Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀՎԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

եպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Ս. Պատարագի սրբազան արարողությանը: Օրվա պատարագիչն էր Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրմի առջեւ, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ երանաշնորհ Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով:

Հոգեհանգստյան կարգին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ինչպես նաեւ տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ եւ լուսահոգի Հայրապետի ազգականները:

Մինչ հոգեհանգստյան կարգը՝ ներկաներին հիշատակի խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաեւ շատ պատվաբեր է այսօր Գարեգին Ա Վեհափառին հիշել ոչ միայն որպես ՀՀ նախագահ, այլեւ նրա բարեկամ: Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ: Գնահատականը, գնահատանքը տրվել է եւ տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ եւ մեր ժողովրդի կողմից, որ մինչեւ այսօր գնահատանքով ու սիրով է լցված Գարեգին Ա Վեհափառի նկատմամբ: Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել: Կարող եմ ասել, որ իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել: Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին, Լոնդոնում էի որպես դեսպան, եւ Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասն ստացա նրանից՝ Պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին: …Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի: Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից: … Նա մեծ հայ էր, մեծ մարդ եւ հսկայական հետք է թողել: Վեհափառը կա եւ ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ: Ապրում է իմ ընտանիքի եւ ինձ հետ», - ի մասնավորի նշեց ՀՀ նախագահը:

Սրտի խոսք ասաց նաեւ իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ վերհիշելով իր հանդիպումներն ու անցկացրած ժամանակը լուսահոգի Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ:

Երանաշնորհ Հայրապետի հոգու խաղաղության եւ հանգստության համար վերառաքված աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին:

Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանածներին երանաշնորհ Հայրապետի շիրմի շուրջ համախմբել է նրա նկատմամբ ունեցած սերը, անձի հմայքը եւ այն քաղցր հիշողությունները, որ ներկաներից յուրաքանչյուրը կրում է իր հոգում: «Եթե փորձենք բնորոշել լուսահոգի Հայրապետի անձը, նրա կերպարն ու վաստակը, կարծում եմ, այդ ամենը կարող է խտանալ երեք բնորոշումների մեջ՝ աստվածսիրություն, հայրենասիրություն եւ եկեղեցասիրություն:

Լուսահոգի Հայրապետն իր ողջ կյանքի ընթացքում քարոզիչը եղավ այս երեք հիմնարար արժեքների: Իր հմայիչ եւ ազդու խոսքով նա այս արժեքներն ամրագրում էր յուրաքանչյուր հայ հավատացյալի հոգուց ներս: Իր խոսքի ուժականությամբ նա, իբրեւ բարի սերմնացան, նպաստում էր, որպեսզի այդ հունդերը, այդ երեք արժեքները ծլարձակեն յուրաքանչյուր հայորդու հոգում եւ, արդյունավորվելով, բարի պտուղներ բերեն: Ահա, այդ ծլարձակած սերմերն են, այդ սերմերի արդյունքն է, որ համախմբել է այսօր ամենքիս այստեղ իր հիշատակի շուրջ: Ես վստահ եմ, որ Գարեգին երանաշնորհ Հայրապետի անձը պիտի շարունակի իր լուսավոր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում եւ ժամանակների մեջ», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ լուսահոգի Հայրապետի ցանկությունն էր տեսնել հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ կրթյալ, բարձր գիտակցության տեր հայորդու, որովհետեւ միայն այդ արժեքները կրող անհատը պիտի կարողանա իրականացնել լուսավոր, հզոր, բարօր ու բարեշեն հայրենիքի երազը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել իրագործել Հայրապետի պատգամը, որպեսզի մեր ժողովրդի ապագան լինի պայծառ, եւ հայրենիքն ապրի խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ:

Վերջում տեղի ունեցավ ընդունելություն:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները