Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

«ԵՍ ԵՄ ՀՈՎԻՒՆ ՔԱՋ, ՈՐ ԶԱՆՁՆ ԻՒՐ ԴՆԷ Ի ՎԵՐԱՅ ՈՉԽԱՐԱՑ»

Հոբելյանը լավ առիթ է՝ արժեւորելու մարդու անցած ուղին, գնահատելու կյանքում նրա գործն ու տեղը: Հատկապես երբ խոսքը Միքայել Սրբազանի մասին է: Ընդամենը քսան տարի է անցել այն օրից, երբ Սրբազան Հայրը, Աստծո կամքով, ստանձնեց, 1700-ամյա կենսագրություն ունեցող, Հայաստանյայց Եկեղեցու Շիրակի թեմի հույժ պատասխանատու, խիստ կարեւոր առաքելությունը: Մեր ժողովրդի պատմության մեջ մշտապես բացառիկ են եղել Եկեղեցու դերն ու նշանակությունը: Բացառիկ են եղել նաեւ հովվապետերի իմաստությունն ու հեռատեսությունը, ողջախոհությունն ու դիվանագիտությունը, սերն ու նվիրումը ոչ միայն իրենց առաքելությանը որպես Տիրոջ «այգու» անդավաճան ու անխոնջ մշակների, այլեւ սեփական ժողովրդի ու երկրի ներկա եւ ապագա լուսավոր տեսլականին՝ ցավոք շատ հաճախ անցնելով դառն ու դաժան ժամանակների, վայրիվերումների միջով: Նրանցից մեկն էլ այսօր թեմակալ Առաջնորդն է:

Հայ հոգեւորականի բեղուն ուղի է անցել Միքայել Սրբազանը: Կյանքը նրա սեր է, գործը՝ անձնվիրում: «Հարդը գնա, ցորենը մնա» գաղափարականը ոգի դարձրած՝ հոգեւորականի իր երկնատուր իմաստության շնորհիվ, նա բաժանեց ցորենը հարդից եւ ցորենաբույր իր խոսքը, կենսահաղորդ նշխարի պես, բաշխեց հինավուրց Շիրակ աշխարհի ժողովրդին: Նրա օծյալ, ժրաջան աջով սերմանված են պտղաբեր հունդեր, որոնք անտարակույս պիտի ծիլ տան եւ արգասավոր պտղաբերեն: Մեծության աղբյուրն Աստված է, իսկ Սրբազան Հայրն այդ աղբյուրը կրողը երկրավոր կյանքում:

Հիրավի, Քրիստոսի առաքյալները, հավատի վկաները չունեին հաղթական այլ զենք, բայց միայն անունը Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Գրքի խոստումը Նրա. «զօր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ տացէ ձեզ»: Խնդրել Քրիստոսի անունով՝ նշանակում է հավատարիմ լինել Նրա խոսքին»: Սրբազան Հոր ծառայության միջոցով Շիրակի տիրախնամ թեմն օր-օրի զորանում է, աճում, թափ ստանում: Միքայել Սրբազանը նախընտրում է աստվածասիրությունը, մեր դարավոր Եկեղեցու «սնունդը» ժողովրդին մատուցել իրական գործերով, այլ ոչ թե քաղցրախոսությամբ:

Շնորհիվ Առաջնորդ Սրբազանի թեմում հավատքի հիմքերի վրա բարձրացվել են պատերը բազում խոնարհված եկեղեցիների, հոյակերտ սլացքով վեր են հառնում նորերը: Թեմը դարձել է մի հսկա գործող կառույց՝ իր մեծաթիվ ենթակառույցներով, եկեղեցիներով, կազմակերպություններով: Լայնահուն ընթացքով կենսավորվում են քրիստոնեական կրթությունն ու հոգեւոր դաստիարակությունը՝ բարեսիրական ծառայություններով, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթով:

Արժանընտիր Սրբազանին շնորհավորում ենք առաջնորդության քսանամյակի եւ ծննդյան տարեդարձի առիթներով: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Փրկիչ մեր Տերը պահպանի նրան քառառողջ, զորացնի հոգու եւ մտքի բազում շնորհներով եւ օրհնի նրա անձնվեր ջանքերը, բոլոր նախաձեռնություններն ու բարի գործերը: Թող սերն ու շնորհն Աստծո միշտ լինեն նրա հետ՝ առաջնորդող ու զորացնող:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները