Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ՄԻ ԵՐԿՆՉԵՔ ՅԱՆՑՄԱՆԷ, ՈՐ ՍՊԱՆԱՆԵՆ,
ԶՄԱՐՄԻՆ ԵՒ ԶՀՈԳԻ ՈՉ ԿԱՐԵՆ ՍՊԱՆԱՆԵԼ»
ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Կատարիչ խնդրուածաց, լսօղ աղօթից, երագահաս սուրբդ Սարգիս… բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»:
ՇԱՐԱԿԱՆ

այ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Պատճառը մեկն է՝ խորհրդանշում է սերը, քանզի «սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում…» (Ա Կորնթ. ԺԳ 4), այն համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն ու վեհն է: Ս. Սարգիսը մեր պատմության հոլովույթում ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող: Արագահաս զորավարն օգնում է բոլոր նրանց, ովքեր աղոթքով եւ աներեր հավատքով դիմում են նրա բարեխոսությանը: Սուրբ Սարգիսն իր վկայությամբ բոլորիս պատգամում է անսասան, անկոտրում սիրո հավատք, քանզի այս է ակունքն աստվածային գերագույն պատգամի, որ կոչվում է կյանք: Այսպես՝ սերն ամեն մարդկային էակի հիմնարար եւ ներքին կոչումն է:

Սուրբն այսօր էլ հովանավորն ու բարեխոսն է հայ զորավարի ու զինվորի: Նա վկան է քրիստոնեական հավատքի համար նահատակված միլիոնավոր մարդկանց, մեկն է այն բազմաթիվ մարտիրոսներից, որոնց քրիստոսանվեր կյանքի նկարագրությամբ են զարդարված վկայաբանության էջերը: Սուրբ Սարգիսն իր վաղեմի կերպարով գալիս է կրկին հաստատելու հավատքի համար նահատակվելու եւ սրբանալու պայծառ կերպը: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում ու դարերով ճառագում: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հետ:

Սուրբ Սարգիսը համաքրիստոնեական մեծագույն սրբերից է, եւ նրա հիշատակը ոգեկոչվում է Զատկից վաթսուներեք օր առաջ ընկած շաբաթ օրը եւ համանուն եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Տոնին նախորդում է, Սուրբ Գրիգոր Լուսավոչի կողմից հաստատված, Առաջավորաց պահքը, որ տեւում է հինգ օր: Սուրբ Սարգսի տոնը շարժական է եւ այս տարի նշվեց փետրվարի 8-ին:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 7-ին առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մեծաթիվ երիտասարդներ էին ի մի եկել այն նվիրական երազանքով, թե, հայցելով Սուրբ զորավարի բարեխոսությունը եւ ուտելով ավանդական աղաբլիթը (որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի աղերս չունի, այն ժողովրդական սովորույթ է միայն), անպայման երազում տեսնելու են նրան, ով դառնալու է իրենցից յուրաքանչյուրի կյանքի հավատարիմ ուղեկիցը:

Հավարտ երեկոյան ժամերգության Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանն օրհնեց բոլոր ներկաներին, իսկ Տ. Նշան քհն. Պանֆյորովն իր հայրական հորդորը հղեց նրանց:

Վերջում աղաբլիթներ բաժանվեցին նախատոնակին ու երեկոյան ժամերգությանը ներկա եղողներին: Ի դեպ՝ աղաբլիթները պատրաստել եւ գեղեցիկ փաթեթավորել էին Ս. Յոթվերք եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 8-ին առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցուց, հավարտ առավորտյան ժամերգության, հանդիսապետությամբ Արարատ, Արմեն եւ Արտաշես սարկավագների, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տարվում էին խաչվառներ: Երթն առաջնորդում էր Սուրբ Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը, ինչն ուրախություն ու ոգեւորություն էր պատճառում երթի մասնակիցներին ու անցորդներին: Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին ու ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:

Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Մարմնին ու Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով, հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, Տ. Նշան քհն. Պանֆյորովն իր հայրական բարեմաղթանքն ու օրհնությունը հղեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները