Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ,
այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ
ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...
որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»:
ԳԱՂ. Դ 4-5


իրելի՛ հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,

Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թեւածում, որով համախմբվել ենք՝ օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգեւած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է Առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունն իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ եւ սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց... եւ սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարեւ, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, եւ զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արեւելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին եւ խոնարհվում նորածին Հիսուսի առջեւ, Ով եկավ, ինչպես եւ Առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է՝ արժեւորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդն անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որ զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով՝ ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքն առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը:

Եկեղեցու Սուրբ Հայրերից Հովհան Ոսկեբերանն ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգեւոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, եւ դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաեւ, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից եւ կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ՝ վերարժեւորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգեւոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջեւ՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատեւելու աստվածային կանչին: Մենք՝ իբրեւ քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգեւոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի:

Այս մաղթանքով եւ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպս. Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում եւ Մեր բարեմաղթանքներն ենք բերում ՀՀ Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին եւ Սրբազան Պատարագի արարողությանը ներկա ՀՀ Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին եւ հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգեւները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, եւ Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արեւելքում եւ այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, եւ հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

                             Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
                             Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները