Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

«Որք զօրութեամբ Հօր իմաստութեան էին անեղի, հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի` թարգմանութեամբ նշանագրութեամբ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, նշում է Թարգմանիչ վարդապետների տոնը:

Աստվածփնտրումի ու աստվածաճանաչության անվախճան ճանապարհին հայ ժողովուրդը, աստվածային նախախնամությամբ, ստացավ մեսրոպատառ գրերը, որոնք սկիզբ դրեցին մշակութային հզոր մի ընթացքի եւ հոգեւոր ամբողջականություն բերեցին հայ ժողովրդին, որ, երկատված հարեւան երկու պետությունների՝ Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ, կանգնած էր ձուլվելու եւ կորչելու վտանգի առջեւ: 405 թվականին, Ս. Մեսրոպ Մաշտոցի հանճարի ուժով, ստեղծվեց ազգային գիր ու գրչություն, սկզբնավորվեց ու զարգացման ուղի դուրս եկավ հայ քրիստոնեական մշակույթը: Ճիշտ այս դժվարին պայմաններում է, որ սկիզբ է առնում հայ մշակույթի Ոսկեդարը:

Ասպուրակես Ա Մանազկերտցի Կաթողիկոսի (381-386) մահից հետո Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերադարձվում է Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի Ս. Սահակը (387-439): Ս. Թարգմանիչների արգասավոր գործունեությամբ սկիզբ է դրվում հայ թարգմանական եւ ինքնուրույն գրական ժառանգությանը: Սակայն թարգմանիչների մեծագույն ձգտումը, նրանց կյանքի իմաստն ու առաքելություը դեպի Աստված հարազատ ժողովրդի ընթացքը հաստատուն ու անխաթար պահելն էր: Թարգմանիչների սուրբ ու նվիրական հիշատակը ոգեկոչելով՝ Հայոց Եկեղեցին ձգտում է արթուն պահել նրանց արարող ոգին մեր կյանքում եւ խնդրել նրանց բարեխոսությունը՝ «որք մաքրեցին զանձինս իւրեանց տաճար անուանդ Քում սրբոյ եւ բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց, ի տեղւոջ հեղման սուրբ արեանն իւրեանց, բարեխօսութեամբ սոցա` Քրիստոս խնայեա ի մեզ»:

Հոկտեմբերի 21-ին թիվ 15 կրթօջախի Ս. Գրիգոր Լուսավորիչ կիրակնօրյայի երեխաները, իրենց աղոթքներով ու բեմականացված դրվագներով, ներկաներին ծանոթացրին Ս. Թարգմանչաց տոնի մանրամասներին: Մասնակիցների կողմից ներկայացվածին իր խոսքը հավելեց նաեւ կիրակնօրյայի ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանցյանը՝ նշելով որ նմանատիպ հանդիսությունների օգնությամբ մանուկների հոգիներում դրոշմվում են հայկազյան ազնիվ ցեղին պատկանելու եւ հայորդու ոգուն բնորոշ նվիրական շատ զգացումներ, իսկ մենք՝ ուսուցիչներս, պարտավոր ենք շարունակել մեծ Վարդապետների գործը՝ լինելով արժանի հետեւորդները Ոսկեդարյան մեր սուրբ հայրերի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները