավետիսն այն մեծ հավատոով, թե նորոգ հարուցյալ Տերն է միմիայն ունկնդիր ու ապավեն լինելու համայն մարդկությանը:

ՊԱՏԱՐԱԳԻՉ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ

Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Հարության օրվա արշալույսին երեւի պիտի երազեինք առավոտ շուտ Սուրբ Պատարագ մատուցելու այսպիսի հնարավորության մասին: Եվ ահա փորձության ճանապարհով, փորձությունների միջով անցնելով` արժանացանք, Սուրբ Յոթվերքի պատկերի առջեւ, Հարության Պատարագ մատուցելուն: Այո՛, չկա չարիք՝ առանց բարիքի, եւ Տերը եթե թույլ է տալիս, որ փորձությունները գան, դարձյալ մեր օգուտի եւ մեզ ողորմելու համար է թույլ տալիս: Այս փորձությունն էլ եկել, հասել եւ թակում է մեր դռները, երբեմն էլ ներս մտնում՝ ցույց տալու համար, որ մենք այս աշխարհում, այս երկիր մոլորակի վրա թագավոր չենք, թեեւ թագավորի նման ենք ապրում, այսինքն՝ թագավոր չենք բնությամբ, բայց թագավոր ենք շնորհով: Աստված մեզ տվել է հնարավորություն՝ այս տիեզերքի թագավորը լինելու, բայց դա մեր իրավունքը չէ, Նրա տված շնորհն է: Եվ երբ մոռանում ենք Արարչին ու կարծում ենք, թե մենք մեզնով ենք, լինում է այն, ինչի մեջ որ ենք:

Հետեւաբար՝ այս փորձությունը հնարավորություն է տալիս խորհել մոլորակի վրա յուրաքանչյուր մարդու՝ մեծ, թե փոքր, հավատացյալ, թե անհավատ, քրիստոնյա, թե այլադավան, հասկանալ, որ ինքն այս աշխարհում տեր չէ, թագավոր չէ, այլ ընդամենը կարգված է իշխելու: Այդ հնարավորությունը տրված է իրեն, ոչ թե ինքը ծնվել է իբրեւ թագավոր: Ուստի այս փորձությունները գալիս են ի բարիս, ոչ թե ի չարիս: Գալիս են մեզ սովորեցնելու, որ այս տիեզերքը Արարիչ ունի, եւ տիեզերքի Արարչի օրենքները խախտելը պատժվում է: Ոչ թե Աստված պատժում է Ինքն անմիջապես, այլ Նա այնպես է դրել տիեզերական օրենքները, որ երբ խախտում ես դրանք, փոխարենն ստանում ես հատուցում: Աստված պետք չունի հատուկ պատժելու: Տիեզերական օրենքները Նա այնպես է դրել, որ որեւիցե մի խախտում անմիջապես ունենում է բացասական հետեւանք ե՛ւ խախտողի, ե՛ւ նրա մերձավորների, ե՛ւ նրա սերունդների համար: Հետեւաբար՝ սա հնարավորություն է յուրաքանչյուրին՝ խորհելու, թե ով է ինքն այս անծայրածիր տիեզերքի մեջ: Նա նույնքան փոքր է, որքան այսօր մեզ ծնկի բերած այդ մանրէն, այդ վիրուսը: Մենք երեւի տիեզերքի մեջ ավելի փոքր ենք, քան այդ վիրուսը մեր մեջ, որ թափանցում է աննկատ: Եթե մենք այդքան մանր ենք, ապա, այդ մանրության զգացումն ունենալով, պիտի հասկանանք Արարչի մեծությունը, եւ կոնկրետ մենք՝ քրիստոնյաներս, Քրիստոսով, Քրիստոսի Հարությամբ տրված շնորհով պիտի ապրենք այնպես, ինչպես Ինքն է ուզում, որ ապրենք, ոչ թե այնպես, ինչպես մենք ենք ուզում կամ մեր մեջ բնակված չարը:

Ուրեմն՝ բոլորիս համար խորհելու, մտածելու առիթ են այս օրերը, ոչ թե տներում փակվելու, հեռուստացույցի առջեւ նիրհելու կամ խոհանոցից դուրս չգալու, խոսքով, բամբասանքով անցկացնելու, մարմինը պարարտացնելու կամ էլ վախենալու, թե հանկարծ չվարակվենք, այլ խորհրդածելու, թե ով ենք այս աշխարհում: Ինչքան փոքր եմ, մտածեք, որ ինձանից միլարդավոր փոքր մի մանրէ կարող է ինձ հասցնել մահվան դուռ, եւ դրա համար ոչ ոք մեղավոր չէ, բացի ինձանից: Ահավասիկ այսօր ուրախության օր է, եւ մենք, մեր մեղքերի պատճառով, չենք կարողանում լիաթոք ուրախանալ, գրկախառնվել, միմյանց ասել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Հարուցյալ Տերը չէ մեղավոր, այլ մեր մեջ, մարդկության մեջ արմատացած մեղքն է, որ բերեց այս հետեւանքին: Շատ հղփացանք, շատ հոռացանք: Չկարծեք, թե խոսքը միայն մեր ազգին է վերաբերում, այլ՝ մարդկությանը: Եվ եթե այս հնարավորությունն էլ, այո՛, փորձությամբ տրված այս հնարավորությունն էլ սխալ օգտագործենք, վա՜յ մեզ եւ վա՜յ մարդկությանը:

Անշուշտ, այս փորձությունը մարդկությունը կհաղթահարի կորուստների գնով: Բայց եթե չխրատվեց, կգա հաջորդը: Հետեւաբար՝ չկա չարիք, առանց բարիքի: Մենք պետք է աղոթենք, սիրելինե՛րս, բոլորս, հեռավորներ եւ մերձավորներ, աղոթենք, որպեսզի հարուցյալ Տերը մեզ թույլ տա անցնել այս փորձությունը նվազագույն կորուստներով եւ դուրս գալք այս փորձությունից առավել հաղթանակած, առավել համախմբված, առավել հավատացյալ, առավել մարդ: Ոչ թե դուրս գալուց հետո ասենք. «Օ՜ֆ, ինչ լավ էր, սրանից էլ պրծանք»: Այլ ասենք. «Փառքդ շատ, Տեր Աստված, խրատեցիր մեզ, ուղղեցիր մեզ, ճիշտ ճանապարհի վրա դրեցիր մեզ: Եվ իրոք, այս տարի առաջին անգամ լավագույն կերպով հասկացանք, թե ով ենք մենք եւ որքան բարի ես Դու, որքան ողորմած. այնքան ողորմած, որ, ահավասիկ, մարդացար, մարմնացար մեզ համար, խաչվեցիր, թաղվեցիր եւ այսօր հարություն առար մեզ համար, քեզ համար չուզեցիր ինչ-որ մի հրաշք ցուցադրել, այլ՝ որպեսզի մենք զարմանանք: Հարություն առար, որպեսզի մենք հարության արժեքը, մեր կյանքի արժեքը, մեր կյանքի նպատակի արժեքը հասկանանք, մեր առաքելությունը հասկանանք, մեր մարդկայնությունը հասկանանք, որովհետեւ մարդը միայն նա չէ, ով կարողանում է ուղիղ քայլել, այլ մարդը նա է, ով կարողանում է ուղիղ նայել Աստծուն եւ քայլել նրա ճանապարհով»:

Այսօր մենք ուրախ ենք, որ կանք եւ, Աստծո ողորմության շնորհիվ, տոնում ենք Սուրբ Զատիկը, Սուրբ Հարությունը եւ, նույնիսկ նեղության մեջ, նույնիսկ փորձության մեջ, ասում ենք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 13-ին առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում՝ առավոտյան ժամը 7:00-ին, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները