Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

«ՏԷՐ ԲԱՐՎՈՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ՄԱՐԱԼԻԿԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ոյեմբերի 9-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վերաօծվեց հավատքի եւս մեկ տուն՝ Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցին:

Նոր ժամանակները բոլորովին նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցրել մարդկությանը, հետեւաբար՝ նաեւ քրիստոնյա ողջ աշխարհին: Սակայն հայ ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է եկեղեցաշեն հիանալի գործերում՝ որպես արտահայտություն աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության:

ՄԱՐԱԼԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Գտնվում է Արագած լեռան արեւմտյան լանջին: Նյութական մշակույթի առկա մնացորդները ցույց են տալիս, որ այն դեռեւս V-XIV դարերում մեծ ավան է եղել: Մինչեւ 1964 թվականը կոչվել է Մոլլագյոկչա: Այն հիմնադրել են 1928-ին Բասենից եւ Մուշից գաղթած հայերը: Մարալիկից դեպի հարավ-արեւելք տարածվում է մի հին գյուղատեղի, որին տեղաբնակները Էպոյենց, Ուռոյենց, Բողոյենց, Ղափլոյենց, Ավդալենց խարաբեք անունն են տվել: Այստեղ շատ հուշարձաններ կան, որոնցից մեկը գտնվում է արեւմտյան կողմում, եւ որի պատվանդանը երկար է ու բարձր՝ կառուցված մուգ վարդագույն սրբատաշ մեծ քարերով, հարդարված գլանաձեւ կիսասյուներով ու որմնանկարներով: 19-րդ դարի սկզբին մարալիկցիները հուշարձանի վրա փայտածածկ մատուռ են կառուցել՝ այն դարձնելով ուխտատեղի եւ անվանելով Կարմիր վանք: Հավելենք նաեւ, որ 1995-ին Մարալիկ ավանը դարձել է քաղաք:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Մարալիկի արեւմտյան կողմում, բարձր բլրի ստորոտին է գտնվում ԺԹ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ բավականին հետաքրքիր է իր կառուցվածքային ձեւերով ու լուծումներով եւ յուրօրինակ արժեք է ներկայացնում ճարտարապետական ուշ շրջանի համար: Եկեղեցու շինությունն սկսվել է 1897-ին եւ ավարտվել 1903-ին: Ըստ տեղաբնակների պատմածի՝ կատարվել է հիմնարկեք եւ հիմքերի մեջ լցվել 400 հավկիթ: Այն կառուցվել է բնակիչների հանգանակությամբ ու ջանքերով՝ ինչպես տեղեկացնում է հարավային դռան վրայի արձանագրությունը:

Ս. Աստվածածնի հետ են մարալիկցիները կապում իրենց քաղաքի պատմությունը: Եկեղեցու տեղում երկու դար առաջ Ս. Ստեփանոսի մատուռն է եղել, հետո բնակիչները որոշել են քանդել այն եւ տեղում եկեղեցի կառուցել: Տեղացիները պատմում են, որ եկեղեցու ճարտարապետն այն կառուցել է Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցու նախագծով, իսկ կառուցման համար մեկ կոտ ոսկի է տվել բնակավայրի մեծահարուստ Անտոն Ուռումյանը:

Աստվածամերժության տարիներին, ինչպես բոլոր եկեղեցիները, այնպես էլ Ս. Աստվածածինը վերածվել է հացահատիկի պահեստի, բայց եկեղեցու մի անկյունը գաղտնի որպես աղոթատեղի է պահպանվել: Աղոթատունը, առանց վերանորոգման, բացվել էր 1994 թվականին, գմբեթը վթարային էր, հատակը քանդված, պատերը՝ խոնավ: Նոր գմբեթի, զանգակատան ու տանիքի կառուցումը, ինչպես նաեւ երկու նոր խաչերի տեղադրումը հնարավոր է դարձել Ռուսաստանում բնակվող մարալիկցիների օգնությամբ, իսկ ներքին հարդարման աշխատանքները նաեւ համայնքապետարանն է ֆինանսավորել: Աղոթատան խորանի տակ պահվում է Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:

Մարակլիկի հոգեւոր հովիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանի եւ մարալիկցիների հոգածությամբ եկեղեցին մաքուր էր եւ կիրակի օրերին մատուցվում էր Սուրբ եւ անմահ Պատարագ, սակայն կարոտ էր ամբողջական վերանորոգության: Հուրախություն մեզ այն այժմ վերանորոգված է:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Եկեղեցին խաչաձեւ է՝ շարված սեւ ու վարդագույն սրբատաշ տուֆաքարով ու կրաշաղախով: Չորս միջնասյուների վրա՝ կամարներից վերեւ, երկինք է խոյանում սրածայր կաթողիկեն: Գմբեթն ընդհանրապես ունի տասներկու նեղ ու երկար լուսամուտներ: Հարավային, հյուսիսային եւ արեւելյան ճակատներում կան մեծ լուսամուտներ: Արեւելյան կողմի մեծ լուսմուտը Սուրբ Սեղանը լուսավորելու համար է, իսկ երկու փոքրերը՝ խորանների: Արեւելյան ծայրում քառանկյուն աբսիդն է՝ երկկողմանի խորաններով, բարձր բեմով: Երկայնական պատերը ներսից ունեն երկուական որմնամույթեր, որոնք միանում են կամարներով:

Պատերի մեջ արտաքուստ կան երկուական եռանկյունաձեւ խորշեր՝ խորանի ձեւով: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է, որի վերնամասում ագուցված է խաչքար: Խաչքարեր կան նաեւ արեւմտյան ու հարավային դռների ճակատային վերնամասում: Ունի երկու մուտք: Գլխավորն արեւմտյան կողմից է: 2016 թվականին, մոսկվաբնակ մարալիկցիների ֆինանսավորմամբ, մեկնարկեց եկեղեցու վերանորոգման գործընթացը: Տանիքը վերակառուցվեց ամբողջությամբ, կառուցվեց զանգակատունը: Ձմռան մի գեղեցիկ օր, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, օծվեցին կենտրոնական գմբեթի եւ նորակառույց զանգակատան խաչերը: Երկու խաչերից զատ օծվել է նաեւ երրորդը՝ գերեզմանատանը տեղադրելու համար:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Նոյեմբերի 10-ի առավոտյան մարդաշատ էր Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Հավատավոր մարալիկցիները եկել էին՝ ներկա գտնվելու վերանորոգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ ուղեկցությամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, Մարալիկի հոգեւոր հովիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

Նախ Սրբազան Հայրը կատարեց դռնբացեքի ավանդական կարգը: «Բաց մեզ Տեր» հոգեթով շարականի երգեցողությունից հետո հանդիսավորաբար բացվեց աղոթատան դուռը: Այնուհետեւ սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Միքայել Սրբազանի, կատարվեց նախօրոք ջրով ու գինով լվացված եկեղեցու վերաօծումը: Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սեղանը եւ մկրտության ավազանը: Ուրախառիթ հանդիսությունից հետո ներկաներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Սրբազան Հայրը:

Երախտիքի եւ օրհնաբանության խոսքեր հղվեցին նաեւ եկեղեցու շինությանն իրենց նպաստը բերած անձանց, ովքեր թերեւս առաջնորդվում են ավետարանական այն պատվիրանի համաձայն, որը երանի է տալիս եկեղեցի կառուցողներին: Հավիտենական խոսքի ճշմարտությունն ավետարանելով՝ թեմակալ Առաջնորդը բարեբանության խոսքեր ուղղեց իր հավատավոր ժողովրդին՝ հետայսու եւս մաղթելով սիրո, հույսի, հավատի պատվիրանապահություն, աստվածապաշտություն: Միքայել Սրբազանն ի մասնավորի նշեց, որ իր քսան տարիների երազանքն իրականացավ եւ այսօր օծվեց այս գեղեցիկ եկեղեցին: Այնուհետեւ, Առաջնորդի կողմից եկեղեցու վերակառուցումանը մասնակիցներին շնորհվեց «Գիր օրհնության»:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Սրբազան արարողակարգին ներկա էին եկեղեցու բարերարները, Մարալիկի համայնքապետ Արտակ Գեւորգյանը, գլխավոր բարերար ռուսաստանաբնակ Արտակ Ժաժոյանը, Մուշեղ Գեւորգյանը, Սոս Ավետիսյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Հայրապետ Հայրապետյանը, Վարդան Իգիթյանը, Անդրանիկ Ավդալյանը, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսոցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ տեղաբնակներ:

Վերջում, համայնքապետի կողմից, կատարվեց մատաղօրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները