Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ՈՒՍԱՆԵԼԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

ոյեմբերի 7-ին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի «Երեխաների զբաղվածության կենտրոն»-ի եւ «Սուրբ Հակոբ» կիրակնօրյայի սաները մասնակցեցին բաց դաս ուխտագնացության դեպի Հառիճավանք (նախկինում նաեւ՝ Ղփչաղավանք):

Մեկտեղվելով Ս. Հակոբ եկեղեցու բակում՝ երեխաները, Արտաշես սրկ. Աջապահյանի եւ ուսուցիչների ուղեկցությամբ, ճանապարհ ընկան: Նրանց վանքում դիմավորեցին սարկավագներ Արման Հարությունյանը եւ Աշոտ Սարոյանը, ովքեր բարի գալուստ մաղթեցին փոքրիկ ուխտավորներին: Մինչ երեխաները ճաշում էին, սարկավագներն անմիջական զրույցի բռնվեցին երեխաների հետ՝ հետաքրքրվելով նրանց առաջադիմությամբ, դասավանդվող առարկաներով, Ս. Հակոբ եկեղեցում անցնող առօրյայով: Աշոտ սարկավագը տղաներից հետաքրքրվեց, թե որեւէ մեկը կցանկանար ուսումը շարունակել Հառիճավանքում գործող Թրբանջյան հոգեւոր ընծայարանում: Հայկյան Տիգրանը, ով ութ տարեկան է եւ երեք տարեկանից հաճախում է եկեղեցի մայրիկի ուղեկցությամբ, մասնակցում Ս. Պատարագներին եւ «Ս. Հակոբ» կիրակնօրյայի սան է, ասաց, որ որոշել է հոգեւորական դառնալ:

Ճաշելուց հետո, Արման սարկավագի Առաջնորդությամբ, բոլորը եկեղեցում մասնակցեցին միասնական աղոթքի, այնուհետեւ սարկավագը երեխաներին ներկայացրեց Հառիճավանքի պատմությունը:

Այն հնագույն միջնադարյան վանքերից է: Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է, որին կից կան, 13- րդ դարում կառուցված, երկհարկանի աղոթարաններ: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե եւ Իվանե եղբայրների հրամանով՝ 1201 թվականին եւ խաչաձեւ, գմբեթավոր կառույց է: Հառիճավանքը ժամանակին եղել է նաեւ գիտության կենտրոն: Այստեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ. սովորել է Ավետիք Իսահակյանը:

Երեխաներն անչափ ուրախ էին. մեծ մասի համար սա առաջին ուխտագնացությունն էր: Ուխտավորների ուրախությունը կրկնապատկվեց, երբ Հառիճավանքի տարածքում տեսան նախօրեին տեղացած ձյունը: Բոլորն սկսեցին ձնագնդի խաղալ եւ հնամենի տարածքը ողողել մանկական ջինջ ու մաքուր ծիծաղով:

Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Ս. Հակոբի մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում Լուսինե Բադալյանին՝ ուխտագնացության ծախսերը հոգալու, սաներին աջակցելու, նրանց օրն ուրախությամբ լցնելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները