Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջանը, որ աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է: Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները: Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգեւոր ճամփորդություն է, որպեսզի, մեր կենցաղավարությանն անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով, արժանի դառնանք տերունապարգեւ փրկության բաղձալի պարգեւին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամեն ինչում Նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող. Ա 9-10):

Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի՛ զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջեւ ունենալով Սուրբ Գրքի պատգամը, թե եղբայրասիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ. Ա Հովհ. Դ 20-21): Եղբայրասիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում եւ Սփյուռքում, ազգային եւ ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին եւ առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարեւ, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է: Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը:

Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարեւոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքն աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր եղբայրների ու քույրերի եւ բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների եւ քաղաքական ալեկոծությունների մեջ:

Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես եւ հավատքի, հոգեւոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց:

Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ եւ ամենքի. ամեն:

                                    Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները