Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

«ԿԱՑՈՒՍՑԵՍ ԶՆՈՍԱ ԻՇԽԱՆՍ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ
ԵՎ ՅԻՇԵՍՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՍ ԱԶԳԱՑ»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

«Առաքեալք Աստուծոյ, ընտրեալք ի սկզբանէ` նախքան զաշխարհս, որք արժանի եղէք տեսանել զանտեսն հրեղինաց, բարեխօսեցէք առ Տեր վասն մանկանց եկեղեցւոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց Եկեղեցու ուղղափառ վարդապետության, Աստծո խոսքն է, նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն, գրի առան, նրա իսկ կողմից ընտրված, շուրջ քառասուն սրբազան մատենագիրներ, մարգարեներ, Ավետարանիչներ եւ առաքյալներ: Աստված, կամենալով Իր սուրբ կամքը հայտնել մարդկությանը, ընտրեց առաքյալների, ովքեր եւ դարձան Նրա հայտնության վկաները, Նրա խոսքերի քարոզիչները, քանզի «ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա եւ միշտ ի ծագս աշխարհի են խոսք նոցա» (Շարակնոց):

«Այս սրբազան հեղինակներից շատերը չափավոր կարողությունների տեր մարդիկ էին. եթե միայն իրենց սահմանափակ կարողություններին ապավինած լինեին, ոչ հստակորեն վերահասու կարող էին լինել իրենց գրած պատմություններին, ավանդած վարդապետություններին, հայտնած բարոյական տեսություններին, ոչ էլ մանավանդ այնքան հեղինակությամբ պիտի կարողանային փոխանցել դրանք ուրիշներին» (Մաղաքիա արքեպս. Օրմանյան):

Աստվածային հայտնության ականատեսներն ու քարոզիչները գտնվում էին Սուրբ Հոգու անմիջական առաջնորդության ներգոծության ներքո, ինչն աստվածաբանության մեջ ներշնչանք է կոչվում, որ ներգործում էր Ավետարանիչների մտքի վրա, թելադրում գիտելիքը, բարձրացնում կատարելության ամենավերին աստիճանին, անշուշտ, զերծ պահում սխալներից: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մեզ հասած չորս Ավետարանները Հիսուսի կյանքի եւ վարդապետության հատվածներն են՝ շարադրված Ավետարանիչների կողմից:

Ի դեպ Եկեղեցու սրբազան ավանդության, հատկապես սրբանկարչության, քանդակագործության, մեջ տարածված է չորս Ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը:

Մաթեոսը հրեշտակակերպ մարդ, Մարկոսն առյուծ, Ղուկասը եզ, Հովհաննեսն արծիվ. այս սիմվոլիկ բացատրությունը հիմնված է Եզելիելի Ա 10 եւ Հովհաննու Հայտնության Դ 7 համարների վրա. «Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի»: Ավետարանները պատմություն չեն, թեեւ պարունակում են պատմություն, կենսագրություն չեն, թեեւ ունեն կենսագրական մանրամասնություններ: Ամեն բանից առաջ եւ հիմնականում դրանք խոր իմաստ ունեցող որոշ գործերի ու խոսքերի պատմություն են, քանզի Աստծո գործերն են մարդկային կյանքում, Ում մարդկանց մի խումբ ընդունեց որպես Տեր եւ փրկիչ:

Ավետարանիչներն իրենց Ավետարանները գրել են՝ օգտագործելով գրավոր ու բանավոր աղբյուրներ՝ անշուշտ Սուրբ Հոգու ներշնչմամբ ու առաջնորդությամբ: Եթե որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից, ապա այն բխում է նրանց հետապնդած նպատակներից եւ ընթերցողների պահանջից: Ամբողջության մեջ Ավետարանիչների պատմությունները լրացնում են միմյանց:

Մարկոս Ավետարանիչը Բառնաբասի եղբոր որդին էր, բնիկ երուսաղեմցի: Համաձայն մի հին ավանդության՝ Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը:

Մաթեոսի Ավետարանը հանդիսնաում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ: Նա Հիսուսի տասներկու առաքյալներից է եւ, նախքան Քրիստոսին հետեւելը, մաքսավոր էր:

Երրորդ Ավետարանի հեղինակը Ղուկասն է, ով, ըստ Պողոսի վկայության (Կող. Դ 14), եղել է բժիշկ: Ծնվել է Անտիոքում եւ Հիսուսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր: Որոշ եկեղեցական հայրեր եւ մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկի հետ (Իդ 13):

Հին եկեղեցական ավանդությունը Հովհաննեսի Ավետարանը կոչում է «Ոգեկան», իսկ մյուս երեքը մարմնական, եւ սա այն պատճառով, որ չորրորդ Ավետարանն ավելի բարձր է ու ոգեկան, քանզի Հիսուսի մասին վերցված դեպքերի պարզ շարադրություն չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտություն ու հավատքի վկայություն:

Ըստ ավանդության՝ չորրորդ Ավետարանը գրվել է Եփեսոսում, առաջին դարի վերջին: Իրինեոսն ասում է. «Ապա Հովհաննեսը` Տիրոջ աշակերտը, այն որ նրա կուրծքն ընկավ, գրեց Ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Եվս. Ե 8-4), իսկ Կղեմես Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս Ավետարաններում, գրեց վերջում ոգեկան Ավետարանը» (Եվս. Զ 14-7): Հավելենք նաեւ, որ Հովհաննու Հայտնության գիրքը հայերենի է թարգմանվել երկրորդ դարում, Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ Մատյանների հայերեն թարգմանության մեջ: Եկեղեցական արարողակարգի ընթացքում, սակայն, Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հոկտեմբերի 19-ին: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, Սրբոց Ավետարանչացն տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քահանա Հակոբյանը: Ընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավելենք նաեւ, որ Սուրբ Պատարագին ներկա էին բարեպաշտ գյումրեցիներ, Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը, մեծաթիվ ուխտավորներ, Արմավիրի եւ Տավուշի թեմերի աշակերտները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները