Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ Է, ԶՕՐ ԱՐԱՐ ՏԷՐ, ԵԿԱՅՔ ՑՆԾԱՍՑՈՒՔ ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Որ ի հրեղէն աթոռ ընդ Հօր ես բնակեալ եւ ի հրեշտակաց սպասաւորեալ, այսօր կամով Հօր ի յերկրի երեւեցար մարմնով կուսական ծննդեամբ, զՔեզ ընդ զօրս անմարմնոյն անդադար օրհնաբանեմք»:
ՇԱՐԱԿԱՆ Ս. ԾՆՆԴՅԱՆ

«ԾՆԱՒ ՆՈՐ ԱՐՔԱՅ Ի ԲԵԹՂԵՀԷՄ ՔԱՂԱՔԻ»

ուրբ Ծննդյան ավետարանական պատումը մարդկության կյանքում Աստծո ներկայության մեծ խորհուրդն է պատկերում: Բեթղեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու, հասարակ հովիվները եւ իմաստուն մոգերը աստվածպաշտության համար մեկտեղված հավատացյալներն են, իսկ մատուցված ընծաները՝ առ Աստված հավատքով ապրված բարի ու երկնահաճո կյանքն ու գործերը: Բեթղեհեմյան երկնակամարում Տիրոջ փառքի ծագումն ու լուսափայլ հրեշտակների հնչեցրած պատգամն աշխարհի խաղաղության եւ մարդկանց միջեւ սիրո ու հաճության երկնային հրավերն է: Մեր Եկեղեցու սուրբ Հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են «Խորհուրդ մեծ եւ սքանչելի»: Այդպես են անվանել, քանզի անհնար է բացատրել, թե ինչպե՞ս անբավելին հավիտենականն ու անսահմանը խանձարուրի մեջ պարուրվեց, ինչպե՞ս Աստծո Խոսքն ու Իմաստությունը ծնվեց ոչ բանական կենդանիների մսուրում:

Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպես Աստծո Միածին Որդին, Արարչի Փառքի Լույսն արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ: Աստծո այս մեծ հրաշքի ինչպես լինելը չգիտենք եւ չենք կարողանում բացատրել, սակայն գիտենք այդ հրաշքի պատճառը. «Զի վասն մեր մարմնացաւ»: Ի սեր մարդկության՝ Աստծո Որդին թաքցրեց Իր երկնային փառքի ճառագայթները եւ «առավ» ծառայի՝ մարդու կերպարանք: Քրիստոսի ծնունդն ազդարարվել էր նաեւ Արեւելքի մոգերին՝ Բեթղեհեմի երկնքում հայտնված հրաշալի աստղի միջոցով: Հանձինս այդ իմաստունների՝ հեթանոս ողջ աշխարհը խոնարհվեց ու ծնկի եկավ Աստվածորդու առջեւ:

Մսուրի խոնարհությունից են ծնվում մեծ հոգիները, որովհետեւ այն, ինչ փոքր է թվում մարդկանց աչքում, մեծ է Աստծո մոտ: Արդ, Աստվածահայտնության տոնը հոգով կրկին անգամ ծնվելու հրավեր է՝ մաքրված մարդկային տկարություններից ու մեղքից:

ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Ծննդյան խորհուրդը թեմի հավատացյալները վերապրեցին Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, որ մատուցվեց Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Ս. Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հավարտ ժամերգության նախ ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը, ապա սկսվեց Սուրբ Պատարագը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, եկեղեցու հրավառ կանթեղից, ներկաները, ի նշանավորումն Բեթղեհեմյան Աստղի, վառեցին իրենց մոմերը՝ աստվածային օրհնությունը լույսի տեսքով տուն տանելով:

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Սուրբ Պատարագին ներկա էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ՔՈ ՏԷՐ…»

6-ը հունվարի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ եւ մեծաթիվ հավատացյալներ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը, որը, Բեթղեհեմյան անմար Աստղից ճառագող, սիրո մասին էր, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է, անձնականի սահմաններից վեր բարձրանալով, ունենալ անանձնականի վեհ ու անմեկնելի գիտակցությունը:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ Սրբազան Հոր, տոնականորեն զգեստավորված հոգեւորականաց հանդիսավոր թափորը, ինչպես նաեւ հավատացյալների հոծ բազմությունը, Ս. Յոթվերք մայր եկեղեցուց շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Հորդանանում մկրտության, կենաց ծառը խորհրդանշող մայր եղեւնու հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա, կատարվեց Ջրօրհնյաց գեղեցիկ եւ խորախորհուրդ արարողությունը՝ խաչքավորությամբ Հովհաննես Տոնոյանի:

Հանդիսավոր արարողության ընթացքում ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, ապա հանդիսադիր ու պատարագիչ Սրբազան Հայրը, «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողությամբ, սրբալույս Մյուռոնը կաթեցրեց ջրով առլեցուն երեք կաթսաների մեջ: Այնուհետեւ, արդեն ջրում ընկղմած խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանեց եւ տվեց խաչի օրվա կնքահորը:

Սրբազան արարողության վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սուրբ Ծննդյան հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, եւս հնչեղ ղողանջեցին Գյումրու եկեղեցիների զանգերը՝ հավատացյալ հայորդիներին կանչելով Սուրբ Պատարագի:

Սուրբ Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգիստ՝ վասն համորեն ննջեցելոց: Մեռելոցը նախ երախտագիտության ու հարգանքի արարողություն է ողջերի կողմից մեռյալների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն, ապա նրանց վերստին նորոգման, հարության հույս է պարգեւում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները