Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  


 

       

«Ի ՎԵՐԱՅ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՋԻ
ՀԱՍՏԱՏԵԱԼ ԿԱՅ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՆ ՀԱՅՈՑ»
ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

«Անօրինական ճգնութեամբ զհրեղէնսն զարմացուցեր, որք եւ գունդ յերկնից ի յերկիր խոնարհեալ ի տես հանդիսի նահատակութեանդ փութային»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը՝ նրա մուտքը վիրապ, տոնվում է Մեծ Պահքի հինգերորդ շաբաթ օրը: Երկրորդը՝ ելքը վիրապից, տոնվում է Հոգեգալստյան առաջին շաբաթ օրը: Երրորդը՝ նշխարների գյուտը, տոնվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու նշանավոր սրբերի դասին է պատկանում: Նրան անվանում են «Հայոց մկրտիչ», «Հայոց երկրորդ Լուսավորիչ»՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալներից հետո, իսկ քրիստոնեությունը հայերի համար անվանում են նաեւ «Լուսավորչի լույս հավատ»: Մեծ է Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությունը: Նա դարձի բերեց հայոց արքունիքը, մկրտեց համայն հայությանը եւ վառեց Լուսավորչի կանթեղը, ինչը մեր ժողովրդի հավատքի բանահյուսական խարիսխն է, որ, Արագածի կատարից կախված, 1700 տարուց ավելի լուսավորում է մեր քրիստոնեական միտքն ու առաջընթացը:

Հայոց Տրդատ արքան, գբի մեջ նետելով Գրիգորին, այն վստահությունն ու հավատն ուներ, թե պիտի կարողանա կոտրել կամքը, ընկճել հոգին եւ ոչնչացնել հավատը: Սակայն հեթանոս արքան հասու չէր այն ճշմարտությանը, որ երբ մարդ առանձնանում է իր Աստծո հետ, երբ կարողանում է իր անձն առավել չափով հավատքին տալ ու մնայուն հաղորակցության մեջ լինել Աստծո հետ, կամքը ոչ թե տկարանում, հավատը ոչ թե թուլանում, այլ առավել զորանում ու լուսավորվում է: Սուրբը տասներեք տարի ողջ մնաց գբում՝ Տիրոջ շնորհիվ մթին վիրապն իր տառապանքով փոխարկելով հայոց Գողգոթայի, կյանքի ու հավերժության խորհրդանիշի:

Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Լուսավորչի տասներկու չարչարանքներն ունեն հոգեւոր խորհուրդ: «Նախ մարդն ունի տասներկու զգայարաններ, որոնք ապականվել էին Ադամի մեղանչումով: Ըստ այդմ՝ Գրիգորն իր տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը կապված է որեւէ զգայարանի հետ, մաքրեց դրանք ապականությունից: Նաեւ Քրիստոսի տասներկու առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող չարչարանքով: Եվ Գրիգոր Լուսավորիչն այս տասներկու չարչարանքներից յուրաքանչյուրը կրել է՝ դառնալով տասներկու առաքյալներին չարչարանակից»:

Մարտի 28-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻԱՄ ՔԱՂՑՐԻԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները