Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

ոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցներն ու մեծաթիվ ուխտավոր հայորդիներ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգեւ սիրո եւ Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության ու բոլոր շնորհների բաշխման մասին: Այնուհետեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձին՝ պատարագիչ Սրբազանն ընդգծեց. «Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով եւ գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաեւ մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին եւ իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր»:

Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող քսան տարվա ընթացքում արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր եւ զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:

Հավարտ Ս. Պատարագի, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման եւ Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները