Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

«ՎԱՍՆ ՈՐՈՅ ԵՒ ՄԱՆԿՈՒՆՔ ԵԲՐԱՅԵՑՒՈՑ ՈՍՏՈՎՔ ՕՐՀՆԷԻՆ
ԶԱՆՄԱՀ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՔՈ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ձիթենյաց լեռից մանուկները տարածում էին իրենց հանդերձները եւ, ծառերից ոստեր բերելով, մատուցում էին Սուրբ Թագավորին՝ Աստվածորդուն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եծ Պահքի յոթերորդ կամ վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ կամ Ծառզարդար, որ հիշատակումն է Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի եւ սկիզբը Տիրոջ երկրավոր կյանքի վերջին շաբաթվա: Այն պսակվում է չարչարանքներով, խաչելությամբ ու հրաշափառ Սուրբ Հարությամբ: Օրվա Ավետարանական ընթերցվածը բովանդակում է, Քրիստոսի կյանքի հետ առնչվող, մի շարք դեպքեր՝ Ղազարոսի հարությունը, Իր հանդիսավոր մուտքը Երուսաղեմ:

Հակառակ ժողովրդի ուրախությանը եւ արքայական ընդունելություն ցուցաբերելուն, որին Տերը չէր ընդդիմանում, Քրիստոս գիտեր, որ Ինքն այս անգամ քաղաք է մտնում որպես զատկական գառ:

Քահանայապետերն ու փարիսեցիները խորհում էին, թե ինչպես վերջ դնեն Քրիստոսի երկրավոր կյանքին: Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին ընդառաջ են գնում նաեւ մանուկները: Օրհնաբանություններով ու փառաբանանքով, թափահարելով բողբոջուն ոստերը՝ նրանք ասում էին. «Օրհնություն Դավթի Որդուն» (Մատթ. ԻԱ 15), իսկ ներկաները բարձրաձայնում էին. «Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18), «Բոլորս կանք եւ ակնկալում ենք տեսնել Քրիստոսին եւ լսել Նրա երանավետ խոսքերը» (Մաշտոց): Անշուշտ, Հիսուս շատ էր սիրում մանուկներին եւ հորդորում է, որ նրանց պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանանք Իր տեսությանն ու երկնքի արքայությանը:

Երուսաղեմի մոտ Հիսուսին ժողովուրդը դիմավորում է որպես Մեսիայի, Փրկչի՝ համաձայն մարգարեության. «…Նրան են սպասում ժողովուրդները: Իր ավանակը կկապի որթից, իսկ որթի ոստերից՝ էշի քուռակը: Իր պատմուճանը կլվա գինով եւ Իր հագուստը՝ խաղողի արյամբ» (Ծննդ. Թ 10-11):

Հին ժամանակներում ավանակին բազմում էին արքաները: Մինչ Քրիստոս կբազմեր մայր ավանակին՝ առաքյալներն իրենց հանդերձանքը փռեցին կենդանու վրա: Սուրբ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Սա խորհրդանշում է առաքյալների եւ համայն հավատացյալների խոնարհումն Արարչին, իսկ փոքր ավանակը՝ առաքյալներին, որ, ժառանգորդ եւ որդեգիր լինելով, կոչված են ավետարանել Տիրոջ խոսքը: Ողջ ճանապարհին մարդկանց կողմից փռված ձիթենու ճյուղերը խորհրդանշում են մեր անձը, որ Արարչի ոտքերի առաջ է եւ պատրաստ ճկվելով դիմակայելու չարի փորձություններին ու չկոտրվելու»:

Այսպես՝ սպասելով Քրիստոսի երկրորդ գալստյանը, դիմավորում ենք Նրան՝ բանալով նախ մեր սրտի օթեւանները, ուր մտնելով երկնքի Արքան, Իր խաղաղությունն է բերում մեզ: Իսկ երբ թեւակոխում ենք Ավագ շաբաթ, վերստին անցնում ենք այն ողջ ճանապարհը, որ անցավ Քրիստոս, երբ երկրի վրա էր: Այն հիշատակն է մեր Տիրոջ մատնության, մահվան, չարչարանքների եւ փառավոր Հարության:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

5 ապրիլի: Այսօր հայոց բոլոր եկեղեցիներում Տիրոջ հանապազ օրհնությունն է վերստին բաշխվում: Գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո՝ ժամը 7:00-ին, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում սկսվեց, մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ խորհրդանշող տոնին նվիրված, Սուրբ եւ անմահ Պատարագը: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց Անդաստանի արարողություն:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
«ՕՐՀՆԵՑԷՔ ՄԱՆԿՈՒՆՔ ԶՏԷՐ ԵՒ ՕՐՀՆԵՑԷՔ ԶԱՆՈՒՆ ՏԵԱՌՆ»

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանվելով մանուկների բերանով. «Ովսաննա, օրհնեալ, որ գասդ յանուն Տեառն» (Հովհ. ԺԲ 13):

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի օրը սահմանել է մանուկների օրհնության օր: Ցավոք այս տարի, պայմանավորված երկրում տիրող իրավիճակով եւ հանուն երեխաների անվտանգության, հայոց եկեղեցիներում երեխաների օրհնության կարգ չկատարվեց:

ԴՌՆԲԱՑԵՔ

Շատ գեղեցիկ եւ խորհրդանշական է հատկապես Ծաղկազարդի երեկոյան կատարվող արարողությունը, որ կոչվում է Դռնբացեք: Եկեղեցու խորանը խորհրդանշում է երկնքի արքայությունը, իսկ վարագուրված լինելը ցույց է տալիս արքայության փակված դռները մեղավոր մարդկանց առջեւ: Եվ միայն մեղքերից հրաժարված մարդը կարող է համարձակություն ունենալ խնդրելու, որ իր առջեւ բացվեն երկնքի արքայության դռները: Ահա այս գեղեցիկ իրողությունն է ներկայացնում Դռնբացեքի արարողությունը:

Արարողակարգը հարց ու պատասխանի ձեւ ունի եւ իր տեսակով եզակի է Հայաստանյայց Եկեղեցում: Դռնբացեք է կոչվում, քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ: Դուռը կամ վարագույրը խորհրդանշում են Երկնքի արքայության դռները, որոնցից դուրս գտնվող ժողովուրդը, հոգեւորականի շուրթերով, խնդրում է Աստծուն իրեն ներս, այսինքն՝ արքայություն թողնել:

Այս գեղեցիկ արարողության խորհուրդը ներկայացնում է նաեւ Դռնբացեքի ժամանակ երգվող «Բաց մեզ, Տէր» հոգեզմայլ մեղեդին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները