Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ ՄԱՏԹԵՈՍԻ,
ՄԱՐԿՈՍԻ, ՂՈՒԿԱՍԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ՄԻՔԱՅԵԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
(ԱՅԺՄ՝ ԱՐՔԵՊՍ.) ՔԱՐՈԶԸ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵՈՒՄ 1993-ԻՆ

«Եվ նրան զորություն տվեց ամեն ինչ անելու»։

յսօրվա խորհրդում առկա խոսքերը Սուրբ Հայրերի ընթերցվածից են, Իմաստության գրքից, որ երկուական գիրք է համարվում։ Ընդունվում է Հայ Եկեղեցու կողմից, Սուրբ Հոգով ներշնչված գիրք է, սակայն ավելի էական է՝ Հին Կտակարանի մյուս գրքերի հետ համեմատած։

«Իշխանություն տվեց նրանց ամեն ինչ ունենալու»։ Իմաստության գիրքը խոսում է Ադամի՝ առաջին մարդ իրողության մասին։ Արարված անդրանիկ մարդը՝ Ադամը, իր ամբողջական պատկերով, զորություն ուներ եւ ուներ ամեն ինչ։ Խորհելով առաջին առեղծվածի շուրջ՝ տեսնում ենք, որ ստեղծվում է խոսքն առաջին մարդու հետ մեկտեղ։ Որպեսզի լույս ճառագեր, իմաստությունը մարմնացավ, դարձավ նոր Ադամ, եւ խոսքը նույնպես ունեցավ զորություն։ Այս խորհուրդն առաջինն Արարչից սկսվեց եւ ավարտվեց երկրորդ Ադամով։ Սա մեզ է հասել Ավետարանիչներից փոխանցված ճշմարտությամբ։ Քրիստոս՝ Աստծո Որդին, խաչվեց, թաղվեց, համբարձվեց։ Պատմության մեջ նոր հիմք դրվեց ապաշխարության, ինչը երկու հազարամյակ առաջ է փոխանցվել մեզ՝ սուրբ մարդկանց կողմից։

Հայոց Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ավետարանիչների՝ իր չորս սյոուների հիշատակը։ Շատ անձնավորություններ են փորձել նկարագրել Հիսուս Քրիստոսի կյանքը։ Հավիտենական պատգամի մասին Սուրբ Եկեղեցին չորսին է ընդունում։ Սուրբ Հոգու ներկայությունը դրա համար է, որ հիշեն Սուրբ մարդկանց գործունեությունն ու կյանքը։ Յուրաքանչյուր անձնավորություն, անհատ կրում է իր անհատական վերաբերմունքն Աստծո Որդու խորհրդի նկատմամբ։ Բոլոր չորսն էլ միասին Աստվածային ներշնչմամբ, Հիսուս Քրիստոսով էին առաջնորդվում։ Մատթեոս Ավետարանիչը բոլոր Ավետարաններում հիշվում է տասներկու առաքյալների կողքին։ Նա մաքսավոր էր, երբ Հիսուս Քրիստոս կանչեց նրան։ Մաքսավորն արհամարված, անհարգի մարդ էր համարվում ժողովրդի կողմից։ Հրեական իշխանության կրողն էր։ Ստիպում էր հրեաներին՝ հավաքել հռոմեացիներին տրվելիք հարկը։ Մաքսավորը համարվում էր դավաճան, վատ համբավ ունեցող։

Հիսուս Քրիստոս եկավ ոչ թե արդարների, այլ անարդարների համար։ Մաքսավորներից մեկին առաքյալի կարգավիճակ տրվեց։ Մատթեոսը դարձավ առաքյալներից մեկը։ Ավետարանական գործունեությամբ, իր գրչով մշտապես պատգամեց, թե Աստծո Որդին նույն Մեսիան է, որ սպասվում էր Հին Կտակարանի մարգարեների կողմնց։ Նա գրեց հրեաների համար։ Հարյուրավոր տարիներով սպասվող ՄԵսիան եկել էր եւ իրողություն դարձել։ Մատթեոս Ավետարանիչը բազմաթիվ մեջբերումներ ունի Հին Կտակարանից, որոնցով հաստատում է, թե Հիսուս Քրիստոս Իր լրումն ունեցավ։ Մատթեոսը մարդեղության խորհրդի վրա ապացուցեց, որ Աստված է Աստծուց, լույս՝ լույսից, մարդացավ, աներեւույթ դարձավ։ Ավետարանչի համար ընդունվում է հրեշտակի կամ մարդու պատկերը։

Հիշենք Եզեկիել մարգարեի տեսիլքը, որ ներկայացնում է մարդեղության խորհուրդը։

Երկրորդ Ավետարանիչը Մարկոսն է, ում անունը նշանակում է առյուծ։ Առյուծի նման հայտնում է այն միտքը, որ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է։ Աստծո Որդու մասին այս գաղափարը, կարմիր թելի նման, անցնում է նրա գրվածքում։ Նա էր բերելու մշտական իրավունքը, որ ունենք երկու հազար տարի: Մարկոսն է հիշեցնում, որ մարդացածն Աստծո Որդին է։ Մարկոս Ավետարանիչը տասներկու առաքյալներից չէ, այլ եկեղեցական յոթանասուներկուսից մեկը։ Սակայն նա ընդհանուր յոթանասուներկուսի մեջ չի մտնում իր գործունեությամբ, որովհետեւ մշտապես գործակցում էր Պողոսի հետ Հռոմում. վերջինիս մշտական զինակիցն էր։ Նրա գրած Ավետարանը ժամանակագրական առումով առաջինն է, որովհետեւ շուտ է գրվել։ Մարկոսը գրել է հեթանոսների համար, հռոմեական լեզվով, եւ առկա են փոքրիկ տարբերություններ՝ մյուս Ավետարանների հետ համեմատած։

Ղուկասի Ավետարանը Քրիստոսի խորհրդի մի այլ բացահայտման միջոց է։ Նա ցույց է տալիս պատարագվող Հիսուս Քրիստոսին։ Ղուկասը, Սուրբ Հոգու թելադրությամբ, հաստատում է Քրիստոսի պատարագվելու խորհուրդը։ Աստված ուղարկեց Իր Միածնին՝ փրկելու աշխարհը։ Ավետարանիչն այս գաղափարին է հասնում՝ խաչի վրա Հիսուս Քրիստոսի արյան հեղման պատկերմամբ։ Ավետարանչի մոտ երեւում է խաչի խորհուրդը՝ Գողգոթայի վրա բարձրացված։ Ղուկասը մանրամասնորեն, գրական ձեւով ուշադրության է արժանացնում Քրիստոսի կյանքի վերջին դրվագները։ Յուրահատուկ է խաչելության խորհրդին Ղուկասի մոտեցման ձեւը։ Ղուկաս անվան խորհուրդը եզի նշանն է, որը պատարագի զոհաբերությունն է։ Հին Կտակարանում այն ողջակեզի խորհուրդն է։ Ահա թե ինչու է օգտագործում այս խորհրդանիշը։ Հին Կտակարանում ողջակեզ էին անում կենդանուն, իսկ Նոր Կտակարանում Աստված Ինքը պատարագվեց։ Համեմատությունները որոշ տարբերություն ունեն, բայց ընդհանուր մոտեցումը մեկն է՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդը։

Քանի որ երեք Ավետարանիչներն օգտվել են միեւնույն աղբյուրից, ուստի, պատմական առումով, նրանց գործերը միասին են դրվում եւ կոչվում են համատես Ավետարաններ։

Հովհաննեսը զարգացած անձնավորություն էր, ծանոթ հունափիլիսոփայական գիտություններին։ Նրա Ավետարանը գրվել է առաջին դարի վերջում։ Ժամանակաշրջանի առումով, որոշ շարժերի ետեւում, ցույց է տալիս մարդացած Քրիստոսի ի սկզբանե խոսքը, այսինքն՝ Անստեղծ խոսքը։ Նախ հոգու մտքով ընկալենք այս խորհրդի ըմբռնումը, քանի որ Սուրբ Հոգու շնորհիվ ունենք Հովհաննես Ավետարանչի խոսքը։ Մեր ձեռքերը Հովհաննեսի օգնությամբ «շոշափեցին» կենաց խոսքը։ Հովհաննու Ավետարանը հագեցած է ամենահոգեւոր նորությամբ։ Առաջին դարից սկսած՝ Ավետարանը յուրատեսակ են ընկալում։ Նա մյուս երեքի նպատակը չի ունեցել։ Այս Ավետարանը տարբեր միջավայրի, մտքի արդյունք է։

Չորս Ավետարանները մեկ ամբողջություն չեն, մեկը մյուսից տարբերվում է։ Սակայն չորսն էլ մեկը մյուսին չեն հակասում, այլ լրացնում են՝ Աստվածային խորհրդի տեսանկյունից։ Կարեւորն այն է, որ թելադրողը Սուրբ Հոգին է։ Մարդու միտքը որոշակի հարցի պատասխան է ակնկալում, թե Հիսուս ի՞նչ առաքելություն ուներ։ Ամեն մի Ավետարան չէր կարող սպառել հարցը։ Ավետարանչի յուրահատուկ խնդիրը հանգեցնում է մի համոզման, թե այս ամենը գրվեց, որ ճանաչենք Հիսուս Քրիստոսին, որ հավիտենական կյանք ունենանք։ Չորս Ավետարանիչներն այն չորս սյուներն են, որոնց վրա հիմնվեց գմբեթը։ Աստծո շնորհն ենք խնդրում՝ ի դեմս չորսի։ Ճշմարտության փոխանցման համար Սուրբ Հոգին ներշնչեց այս Ավետարանիչներին։ Կոթողներ ստեղծելու հնարավորություններ տվեց։ Սուրբ Հոգու դռնով մտածենք, այլ ոչ թե խելքից բխած հարցադրումներ անենք։ Ավետարանները Սուրբ Հոգու ներշնչման արդյունքն են։ Եթե մեր մեջ չի գործում Սուրբ Հոգին, մոտենանք Ավետարաններին եւ վերադառնանք Եկեղեցու հայրերին, պարփակված հավիտենական ճշմարտությանը։

Աղոթք ուղղենք առ Աստված, չորս սյուներին՝ Ավետարանիչներին, խնդրենք, որպեսզի նրանց միջնորդությամբ ծագեցնի Սուրբ Հոգու շնորհը մեր հոգում, որ Սուրբ Հոգին թեւածի մեր Եկեղեցու վրա, ուր մշտապես կհնչեն չորս Ավետարանիչների մշտամնա խոսքերը։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները