Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

լնելով երկրում տիրող իրավիճակից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվեց համազգային աղոթքի օր՝ համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար:

Այդ օրն աղոթքներ հնչեցին հայաստանյայց, այդ թվում նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Նորին Սուրբ Օծությունն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաեւ իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Տիրոջ զորակցությունն ու օգնությունն աշխարհին եւ մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար:

Դժվարին այս օրերին մտահոգությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, համավարակի պատճառով խաթարվել բնականոն կյանքը. մարդիկ մեկուսացել են, կրթական եւ այլ շատ հաստատություններ դադարել են գործելուց: Մարդիկ վախենում են, որ պատուհասը կարող է հասնել նաեւ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Սրտակից լինելով վարակից ազդված բոլոր մարդկանց, սիրելի հավատավոր զավակներ, խռովահույզ այս ժամանակներում մշտապես անդրադառնանք մարդուն տրված Աստծո ամենից մեծ պարգեւի` սիրո սքանչելի խորհրդին: Բոլորդ քաջ գիտեք, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ՝ առ մարդն Իր սիրուց մղված: Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, այդ անսահման սիրով մեզ համար չարչարվեց ու խաչվեց, Իր հրաշափառ Հարությամբ մարդկությանը պարգեւեց փրկության, հույսի, հավատի ու սիրո շնորհները, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, կարող լինենք նաեւ հաղթահարել դժվարություններն ու նեղությունները կյանքի: Արդարեւ, ուր կա սեր, հույս եւ հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը: Սուրբ Դավիթ մարգարեն ասում է. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սղմ. ԻԶ 1):

Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք: Այս պահին համայն մեր ժողովուրդը՝ աշխարհական եւ եկեղեցական, երիտասարդ եւ տարեց, յուրաքանչյուր հավատացյալ անձ իր առանձնական աղոթքն է երկինք վերառաքում բոլոր հիվանդների շուտափույթ առողջության, մեկուսացվածների տոկունության ու արիության եւ Աստծո գթառատ հովանու ներքո մեր կյանքի պաշտպանության համար: Համազգային աղոթքի այս օրը տարակույս չունենք, որ ողորմած Տերը լսում է մեր ձայնը: Առանձնաբար այս պահին ամեն մեկն իր բնակության, իր ծառայության վայրում աղոթում է, եւ աղոթքի քաղցրահունչ ձայնն է, որ մեզ միավորում է որպես մեկ ազգ, որպես Աստծո ժողովուրդ:

Սիրելի՛ զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության եւ միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից: Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, եւ առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որեւէ վտանգ:

Այս պահին, ի դեմս աղոթակից Մեր բոլոր զավակների, Մեր սրտաբուխ հայցն ենք բարձրացնում առ Երկնավոր մեր Հայրը՝ ասելով. «Բարերար եւ բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, եւ լսիր մեր աղաչանքները, որովհետեւ, Քեզ ապավինելով, ակնկալում ենք առատ ողորմությունդ եւ անսպառ գթությունդ: Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգեւիր բոլոր հիվանդներին, վարակից ապաքինվող բոլոր անձանց: Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի եւ կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին եւ խաղաղություն պարգեւիր նրանց բոլոր սիրելիներին:

Քո անչափ բարերար կամքով օրհնիր եւ զորություն պարգեւիր զօր ու գիշեր իրենց անձնվեր ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր անձնուրաց ջանքեր են ներդնում հիվանդներին ապաքինելու իրենց ծառայության մեջ:

Պահիր եւ պահպանիր մեր ժողովրդին եւ համայն աշխարհին, օգնական եղիր եւ քո աստվածային իմաստությունը պարգեւիր հայրենի մեր իշխանություններին եւ աշխարհի բոլոր առաջնորդներին, որպեսզի համավարակի դեմ պայքարի ձեռնարկումները պսակվեն հաջողությամբ, եւ Քո առատ շնորհով ու ողորմածությամբ կարող լինենք հաղթահարելու նաեւ այս փորձությունը:

Արդ, ողորմած եւ մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին եւ ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն»:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները