Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

«ՍՈՒՐԲ ԽԱՉԻՒՍ ԱՂԱՉԵՍՑՈՒՔ ԶՏԷՐ,
ԶԻ ՍՈՎԱՒ ՓՐԿԵՍՑԷ ԶՄԵԶ Ի ՄԵՂԱՑ…»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Որ զանարատ բազուկս Քո ի Խաչին տարածեցեր Քրիստոս Աստուած եւ նշան յաղթութեան ետուր մեզ, սովաւ զկեանս մեր պահեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

արին չորս անգամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Խաչի՝ աշխարհի փրկության մեծագույն խորհրդանիշի տոնը: Խորհրդանշաններ կան, որոնք դարերի ընթացքում ներառում են ընդարձակ ու համապարփակ գաղափարներ: Այդպիսին է նաեւ Ս. Խաչը: Աստված մեր փրկության համար ընտրեց Խաչի նշանը, որպեսզի հետագայում ցույց տա Քրիստոսի Խաչելության խորհուրդը: Քրիստոս այդ կապն արտահայտում է՝ ասելով. «Ինչպես Մովսես օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու որդին պիտի բարձրանա, որպեսզի ով նայի Նրան, փրկվի»:

Իսկ Եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին գրում է. «Երբ պատսպարվում ենք Խաչով, այսինքն՝ թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, եւ հենվում, այսինքն՝ սրտով հաստատվում նրա վրա, երեք տեսակ բարիք ենք ստանում՝ իմաստություն, զորություն անմահություն, եւ հասկանում ենք, որ նրա վրա Խաչվածը Աստված է անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար»: Նաեւ Խաչն աստվածային սիրո նշանակ է: Ինչպես Աստված անմնացորդ սիրեց աշխարհն Իր Որդու միջոցով, «որպեսզի ով Նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16), նույն կերպ եւ մենք այսօր պարտավոր ենք մեր ունեցածից Աստծուն, հայրենիքին ու Եկեղեցուն բաժին հանել, որպեսզի մենք էլ մեր խաչը բարձրացնենք՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը բաժնեկից ու մասնակից լինելու համար:

Լուսապայծառ Ս. Խաչի բարձրացումը խորհրդանշում է Քրիստոնեական Եկեղեցու հրաշափառ հաղթանակը խավարի դեմ: Խաչի գերահրաշ փառքից զարհուրելով՝ դողացին սանդարամետականների խմբերը, քանզի նայեցին եւ Խաչի վրա տեսան Աստծո Որդուն՝ ճշմարտապես մարդացած ու բազուկները խաչափայտին գամած: Հիսուս Խաչ բարձրացավ, վերացավ՝ ի տես, նաեւ ի հեճուկս այս աշխարհի: Խաչի վրա Հորը մատուցեց հավիտենական պատարագ, որով մեզ ազատեց մեղքերի բեռից՝ Իր վրա կրելով դրանց ողջ ծանրությունը:

Քրիստոսով սկզբնավորվում է նոր արարչությունը, նորոգվում է ադամական ապականված բնությունը: Եվ ինչպես Ադամով բոլոր մարդիկ դարձան մեղավոր ու մահկանացու, այնպես էլ Քրիստոսով՝ Նոր Ադամով, սրբվեցին մեղքերից՝ ունենալով հարության հույսը:

Արդ՝ «ինրպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես եւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. ԺԵ 21-22): Այս մեծ եւ ահեղ խորհրդի առիթով Ս. Գրիգոր Նարեկացին գրում է. «Դու, որ մարմնացար մեզ պես ու մեզ համար, որպեսզի մեզ էլ դարձնես Քեզ պես ու Քեզ համար»:

Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, թեեւ մյուս եկեղեցիներն այն հիշատակում են սեպտեմբերի 14-ին, քանի որ համաքրիստոնեական բնույթ ունի:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՆՇԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին՝ տոնի ուրախ առիթով, կենդանացավ Ս. Նշան եկեղեցին, որպեսզի ի կատար ածի ուխտի եկած մեծաթիվ հավատացյալների նվիրական երազանքը, իղձն ու փափագը: Այս ամենի երեւելի դրսեւորումը եղավ մատուցված ուխտի Սուրբ Պատարագը: Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:

Ս. Նշանում օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց՝ մեկնելով համապատսախան Սուրբգրային ընթերցվածն ու տոնի նշանակությունը: Սուրբ Պատարագի ընթացքում Ս. Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ եւ ուխտավորներ:

Սրբազան արարողակարգին մասնակցում էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Վերջում, հենց Ս. Նշան եկեղեցու բակում, խաչքավոր Հովհաննես Ասատրյանի եւ հավատացյալների նախաձեռնությամբ, կատարվեց մատաղօրհնություն:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ

Համաձայն Հայոց Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան տեղի ունեցավ Խաչվերացի թափոր եւ անդաստան: Առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ, հոգեւորականաց դասը, շարականների երգեցողությամբ Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց, ռեհանի անուշաբույր թփերով ու ծաղիկներով զարդարված, Ս. Խաչը եւ առաջնորդվեց դեպի Վարդանանց հրապարակ:

Հենց այստեղ, ի տես եւ ի ներկայություն մեծաթիվ հավատացյալների ու տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների, կատարվեց անդաստան: Թափորապետ Սրբազան Հայրը, բարձրացնելով Սուրբ Խաչը, օրհնեց երկրի չորս ծագերը եւ, յուրաքանչյուր կողմում կանգ առնելով, օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո կատարվեց երեկոյան ժամերգություն: Վերջում Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ս. Խաչվերացի ուրախ տոնի առթիվ, ապա Ս. Խաչը զարդարող ծաղիկներն ու ռեհանի թփերը բաժանվեցին հավատացյալներին:

Հարկ է նշել, նաեւ որ Ս. Խաչը ռեհանի թփերով են զարդարում ի հիշատակ Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինե թագուհու գյուտի: Երբ նա աղբակույտից վեր բարձրացնել տվեց Տիրոջ Խաչափայտը, այն ծածկված էր ռեհանի թփերով:

Ի ԴԵՊ

Որպեսզի Քրիստոսի Ս. Խաչը, պարսկական գերությունից ետ վերադարձնելուց հետո, այլեւս վտանգի չենթարկվի, որոշվեց մանր կտորների վերածել եւ բաժանել Քրիստոնեական բոլոր Եկեղեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցուն տրված Խաչափայտի մասունքը պահվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում՝ Իջման Սուրբ Սեղանի վրա: Այն երկնային օրհնություն է հայ ժողովրդի համար:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 16-ին՝ առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները