Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՁՈՒՆ

սում են՝ ուխտագնացությունը երկրային ճամփորդություն է առ Աստված՝ միջնորդավորված սրբավայրերով:

Հուլիսի 21-ին Սուրբ Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ, Ռիմա Բարինյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ուխտավորաբար եղան Տաշիրի տարածաշրջանի Մեծավանում գտնվող Ս. Հովհաննես եւ Ս. Գրիգոր եկեղեցիներում, իրենց հավատքի մոմերը վառեցին եւ միասնական աղոթք առաքեցին առ Աստված՝ համայն հայության համար:

Երկրորդ ուխտատեղին Օձունն էր, որ գտնվում է Գուգարաց թեմում: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ Գ արքան, մոտավորապես 303-313 թթ.: Օծել է այն Սուրբ Գրիգոր Լուսվորիչը: Հին եկեղեցին եղել է միանավ բազիլիկ, ունեցել ավելի փոքր չափեր եւ երկրաշարժից խոնահվել V դարում: Քանդված եկեղեցու մոտ 25 հարթաքանդակներ VI դարում օգտագործվել են՝ ներկայիս եկեղեցին կառուցելիս:

Այժմ դրանք իրենց հնությամբ ու գեղեցկությամբ զարդարում են աղոթատունը եւ համաշխարհային արժեք ներկայացնում: Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը եւ այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ օծել: Ըստ ավանդության՝ հենց օծել բառից էլ առաջացել է գյուղի Օձուն անվանումը: VIII դարում վերակառուցվել է Հովհաննես Իմաստասեր Օձնեցու կողմից՝ Սրբի անունով:

Այստեղ եւս յուրաքանչյուրն իր անձնական աղոթքը հղեց առ Աստված եւ հայցեց Սրբի բարեխոսությունը: Հաջորդ եւ վերջին հանգրվանը Արդվի գյուղն էր, ուր գտնվում է Օձնեցու գերեզմանը՝ ամփոփված փոքրիկ մատուռում:

Ինչպես իր ողջ կյանքում է համեստ կենցաղ ունեցել, նույնպես համեստ գերեզմանում է ննջում մեծ Հայրապետը: Ուխտավորները Սրբի շիրմի մոտ ծնկի եկան եւ իրենց աղոթքը հղեցին առ Աստված: Ապա եղան այն վայրում, ուր Օձնեցին կատարել է իր հրաշագործություններից մեկը:

Ավանդազրույցը պատմում է, որ Արդվի գյուղում Սուրբ Պատարագ մատուցելիս մի վիշապ մոտակա լեռից մեծ աղմուկով ներքեւ է սողում եւ սկսում բռնել գյուղ տանող ճամփան: Լսելով մարդկանց աղաղակները՝ Հովհան Հայրապետը պատուհանից խաչակնքում է՝ վիշապին տեղում անշարժացնելով: Սրբազան արարողակարգն ավարտելով՝ քահանայապետը ձեռքն է վերցնում Գրիգոր Լուսավորչին Հռոմի Հայրապետի պարգեւած Սեղբեստրոսի Սուրբ Նշանը եւ մյուս ձեռքում գտնվող գավազանով հարվածում վիշապին: Ս. Նշանի զորությամբ եւ Սրբի աղոթքներով վիշապը քարանում է:

Սեւագույն այդ քարաշերտն այժմ էլ առկա է՝ ժայռին հորիզոնական դիրքով կպած: Իսկ գավազանի հարվածի տեղից բուժից ջուր է հոսում: Ուխտավորները խոնարհվեցին Իմաստասերի շիրմին, խնկով ու աղոթքով մասնակից եղան նրա աղոթական ներկայությանը:

Շրջելով սրբավայրերում՝ վերերկրային մի զգացում հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին եւ հոգուդ մեջ Սուրբ Պատարագի լույսն է ճառագում: Ուխտավորները մեծ Սրբի ներկայությունը վայելեցին եւ նրա հրաշագործ զորությունն զգացին իրենց հավատքի եւ, այդ հավատքի արտահայտությունը եղող, սրբազան ուխտագնացության միջոցով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները