Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԱՋԱԿԻՑ ՁԵՌՔԵՐԸ

րբ Շիրակի թեմում Միքայել Սրբազանն անցավ ծառայության, մի քանի տարին բավական եղավ՝ խորությամբ հասկանալու մարզում առկա խնդիրները. անօթեւանությունն ու հետերկրաշարժյան հետքերը խորը վերք էին թողել, իսկ հետեւանքները տեսանելի էին ամեն քայլափոխի: Փոխվել էին մարդկանց սոցիալական վիճակը, տնտեսական կարիքներն ու հոգեբանական պահանջմունքները: Դիմացինի վիշտն ու ցավը կիսելը բավական չէր՝ օգնելու եւ խնդիրը լուծելու ճանապարհին: Տարբեր հարցերով առաջնորդարան էին դիմում մեծաթիվ մարդիկ:

Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, խոսքով ամոքելուց եւ ի գործ ոգեշնչելուց բացի, որոշեց հենց առաջնորդարանում ստեղծել աշխատանքային խումբ, որը, եղած սուղ միջոցներով, կփորձեր օգնել, սատարել մարդկանց: Սկզբնական շրջանում միայն մեկ աշխատող կար՝ Կարինե Գյադուկյանը, ում դիմում էին տարբեր հարցերով՝ սոցիալական, կրթական, հոգեբանական, մանկավարժական, երիտասարդական: Բոլորին օգնելու պատրաստակամությունը հղկեց ու նախանշեց, որ կյանքի կոչվի Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը:

Այն սկզբում ուներ միեւնույն հասցեն՝ Շիրակի թեմի առաջնորդարան, սակայն աշխատանքային գործունեության ծավալներն ու հաջողությունները Սրբազանին մտորելու տեղիք տվեցին. թեմում որպես առանձին միավոր գործելու եւ նոր հասցե ունենալու պահանջ առաջացավ: Բարերարների եւ ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվեց Գյումրու բաղնիքի շենքը, որ երկրաշարժից հետո մասամբ վթարային էր եւ վերածվել էր աղբանոցի: Եռահարկ կառույցը վերջնականապես վերանորոգվեց ու ներքին հարդարանքով ամբողջացավ ավելի քան տասը տարվա ընթացքում: Բայց անցնող տարիների ընթացքում մի վայրկյան անգամ չդադարեց մարզում սոցիալական, կրթական, մշակութային ու երիտասարդական ուղղությամբ աշխատանքը: Հենց այդ ամենի արդյունքում է, որ այսօր սոցիալ-կրթական կենտրոնը դարձել է գյումրեցի շատ ընտանիքների ու միայնակ մարդկանց այն տաքուկ անկյունը, ուր միշտ պատրաստ են լսել, կարեկցել ու օգնության ձեռք մեկնել:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆԻ «ՀԵՔԻԱԹ»-Ը

- Աստված օգնակա՜ն, Աստված օգնակա՜ն... Այսպես են դիմավորում Սրբազանին «Հեքիաթ» նախակրթարանի սաները: Իսկ այն հարցին, թե ո՞վ է այս մարդը, անկաշկանդ ու խմբովի պատասխանում են.

- Աստված պահապանը…

Սրբազանի համար հարազատ դարձած կենտրոնում երեխաներն անկաշկանդ են՝ անկեղծ պատասխաններով ու վարքով: Նրանց մանկությունը վառ գույներով եւ ուրախությամբ լցնելու համար կենտրոնի ամենատաք անկյունը նրանց է հատկացված: Վեց տարի առաջ, բազմազավակ մայրերի հոգսը թեթեւացնելու, միայնակ մայրերին օգնելու համար, կենտրոնը, բարերարների աջակցությամբ, աշխատակիցների ու կամավորների պատրաստակամության շնորհիվ, բացեց նախակրթարանի հյուրընկալ դռները: Այստեղ թեւ են առել հարյուրավոր մանուկներ, տասնյակ միջոցառումներ են անցկացվել: Իսկ լավագույն գնահատականը ծնողների շնորհակալական խոսքն է:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

-Պապաս մահացել է, մամաս էլ Երեւան կաշխատի, ես էլ դպրոցից հետո գուկամ կենտրոն:

Մեր Համլետն է, դպրոցից հետո անմիջապես գալիս է սոցիալ-կրթական կենտրոն: Այստեղ այլ միջավայր է նրա համար: Ինքն էլ է խոստովանում՝ սկզբնական շրջանում չի ցանկացել գալ, մայրն է գտել կենտրոնը եւ իրեն ստիպել հաճախել: Հետագայում գտել է ընկերներին. ամենամոտ ընկերն էլ Կառլենն է: Հիմա քայլերը, անկախ իր կամքից, դպրոցից հետո բերում են Վարպետաց փողոց: Այստեղ նրան օգնում են դասերը սովորել, երբեմն մասնակցում է հոգեւոր դասերին, հոգեբանի հետ իրեն հուզող հարցերն է քննարկում:

Համլետից բացի, եւս երեսուն երեխայի համար է սոցիալ-կրթական կենտրոնը դարձել երկրորդ տուն: Դասերից, ժամանցից եւ ուսուցողական տարբեր այցերից բացի, կենտրոնը նրանց ապահովում է նաեւ էկոլոգիապես մաքուր սննդով ու խրախուսական նվերներով:

ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ, ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ-կրթականը եւս մեկ ծրագիր կյանքի կոչեց այս անգամ տարեցների համար, որի նպատակն էր հոգատարությամբ պարուրել տարիների փորձով իմաստնացած գյումրեցիներին: Մեզ մոտ հավաքվում են միայնակ տարեցներ, մարդիկ, ովքեր ուզում են կտրվել հոգսաշատ առօրյայից ու ընկերներ գտնել:

Կենտրոնն անցնող տասնհինգ տարիների գործունեության ընթացքում կարողացել է օգնության ձեռք մեկնել շատերին: Ոչ միայն հումանիտար օգնություն է տրամադրել կարիքավորներին, այլեւ օգնել մասնագիտական դասընթացներով: Վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, կարուձեւի, խոհարարության ու թխվածքների պատրաստման դասընթացները զինում են գիտելիքով, գործնական փորձառություն են ապահովում:

Կենտրոնն իր 15-ամյա գործունեության ընթացքում ունեցել է հազարավոր շահառուներ, տասնյակ բարերարներ ու գործընկերներ, կյանքի են կոչվել հարյուրավոր ծրագրեր, եւ այս ամենը եղել է Շիրակի թեմի Առաջնորդի անմիջական վերահսկողության, հետեւողականության, զգոնության ու առաջնորդության շնորհիվ:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները