Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

«ՈՐ ԼՈՒՍԱՓԱՅԼ ԾԱԳՄԱՄԲ ՀՐԱՇԱՓԱՌԱՊԷՍ ՄԵԶ ՑՈՒՑԱՒ
Ի ՅՕԳՆՈՒԹԻՒՆ ԸՆԴԴԷՄ ԹՇՆԱՄՒՈՅՆ …»
ՆՇՎԵՑ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ

«Որ Դատաւորդ ես ծածկելոց գիտող, այսօր ի հողոց դատապարտեալ՝ բարձար ի խաչ եւ լեղեաւ կերակրեցար յաղագս անկելոյն ի ճաշակմանէ մահաբեր պտղոյն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Խաչը ոչ միայն Հիսուսի խաչելության գործիքն է, այլ նաեւ խորհրդանիշը քրիստոնեության, Քրիստոսի քարոզած բոլոր վսեմ սկզբունքների ու աստվածային ճշմարտությունների: Այն ոչ միայն մեր փրկության մեծագույն զենքն է, այլ նաեւ սիմվոլը քառյակ առաքինությունների: Քառաթեւ Ս. Խաչը ներկայացնում է չորս խորհուրդներ՝ Աստծո զորությունը, Աստվածային սերն ու զոհաբերությունը, նվիրում եւ ծառայություն, քանզի նրա վրա Աստծո Միածին Որդին զոհաբերեց Իր անբիծ կյանքը՝ աշխարհի փրկության համար, տառապանք, համբերություն ու պարտականություն եւ հաղթություն ու փրկություն: Այս կերպ Հիսուս հաղթեց աշխարհին ու սատանային եւ ազատագրեց մարդկությունը մեղքի կապանքներից: Քրիստոս ուսուցանեց մեզ, որ Խաչի տառապանքի մեջ են հաղթությունն ու երջանկությունը: Խաչի անուրանալի զորության գիտակցությամբ է, որ մեր սուրբ հայրերը, եկեղեցական տոներ սահմանելիս, խաչի տոները առանձին խմբում դասեցին: Ի տարբերություն կենարար Ս. Նշանին նվիրված մյուս երեք տոների՝ Վարագա Սուրբ Խաչն ազգային է:

ԵՐԵՎՈՒՄՆ Ս. ԽԱՉԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ

Ըստ էության այն նմանվում է Ս. Խաչի երեւմանը, սակայն մի տարբերությամբ, որ այս անգամ Սուրբ Խաչի նշանը երեւում է ոչ թե Երուսաղեմի, այլ Վանի շրջանի բարձունքների վրա:

Սրբազան ավանդության համաձայն՝ երբ Հռիփսիմյանց կույսերն անցնում են Վարագա լեռան մոտով, Սուրբ Հռիփսիմեն այստեղ է պահում Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որ կրում էր իր պարանոցին: Հատկանշական է, որ մասունքը բուն Խաչափայտից անջատված այն հատվածն էր, որի վրա կաթացել էր Տիրոջ փրկարար Ս. Արյունը, այսինքն՝ «մածեալ արեամբն Քրիստոսի»: Սակայն վերջիններիս մահից հետո մասունքի տեղն անհայտ է մնում:

7-րդ դարում Վարագա լեռը ճգնելու վայր ընտրած Թոդիկ ճգնավորը, իր աշակերտ Հովելի հետ, մեծ փափագով ամեն օր աղոթում էր Աստծուն՝ Նրանից խնդրելով ցույց տալ Քրիստոսի խաչի մասունքի գտնվելու վայրը: Եվ մի գիշեր երկնքում երեւում է խաչանիշ մի լույս, որը, տասներկու լուսեղեն սյուներով շրջապատված, մտնում է եկեղեցի եւ կանգ առնում Ս. Սեղանի վրա: Երկու ճգնավորները շտապում են եկեղեցի եւ Ս. Սեղանի վրա գտնում թանկագին Ս. Նշանը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքը:

1655 թվականին այն տարվում է Վան եւ զետեղվում Սուրբ Տիրամայր եկեղեցում, որը հետո վերանվանվում է Սուրբ Նշան: Ներսես Գ Շինող Հայրապետը հոկտեմբերի մեջ սահմանում է Վարագա Խաչի տոնը, եւ, տեսիլքով հոգեզմայլ, հորինում «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ» հոյակապ շարականը: Հայոց Հայրապետը, ոչ միայն տնօրինում է խաչերեւույթի ամենամյա տոնախմբությունը, այլեւ միաժամանակ թելադրում մեկշաբաթյա պահեցողություն:

Ի ԴԵՊ

Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ, Վարագա Ս. Խաչի զորությամբ, անբուժելի հիվանդությունը կասեցվել է: Իսկ Ագաթանգեղոսի վկայությամբ հայոց երկնակամարում լուսեղեն Սուրբ Խաչը տեսիլքով մինչ այդ հայտնվել էր Ս. Գրիգոր Լուսավորչին՝ Միածնի Էջքի հայտնի տեսիլքի ժամանակ: Նաեւ Մովսես Խորենացին է վկայում, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի հուղարկավորության ժամանակ այն երեւում է Վաղարշապատից մինչեւ Օշական:

Հավելենք նաեւ, որ արդեն մեկ դար լքված ու ավերված է Վարագավանքը, շրջակայքը ցեխի մեջ կորած: Թուրքերը վանքի բակում վերջին տարիներին մինարեթ էին կառուցել: Ականատեսներն ասում են, թե Վարագա սառնորակ աղբյուրի ջուրն էր, կարծես, միայն նույնը մնացել:

Վարագա նշանավոր վանքը մինչ այսօր չի դադարում նվիրական սրբավայր մնալ: Քրիստոսի հետ կապված բոլոր առարկաները սուրբ ու նվիրական են քրիստոնյաներիս համար, ունեն սրբող, բժշկող եւ պահպանող յուրահատուկ զորություն, քանզի «բազմիցս խաչվելով չէ, որ խաչակից ենք Քրիստոսին, այլ որովհետեւ հարություն ենք առել, մահը կյանքով ենք ոտնակոխել եւ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի օրինակով ամոթապարտ թողել մեզ խաչողներին» (Գարեգին Բ Կաթողիկոս):

Սեպտեմբերի 29-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները