Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

արձյալ վերադառնանք Ավետարանին: «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 39): Աստվածասիրության մեծագույն պատվիրանից հետո, իբրեւ հաջորդ կարեւորագույն պատվիրան, ինչից «կախված են օրենքն ու մարգարեները», Հիսուս ներկայացնում է ընկերոջը (որ նշանակում է թե` մերձավորին, ազգակցին, հայրենակցին) դարձյալ անպայմանավոր սիրելու անհրաժեշտությունը: «Պիտի սիրես՝ ինչպես քո անձը»:

«Եվ չկա մեկը, որ ինքն իրեն ատի»,- ասում է Պողոս Առաքյալը (Եփես. Ե 29): Ուրեմն՝ որքան բնական եւ հասկանալի է սեփական անձի նկատմամբ սերն ու գուրգուրանքը, նույնքան բնական, հասկանալի եւ անօտարելի պետք է լինի «ընկերոջ» նկատմամբ սերը: Հակառակ դեպքում ինքնասիրության բնական վիճակն այլանդակ եսասիրության կվերածվի:

Հիսուսի կողմից այս երկու պատվիրաններից բխող եզրակացությունն առավել քան հստակ է: Եսասերը չունի ո՛չ Աստված, ո՛չ հայրենիք, ո՛չ ազգ. իր անձից բացի, չունի ոչինչ:

Եսասերը չի կարող սիրել Աստծուն, չի էլ ցանկանում հավատալ Նրա գոյությանը, քանի որ Նա խոչընդոտ է՝ իր անձնակենտրոն եսասիրությանը հագուրդ տալու մեջ: Աստված խանգարում է եսասերին` սեփական անձը տիեզերքի կենտրոն համարելու համար, ուստի իր սեփական անձից կարեւոր որեւէ մեկը չի կարող լինել եւ չպետք է լինի: Հետեւաբար՝ եսասերի գերագույն երազանքն է, որպեսզի Աստված գոյություն չունենա:

Եսասերը չի կարող սիրել հայրենիքը, քանզի հայրենիքը զոհաբերություն է պահանջում, ինչին անընդունակ եւ անպատրաստ է եսասերը: Եսասերի «հայրենասիրությունը» հայրենիքին չի ծառայում, այլ սեփական անձին: Եսասերի համար հայրենիքն իր սեփական ունեցվածքն է սոսկ, որ միմիայն իրեն է ծառայում: Եսասերի համար հայրենական ժառանգությունն անհրաժեշտ է, որպեսզի նա Ե դարի եկեղեցու կամ որեւէ մեկ այլ շինության վրա մեխով փորագրի, այսպես թե այնպես մոռացության դատապարտվելիք, իր սին անունը:

Եսասերը չի կարող սիրել ազգը, քանզի ագը ծառայություն է պահանջում, ինչը երբեք եսասերի սրտով չէ: Եսասերի կարծիքով ազգը պետք է ծառայի իրեն, եւ ազգը շնորհակալ պետք է լինի իր նման «մեծությանը»՝ ազգային հավաքականության մեջ ընդունելու հնարավորության համար: Եսասերի համար ազգն արժեք ունի սոսկ այն պատճառով, որ ինքը պատահաբար այդ ազգին է պատկանում:

Այդ իսկ պատճառով եսասերը շատ հեշտությամբ է փոխում ե՛ւ իր Աստծուն, ե՛ւ իր հայրենիքը, ե՛ւ իր ազգը: Կարծում եմ, այստեղ հասանք ազգասիրության և ազգայնամոլության հոգեբանական սահմանին: Եսասերը չի կարող լինել ազգասեր, սակայն նա հեշտությամբ կարող է լինել ազգայնամոլ: Ազգասերը սիրում է սեփական ազգը, սակայն չի արհամարհում եւ չի ատում մյուս ազգերին: Ազգայնամոլը ոչ թե սիրում է իր ազգը, այլ պարզապես ատում է մյուսներին: Ո՞րն է այդ ատելության պատճառը: Իր ազգը բարձր է մյուս ազգերից, քանզի «ինքը» հենց այդ ազգին է պատկանում: Այդ փաստն արդեն իսկ բավարար է եսասերի համար, որպեսզի նա ատի մյուս ազգերին: Սեփական անձի բացառիկության զգացումը եսասերը պատճենում է այն հավաքականության վրա, որին փորձում է պատկանել:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները