Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Դու ես Քրիստոս, կեանք եւ յարութիւն ազգի մարդկան:
ՇԱՐԱԿԱՆ

րիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի եւ փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ հայտնեց Իր չարչարանքների եւ Հարության մասին, որի իմաստը նույնիսկ առաքյալները հստակությամբ չէին ըմբռնում: Քրիստոսի խաչելությունից հետո նրանք հուսահատ փակվել էին վերնատան մեջ եւ տարակուսում էին հավատալ, Փրկչի Հարության մասին, յուղաբեր կանանց ավետիսին: Սակայն, Հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումից հետո, տխրությունը վերափոխվեց Տիրոջ հետ միասնության երանության: Տիրոջ խաչելության եւ մահվան հարուցած ցավը փոխակերպվեց Փրկչի հաղթության բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ հարության տիեզերանորոգ արշալույսի: Եվ քրիստոնեության լույսն ու վարդապետությունը հաղթականորեն տարածվեցին ողջ աշխարհում՝ մարդկության կյանքն ուղղորդելով դեպի փրկություն ու հավիտենություն:

Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսն առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ: Այս տարվա զատկական կենսանորոգ տոնակատարությունը ողջ աշխարհում բազում հավատացյալներ անցկացնում են մեկուսի, շատերը հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից: Համավարակի ներկա բարդ պայմաններում նաեւ մեր եկեղեցիներում առանց հավատացյալների ենք կատարում սրբազան արարողությունները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելինե՛ր, հոգով, մտքով ու ձեր աղոթքներով մեզ հետ եք, եւ միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տոնը: Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է եւ հավիտենության պարգեւը բոլորիս: «Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան»,- ասում է Տերը (Հովհ. Ժ 10): Քրիստոսի պարգեւած կյանքը, մեր առօրեական դժվարություններից ու հոգսերից վեր, նոր իրականություն է, ուր Աստծո կամքն է տնօրինվում, ուր Տիրոջ պատվիրաններն ու պատգամներն արդյունավորվում են երկնահաճո իրագործումներով, եւ կյանքի խավարը վերածվում է այգաբացի:

Աշխարհով մեկ տարածված համավարակը մարտահրավեր է՝ ուղղված մարդկությանը, բայց հատկապես՝ մարդկայնությանը: Հավատում ենք, որ մարդկությունը կհաղթահարի համավարակի այս ծանր կացությունը եւ, դրանով պայմանավորված, բոլոր դժվարությունները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում: Սակայն առավել էական է, որ անշրջելի հաղթանակ արձանագրվի անմարդկային բոլոր դրսեւորումների, նյութապաշտության, աղքատության, անհավասարության, ռազմատենչության, պատերազմների եւ այլ չարիքների դեմ:

Մարդկության մեջ եղել են եւ այսօր էլ կան մարդասիրության, համերաշխության, ժողովուրդների իրավունքների պաշտպանության, հանուն բարիքի համատեղ գործելու բազում վկայություններ, որոնք լուսավոր ուղենիշ են աշխարհի նոր ընթացքի համար: Մարդկությունը պետք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկության երաշխիքն Աստծով ապրված կյանքն է, որ դառնում է օրհնության, ուժի ու զորության աղբյուր:

Աստծո ողորմությամբ այս փորձությանն էլ աշխարհը կդիմագրավի: Սակայն կենսականորեն կարեւոր է, այդ հաղթահարման հետ, դառնալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված, հոգեպես զորացած՝ Աստծուն մշտապես ունենալով մեզ առաջնորդ ու ապավեն: «Ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. Ե 4): Այո՛, սիրելիներ, Հարության հավատքով, մեր կյանքում Փրկչի ներկայության գիտակցությամբ մենք ի զորու կլինենք լուծման առաջնորդել մեր ժողովրդի առջեւ հառնած խնդիրները եւ կերտել այն լուսավոր ապագան, որ երազում ենք բոլորս: Քաջ գիտենք, որ դուք աշխարհում ամենուր դիմակայում եք առկա նեղություններին ու դժվարություններին: Բոլոր հանգամանքներում, սակայն, մեր պատրաստակամությունն ու հանձնառությունը պիտի դրսեւորվի՝ հոգ տանելու նաեւ մեր հայրենիքի եւ մեր քույրերի ու եղբայրների հանդեպ: Վերստին կոչ ենք հղում ի հայրենիս եւ ի սփյուռս Մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի դժվարին իրավիճակը հաղթահարելու, հիվանդների ապաքինման միջոցներն ու խնամքը հոգալու, խիստ նեղության մեջ հայտնված հայորդիներին օգնության ձեռք մեկնելու գործում հնարավոր զորակցություն բերելու հայրենի իշխանություններին եւ ընծայաբերումներ կատարելու, պետության կողմից այս նպատակով բացված, հատուկ հաշվեհամարին: Մեր Եկեղեցին այս օրերին, աշխարհասփյուռ իր թեմերով, ավելիով իր ջանքերն է ներդնում՝ օժանդակություն ցուցաբերելու կարիքավորներին, հոգեւոր խնամք եւ մխիթարություն մատուցելու մեր ժողովրդի զավակներին հայրենիքում եւ համայն աշխարհում: Բարեպաշտ զավակներ Մեր, Տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախենք մեր կյանքն ու գործը, ամուր պահենք համազգային միասնությունն ու համերաշխությունը՝ որպես Քրիստոսով հաղթանակած, Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ: Ապրենք հարության հավատով, Քրիստոսի պատվիրանների իրագործման նախանձախնդրությամբ՝ նոր հաղթանակներով ու պայծառ երազներով կերտելու մեր բարօր, շեն ու հզոր հայրենիքը եւ նրա լուսավոր գալիքը:

Այս մաղթանքով Քրիստոսի հրաշափառ Հարության քաջալերող ավետիսն ենք բերում Մեր հոգեւոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին՝ հայցելով Երկնավոր մեր Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ՀՀ նախագահ տիար Արմեն Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին, Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն՝ մաղթելով ուժ ու կորով դժվարին իրավիճակները հաղթահարելու եւ հայրենի պետությունն առաջընթացի ու բարօրության ուղիներով առաջնորդելու: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս, ի մասնավորի՝ Մեր բարձր գնահատանքը ստեղծված ծանր պայմաններում իրենց երախտարժան ծառայությունը մատուցող բժիշկներին, մեր հաղթական բանակի քաջարի զինվորներին ու սպաներին, ոստիկաններին, ուսուցիչներին, գովարժան սպասավորություն իրականացնող բոլոր նվիրյալ անձանց:

Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ Հարության Իր լուսեղեն շնորհները տարածյալ պահի համայն մարդկության, հայրենի մեր երկրի, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի վրա, ազատի փորձություններից եւ պարգեւի խաղաղություն ու երկնահեղ անսպառ օրհնություն: Թող Քրիստոսի Հարության եւ կյանքի հաղթանակի բարի ավետիսը մշտահունչ լինի մեր սրտերում ու հոգիներում: Եվ միասնաբար, Քրիստոսով քաջալեր ու զորացած, փորձությունները հաղթահարելով եւ մեր նոր կյանքը կերտելով՝ միշտ փառաբանենք Ամենակալն Աստծուն՝ Իր անսահման սիրով մեզ պարգեւած փրկության եւ հավիտենական կյանքի անգին շնորհների համար: Մնացեք Տիրոջ սիրո, շնորհի եւ օրհնության ներքո այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները